Թուրքիա. հայ էմիգրանտների անապահով կյանքն ու անորոշ ապագան

tourqia-hay-emigrantneri-anapahov-kyanqn-ou-anoros-apagan

Թուրքիայում աշխատանք ու ապրուստ փնտրող հայաստանցի հայերը փորձում են լուծել իրենց գոյության ու գործունեության համար անհրաժեշտ սոցիալական խնդիրներ: Բայց այդ սոցիալիզացիան ընթանում է ոչ այնքան հեշտ ու ոչ այնքան անվտանգ, որքան ասենք կարող էր լինել այլ ազգություն ու դավանանք ունեցող ներգաղթյալների պարագայում:

Հայ լինելու, առավել ևս Հայաստանից լինելու հանգամանքը մշտական վտանգի պես ուղեկցում է նրանց ու զրկում ապահով զգալու հանգստությունից: Այսպես ուրեմն՝ ներթուրքական միջավայրում նրանք նախ հայտնվում են Թուրքիայի հատուկ ծառայությունների ուշադրության տակ և ենթարկվում հատուկ նշանակության ուժերի գործակալական ազդեցության ռիսկերին: Սա առաջին հերթին մտահոգիչ հարց է ՀՀ-ի պետանվտանգության տեսանկյունից, քանի որ սոցիալապես խոցելի խավի քաղաքացիները սովորաբար հեշտ խոցելի են օտարերկրյա հատուկ ծառայությունների համար:

Բացի այդ Թուրքիայում բնակվելու մեկնած հայաստանցիները ուզեն-չուզեն աչքի փուշ և կենդանի թիրախ են դառնում ազգային ու կրոնական տարատեսակ ծայրահեղական խմբերի համար: Հատկապես երբ ինչ-ինչ միջադեպերի հետևանքով բորբոքվում են ռասիստական տրամադրություններ, ատելության կրակագծում անմիջապես հայտնվում են նաև հայերը՝ իրենց հայ լինելու, քրիստոնյա լինելու ու Հայաստանից լինելու պատճառով:

Հայատյացության տրամադրությունները ժամանակ առ ժամանակ սնվում են պետության առաջին դեմքերի հռետորաբանությունից: Երբ օրինակ, Էրդողանը սպառնալիքով հայտարարում է, թե կարող է Թուրքիայից Հայաստան վտարել ապօրինի էմիգրանտ հայերին, դա արդեն ամենաբարձր մակարդակի ազդակ է՝ հղված հայատյաց շրջանակներին, որպեսզի վերջիններս չշեղվեն իրենց ուղուց ու շարունակեն «հայերի որսը»:

Բացի վերոթվարկյալ անհանգստություններից Թուրքիայում հաստատված հայաստանցի հայերը ունենում են նաև անհարմարություններ: Դրանք վերաբերում են հանրային կյանքի տարբեր ոլորտներին, ինչպես օրինակ հանրակրթությանը: Հայկական ներգաղթյալ ընտանիքների երեխաների համար հատկապես բարդ է ուսման հարցը: Ճիշտ է, նրանց մի մասը մասնավոր կրթական հաստատությունների կառավարման ոլորտում 2012թ. կատարված փոփոխություններից հետո կարողանում է որպես հյուր-աշակերտ մասնակցել Ստամբուլի հայկական դպրոցների դասերին, բայց պաշտոնապես չեն գրանցվում այդ դպրոցներում և հետևաբար դիպլոմ էլ չեն ստանում։

Ստամբուլի «Բիլգի» համալսարանի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնը և «Հրանտ Դինք» հիմնադրամը համատեղ կազմել են զեկույց Թուրքիայում բնակվող հայաստանցի միգրանտների մասին։ Անցկացված հարցումներից պարզվել է, որ 12-ից 18 տարեկան երեխաների 81%-ը Հայաստանում է ծնվել։ 8-ից 18 տարեկան տարիքային խմբի երեխաները բացի տնային գործերից ընտանիքին օգնելու նպատակով հիմնականում ներգրավված են տարբեր աշխատանքներում տարբեր գործատուների մոտ։ Բնականաբար և դժբախտաբար, հայ երեխաները որպես էժան աշխատուժ են շահագործվում:

Զեկույցի մեջ նշվում է նաև, որ Թուրքիայում բնակվող հայաստանցի միգրանտների թվի մասին հստակ տվյալներ չկան։ Մեդիադաշտում շրջանառվում են թվաքանակի մասին տարբեր տվյալներ՝ 10 հազարից մինչև 70 հազար, սակայն իրական թիվը, բայց ըստ վերոհիշյալ զեկույցի՝ նրանց թիվը 15-20 հազարի սահմաններում է։

Այդուհանդերձ, փաստ է, որ հազարավոր մեր հայրենակիցներ Թուրքիայում ապրում են անապահով կյանքով ու անորոշ ապագայով: Հայաստանի Հանրապետությունում այս խնդրի ու դրա հետևանքների խորապես գիտակցման անհրաժեշտություն կա: Պետական ու ոչ պետական համալիր գործողությունների կարիք է զգացվում, որպեսզի կասեցվի, կանխվի ՀՀ քաղաքացիների վերաբնակումը Թուրքիայում: Կանխելը շատ ավելի իրատեսական է, քան Թուրքիայի տարածքում նրանց խնդիրները լուծելը, քանի որ մեր ու նրանց միջպետական հարաբերությունները, դիվանագիտական կապերը պարզապես զրո են:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ