Այնպես ապրիր՝ ասես վաղը մեռնելու ես: Այնպես սովորիր՝ ասես ապրելու ես հավիտյան:

Մահաթմա Գանդի

Թուրքիա. անազատ մամուլի ու ազատազրկված լրագրողի երկիր

tourqia-anazat-mamouli-ou-azatazrkvac-lragroxi-erkir

Սկսած 1961 թվականից Թուրքիայում հունվարի 10-ը նշվում է որպես լրագրողների օր: Նախագահ Էրդողանը շտապել է ուղերձ հղել լրագրողներին: Բայց հնչեցրել է այնպիսի մտքեր, որոնք բնավ չեն բնութագրում Թուրքիայում լրագրողական համայնքի ու մամուլի ազատության իրական վիճակը: Ուղերձում նշվում է, որ վերջին մեկուկես տասնամյակում իրականացված բարեփոխումներն իբր նպաստել են թուրքական մամուլի անկախությանը, բազմակարծությանը և առհասարակ համապատասխանությանը ժողովրդավարական չափանիշներին:

Հարկ է նշել, որ այս գնահատականը ոչ թե պարզապես միամիտ սխալ է, այլ՝ լկտի սուտ: Ինչո՞ւ լկտի և ինչո՞ւ սուտ: Որովհետև բանտարկված լրագրողների թվով ռեկորդներ սահմանած ու վերջին 3 տարում այդ ցուցանիշով առաջին հորիզոնականը զբաղեցնող երկրի առաջնորդը պարզապես չէր կարող չիմանալ այդ մասին: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետազոտության արդյունքների մասին, անկասկած, Էրդողանը տեղյակ է, բայց սեփական հանրությանը գերադասում է լկտիաբար ստել:

Գերադասում է լրագրողներին անկողմնակալության ձևական հորդորներ հղել և լրատվամիջոցների անկախ լինելու կարևորության մասին ճառեր կարդալ: Այնինչ բոլորից լավ հենց ինքը գիտի, թե ինչ է պատահում այն լրագրողի կամ լրատվամիջոցի հետ Թուրքիայում, որը փորձում է անկողմնակալության կամ անկախության նշաններ ցույց տալ: Եվ եթե Թուրքիայում որևէ բան հարստացել է բազմազանությամբ, ապա դա կվերաբերի ոչ թե մամուլի բովանդակությանը, այլ ազատ մամուլի դեմ բանեցվող գործիքներին՝ քրեական հոդվածներ, անձնական հաշվեհարդարներ, ֆինանսական ճնշումներ, սննկացումներ և այլն:

Էրդողանի ուղերձի ստահոդ բովանդակությունը լավագույնս մերկացնում են միջազգային իրավապաշտպան կառույցների ուսումնասիրության արդյունքները: Զորօրինակ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության կազմած զեկույցի համաձայն` Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով 2018 թվականին 180 երկրների շարքում զբաղեցրել է 157-րդ տեղը: Իսկ ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների՝ 2018թ. ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան առաջին տեղում է:

Հունվարի 10-ը Թուրքիայում պաշտոնապես անվանվում է «գործող լրագրողների օր»: Թուրքիայի լրագրողական համայնքն ահազանգում է, որ գործազրկության մակարդակը լրագրության ոլորտում կազմում է շուրջ 30 տոկոս: Բանտարկված ու գործազուրկ լրագրողների խիստ բարձր ցուցանիշները հաշվի առնելով՝ միանշանակ կարելի է պնդել, որ հունվարի 10-ը ավելի իրական պատկեր կարտացոլի, եթե կոչվի ոչ թե «գործող լրագրողների օր», այլ «գործազուրկ և բանտարկյալ լրագրողների օր»: Ըստ «Թուրքիայի լրագրողների արհմիության» տվյալների՝ այժմ այդ երկրում կալանավորված է 144 լրագրող և շուրջ 30.000 լրագրողից գործազուրկ է ավելի քան 10.000-ը:

Էրդողանի ղեկավարած ու գովերգած Թուրքիայում լրագրողական համայնքը շարունակում է մնալ ճնշումներով թիրախավորված: Թուրքիայում աշխատող լրագրողը շարունակում է մնալ ձերբակալվելու ռիսկին ենթարկված: Լրագրողներին ուղղված սպառնալիքների նկատմամբ տիրում է թողտվության և անպատժելիության համատարած մթնլորոտ: Այս մասին բազմիցս նշվել է նաև եվրոպական զեկույցներում, բայց իրավիճակը տարեցտարի միմիայն վատթարացել է:

Ահա թե ինչու է լրագրությամբ զբաղվելը Թուրքիայում գրեթե հավասար դարձել կյանքի համար վտանգավոր քաջագործությանը:

Մխիթար Նազարյան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ