Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Թուրք-սիրիական ուժերի և ռուս-թուրքական շահերի բախում

tourq-siriakan-oujeri-e-rous-tourqakan-saheri-baxoum

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումները նկատելիորեն ինտենսիվ են դարձել: Այդ մասին ստիպում են մտածել թվերը: Մեկ տարում (2018) նրանք շփվել են 25 անգամ, որից 7-ը եղել է հանդիպման, 18-ը՝ հեռախոսազրույցի ձևաչափով: Այսօր  մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում կայացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի այս տարվա 5-րդ հանդիպումը, որին նախորդել էր Անկարայի նախաձեռնությամբ օգոստոսի 23-ին կայացած հեռախոսազրույցը: Էրդողանի այս հապճեպ հեռախոսազանգի, ապա նաև մոսկովյան այցի շարժառիթը Սիրիայի Իդլիբ նահանգում օրերս սրված լարվածությունն է, այլ կերպ ասած՝ թուրք-սիրիական ուժերի և ռուս-թուրքական շահերի բախումն է:

Ի՞նչ է կատարվել Իդլիբում, որ Թուրքիայի նախագահը շտապեց Պուտինի հետ հանդիպման: Բանն այն է, որ Իդլիբի նահանգը և հարակից Համա նահանգը միակ տեղերն են, որտեղ շարունակում է գործել զինված ընդդիմությունը: Դեռ մեկ տարի առաջ Անկարան ու Մոսկվան եկել էին համաձայնության այդ գոտում հրադադարի ռեժիմ պահպանել: Ըստ այդմ՝ այնտեղ տեղակայվել էին ռուսական ու թուրքական ռազմական դիտակետեր: Բայց ինչպես ցույց է տալիս իրերի ընթացքը, այդ հրադադարը բավականին փխրուն է, ու կողմերին չի հաջողվում պահպանել հարաբերական անդորրը: Մասնավորապես թուրքերի կողմից վերահսկվող Խայաթ Թահրիր աշ-Շամ ահաբեկչական խմբավորումն օգոստոսի սկզբից պարբերաբար կրակ է բացում բնակավայրերի վրա, ինչին էլ ի պատասխան ռուսների աջակցությունը վայելող սիրիական կառավարական ուժերը վերսկսեցին տեռորիստների չեզոքացմանն ուղղված ռազմական գործողությունները:

Հընթացս Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծեցին Մաարեթ էլ Նուման - Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ արձագանքեց՝ ասելով, որ Ասադի ուժերը կրակի հետ են խաղում, և Անկարան կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի իր զինվորների անվտանգությունը Սիրիայում: Չավուշօղլուի ակնարկած «ամեն ինչը» ավելի առարկայացրեց նախագահ Էրդողանը, երբ Մանազկերտի ճակատամարտին նվիրված ելույթի ժամանակ հստակ հայտարարեց, որ եթե դիվանագիտական ճանապարհով հարցը չլուծվի, ապա Թուրքիան օդուժ և ցամաքային ուժեր կմտցնի Սիրիայի վերոնշյալ տարածքներ:

Ահա այստեղ է, որ Ասադի տապալմանը ձգտող Անկարան բախվում է ռուսական գործոնի անհաղթահարելիության բարդույթին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իդլիբում շարունակելու են ռմբակոծել Խայաթ Թահրիր աշ-Շամ ահաբեկչական կազմակերպության դիրքերը, եթե սիրիական բանակի վրա շարունակվեն հարձակումներ լինել: Հավելել է, որ այդ մասին ռուսները զգուշացրել են թուրքական կողմին։

Սիրիայում ռազմաքաղաքական սեփական դիրքերի այս անհարամարվետությունը վերացնելու նպատակով էլ Էրդողանը շտապեց բանակցելու Պուտինի հետ: Ակնհայտ է, որ Թուրքիան ուժով չի կարող հարց լուծել Սիրիայում, քանի որ Սիրիայի կառավարության հիմնական ռազմական աջակիցները մնում են Մոսկվան և Իրանը: Ընդ որում Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում, ինչը Անկարայի ախորժակը զսպող թերևս ամենառեալ գործոնն է այս պահին:

Պուտին-Էրդողան հանդիպումից հավանական է սպասել, որ ռուսական SU-57 կործանիչներով հետաքրքրվող Թուրքիան դրանց գնման դիմաց Սիրիայի ապառազմականացված գոտիներիում գործողությունների որոշակի ազատություն կստանա: Համենայն դեպս նախագահների համատեղ մամուլի ասուլիսը ցույց կտա, թե Էրդողանը ինչ տրամադրությամբ կվերադառնա Անկարա: Սիրիայի տարածքում ռազմական օպերացիաներ սկսելու իր ծրագրերը կդնի՞ սեղանին, թե՞ կնետի աղբարկղ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ