Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Թուրքիան «ականներ է դնում» Արևմուտքի հետ հարաբերությունների տակ

tourqian-akanner-e-dnoum-aremoutqi-het-haraberoutyounneri-tak

Թուրքիայի կառավարությունը ինչ-որ անբացատրելի համառությամբ շարունակում է «ականներ դնել» ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ իր հարաբերությունների տակ: Հակաօդային պաշտպանության ռուսական S-400 համակարգերի գնման ռազմատեխնիկական գործարքը դեռ անփորձանք «չմարսած»՝ Անկարան հիմա էլ պայքարի մեկ այլ ճակատ է բացել Արևմուտքի հետ: Պատճառը Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում ապօրինաբար հայտնված թուրքական նավերն են: Դրանք հորատման աշխատանքներ են իրականացնում բնական գազի պաշարներ որոնելու նպատակով:

Դեռևս անցած տարվա աշնանից Թուրքիան հորատիչ նավ էր ուղարկել Կիպրոսի ջրեր: Այս տարի արդեն ևս երկու նավ է ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված: Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ Թուրքիայի այդ քայլը որակել են իբրև ոտնձգություն Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ: Անկարային հասցեագրվել են բազմաթիվ կոչեր և պահանջներ՝ հավատարիմ մնալու միջազգային իրավունքի նորմերին և հարգելու Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը:  Բայց բոլոր այդ կոչերն ու պահանջները որևէ կերպ չեն ազդում թուրքական իշխանությունների անօրինական գործողությունների վրա: Եվ ահա Եվրամիությունը (ԵՄ)  ստիպված եղավ որոշել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, որպեսզի վերջինս դադարեցնի Կիպրոսի ափամերձ ջրերում հորատման աշխատանքները:

Նախատեսվում է, որ Եվրախորհուրդը նվազեցնի 2020թ համար Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը։ Ֆինանսավորումը կնվազեցվի 146մլն եվրոյով։ Միևնույն ժամանակ Եվրոպական ներդրումային բանկին առաջարկվել է վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության պայմանները։

Միջազգային այս կոշտ արձագանքներին Թուրքիան  հակադրվում է ավելի կոշտ և համառ գործողություններով: Մասնավորապես Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարությամբ արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու ԵՄ-ի որոշմանը՝ նշելով, որ Միջերկրական ծովի արևելքում թուրքերը շարունակելու են  հորատման աշխատանքները ու ԵՄ-ի որոշումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ իրենց համար։ Արտգործնախարար Չավուշօղլուն էլ հայտարարում է, որ եթե Թուրքիայի նկատմամբ այդպիսի որոշումներ կայացվեն, ապա Թուրքիան ավելի կակտիվացնի իր գործողությունները ու Միջերկրականի արևելքում գտնվող իրենց 3 նավերի մոտ կուղարկի 4-րդ հորատիչ նավը:

Միջերկրականի արևելքում Թուրքիա-Արևմուտք այս կոշտ դիմակայության  նմանօրինակ ընթացքը խոստանում է սրացումների նոր փուլ, որը սև ամպեր պիտի կուտակի ոչ միայն Թուրքիայի գլխին, այլև ռեգիոնալ քաղաքականության վրա:

Բանն այն է, որ Թուրքիան շահարկում է Կիպրոս կղզում ապրող թուրքերի գործոնը և պահանջում ճանաչել հույների հետ նրանց հավասար իրավունքները Միջերկրականի բնական հարուստ պաշարներից օգտվելու հարցում: Միջազգային իրավունքի կոպիտ խախտումով Թուրքիան շարունակում է դեռևս 1974-ից սկսած իր բռնազավթման քաղաքականությունը, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս կղզու հյուսիս և օկուպացրեցին: Միջազգային հանրությունը կարծեք թե հանդուրժեց դա: Եվ ահա հիմա էլ Թուրքիան սկսել է զավթել Կիպրոսի ջրերը ու յուրացնել Միջերկրականի հատակի գազի պաշարները, քանի որ դեռ կղզու տարածքի զավթումից ի վեր իրեն զգում է անպարտելի ու անպատժելի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ