Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Թուրքիա. տարածաշրջանի չարորակ ուռուցքը

tourqia-taracasrjani-carorak-ouroucqe

Լրանում է 8-րդ օրը, ինչ Թուրքիան հյուսիս-արևելքից հարձակվել է Սիրիայի վրա: Ներխուժելով հարևան պետության ցամաքային ու օդային տարածքներ՝ թուրքական զինուժն անկասկած խորացրել է հումանիտար աղետը տարածաշրջանում: Եվ դեռ շարունակում է: Կարող է թվալ, թե խնդիրը բովանդակային առումով զուտ թուրք-քրդական բնույթ ունի, որը տարածական իմաստով պարզապես առնչվում է Սիրիայի հետ: Բայց ոչ: Իրականում սա նախանշան է ավելի մասշտաբային վտանգի հասունացման: Եթե տարածաշրջանը դիտենք որպես մեկ ամբողջական օրգանիզմ, իսկ Թուրքիան՝ որևէ օրգան-համակարգ, ապա թուրքական ռազմական ագրեսիան համեմատելի է քաղցկեղի պես դարանակալ, դանդաղ հասունացող և միանգամից սրացող դրսևորումներով չարորակ ուռուցքի հետ:

Նախ փորձենք գտնել «ինչ է հիմա անում Թուրքիան» հարցի պատասխանը: Իրական անելիքը, այլ ոչ թե երևակայական կամ քարոզչական երանգավորումները: Քննության առնենք Թուրքիայի գործողությունների գաղափարական հենքը, քարոզչական հիմնավորումները, պաշտոնական բացատրությունները, մի խոսքով՝ նրա հռչակած առաքելության կեղծիքի երկու հիմնական թեզերը՝ փախստականների վերադարձ և ահաբեկչական միջանցք:

Փախստականների վերադարձ

«Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի մեկնարկից առաջ ու հետո Անկարան իր գլխավոր նպատակներից մեկն է հայտարարում անվտանգության գոտու ստեղծումը և սիրիացի փախստականների վերադարձի ապահովումը: Մինդեռ իրականում թուրքական զենքի գործած ավերածությունները Սիրիայի հյուսիս-արևելքում միգրացիոն շարժերի նոր խուճապ են առաջացրել և նոր թափ են հաղորդում փախստականների հոսքերին:

Ահաբեկչական միջանցք

Անկարան իր ռազմագործողության մեկ այլ նպատակ է հռչակել սահմանամերձ գոտիներում ահաբեկչական միջանցքի ձևավորում թույլ չտալը և զինյալ քրդերին որպես տեռորիստներ չեզոքացնելը: Մինչդեռ իրականում Թուրքայի թիրախավորած ուժերը քրդական ինքնապաշտպանական ուժերն են, որոնք երբեք Թուրքիային ուղղված ահաբեկչական ակտեր չեն արել և հանիրավի պիտակավորվում են որպես ահաբեկիչներ: Ընդհակառակը, զինյալ քրդերը թե՛ նախկինում, թե՛ ներկայում կատաղի մարտեր են մղում Սիրիային պատուհասած ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես «Իսլամական պետության» դեմ:

Կեղծ նպատակների վերոնշյալ օրակարգով ինչ է անում Թուրքիան

  • հարձակվում է Սիրիայի վրա,
  • սպառնում է Եվրոպային (փախստականների հարցի շանտաժով)
  • ոչնչացնում է քրդական ուժերին,
  • գնդակահարում է խաղաղ բնակիչներին,
  • արհամարհում է միջազգային հանրության բողոքի ձայնը:

Միջազգային հանրությանը դեմ գնացող, հարևան երկրի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնող և քրդերին կոտորող Թուրքիան արդեն 7 օր կարողանում է թելադրել իր հանցավոր կամքը տարածաշրջանին ու աշխարհին: Եվ այս ամենը անում է այն Թուրքիան, որը դեռևս չունի ատոմային զենք: Չունի զենքը, բայց ունի մտադրություն, որը չի էլ թաքցնում:

Մնում է արդեն պատկերացնել հետագա աղետները, եթե հենց հիմա չկասեցվեն Թուրքիայի սանձարձակությունները: Պատժամիջոցներով հարկ է կոտրել նրա տնտեսության ողնաշարը և կանխել ռազմական հզորացումը: Այլապես ակնհայտ է, որ  եթե մի օր Թուրքիան ձեռքի տակ ունենա ատոմային զենք, ապա որքան անտանելի ու անկառավարելի կդառնա ռեգիոնի համար իր նեոօսմանական և պանիսլամական հակումներով:

Լրահոս

Նմանատիպ նորություններ