Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում կարմիր լույս է վառվում

tourq-amerikyan-haraberoutyounneroum-karmir-louys-e-varvoum

Թուրք-ամերիկյան հարաբերությունները ծանր շրջան են ապրում՝ նախանշելով առավել բարդ սրացումների փուլ: Բանը հասել է այնտեղ, որ ԱՄՆ-ում օրենսդիր մարմնի կողմից կոչեր են հնչում անգամ վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը: Ինչպես գիտենք, Թուրքիան հյուսիսատլանտյան այդ ռազմական դաշինքին միացել էր դրա ստեղծումից 3 տարի անց՝ 1952 թվականին, և այժմ հանդիսանում է դաշինքի անդամ 29 երկրներից մեկը:

Վաշինգտոն – Անկարա հարաբերությունների ճգնաժամը սկսվեց ու սրվեց ռուս-թուրքական ռազմաքաղաքական գործակցությանը զուգահեռ: Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցման գլխավոր պտուղը եղավ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման միլիարդավոր դոլարանոց գործարքը: Կողմերը կնքել են պայմանագիր և նախապատրաստվում են դրա իրականացմանը: Սպասվում է, որ առաջիկա ամիսներին ռուսական արտադրության այդ զինատեսակը արդեն կլինի թուրքական օդուժի զինանոցում:

Չնայած Վաշինգտոնի բոլոր նախազգուշացումներին՝ Անկարան այդպես էլ չհրաժարվեց Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը փաստաթղթավորելուց և պայմանագրի տակ իր ստորագրությունը դնելուց: Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն էին պահանջում, որ Թուրքիան չեղարկի ռուսական S-400 հրթիռային համակարգերի գնման գործարքը, քանի որ դա անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերին և վտանգ է ներկայացնում ամերիկյան F-35 ռազմական օդանավերի համար: Բայց Արևմուտքի բոլոր ջանքերն ապարդյուն անցան. Թուրքիան պաշտոնապես և հրապարակայնորեն քանիցս հայտարարեց ու հաստատեց, որ S-400-ների հարցում հետքայլ չի անելու:

«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ենք կնքել և պատրաստվում ենք հարգել այդ համաձայնագրի դրույթները»,- պնդեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Սկզբնական շրջանում Վաշինգտոնը դիմել էր զուտ նախազգուշացնող հորդորների, այնուհետև անցավ կոշտ հռետորաբանության, իսկ հիմա արդեն անցել է հակազդման ստույգ գործողությունների:

1. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, դադարեցրել է F-35 ռազմական ինքնաթիռների` Թուրքիային մատակարարելու գործընթացի շրջանակներում հարակից սարքավորումների առաքումը: Ընդ որում, խոսքը այնպիսի կարևոր սարքավորումների մասին է, առանց որոնց գործնականում անհնար է դարձնում F-35 օդանավերի սպասարկումը Թուրքիայի կողմից:

2.         ԱՄՆ-ն որոշում է կայացրել դադարեցնել նաև F-35 կործանիչների շահագործման հմտությունները յուրացնելու համար իրականացվող թուրք օդաչուների վերապատրաստումը: Ներկայումս թուրքական բանակը դեռ ի զորու չէ ինքնուրույն կերպով շահագործել դրանք:  Դրա համար թուրք օդաչուները ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում F-35-ով վարժանքներ էին իրականացնում:

3.         ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Հատկանշական է, որ «Մտահոգություններ ԱՄՆ-Թուրքիա դաշինքի վերաբերյալ» անվամբ օրինագիծն ընդունվել է միաձայն։ Այդ օրինագծով ամերիկյան իշխանություններին առաջարկվում է CAATSA օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգերից։

CAATSA - Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին:

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի վերոթվարկյալ գործողությունները: Մասնավորապես, ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծն անվանել է «սպառնալիքների լեզու: Այն, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռ ընդգրկելու են նաև տնտեսական ոլորտը, գրեթե կասկած չկա: Այդ մասին, իհարկե, գիտեն  Անկարայում և ըստ ամենայնի, այնտեղ պատրաստվում են հակազդման պատասխան քայլերի անցնել:

Հայաստանի տարածաշրջանային շահերից, սակայն, բնավ չի բխում թուրք-ամերիկյան այս տեսակ առճակատումը, քանի որ Վաշինգտոնը, նման պատժիչ հարվածներ հասցնելով Անկարային, նրան կմղի դեպի ռուսական և իրանական տիրույթ: Թուրքիան անշուշտ կձգտի խորացնել ու զարգացնել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ: Իսկ դա արդեն նպատակահարմար ու անվտանգ չէ Իրանի հետ բարեկամական և Ռուսաստանի հետ ռազմավարական կապեր ունեցող Հայաստանի համար տարածաշրջանային հետագա գործընթացներում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ