Թուրքիան անվտանգ երկիր է միայն Էրդողանի ու յուրայինների համար

tourqian-anvtang-erkir-e-miayn-erdoxani-ou-yourayinneri-hamar

Թուրքիայում գնդակահարվում է Բելառուսի դեսպանատան աշխատակիցը:  Ավելի վաղ էլ գնդակահարվել էր Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: Էլ չենք հաշվում լինչի դատաստանի մարմաջով բորբոքված ամբոխի բազմաթիվ հարձակումները ամերիկյան դեսպանատան վրա, որոնք բարեբախտաբար դժբախտ ավարտ չեն ունեցել: Այս բոլորը եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին: Ու ոչ մի առիթ չկա հավատալու, որ նորից չեն լինի նման բաներ:

Ի տարբերություն ռուս դեսպանի` բելառուսցի դիվանագետը ողջ է մնացել, թեև բժիշկների գնահատմամբ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Դեռ հարց է կապրի, թե ոչ: Իսկ Թուրքիայի նախագահը ողջ-առողջ, առոք-փառոք իր արձակուրդն է վայելում: Օրը վերջանում է, բայց դեռ չի էլ դատապարտել բելառուսցի դիվանագետի վրա կատարված հարձակումը: Տպավորություն է, թե Թուրքիայում իրենց ապահով ու անվտանգ կարող են զգալ մեծ հաշվով միայն Էրդողանը և իրեն շրջապատողները: Մնացածները՝ կլինեն շարքային քաղաքացիներ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, թե օտարերկրացի դիվանագետներ, ըստ էության, զրկված են ապահովությունից ու անվտանգությունից:

Հայաստանի քաղաքացին կարող է Ստամբուլում ապրելիս իր տան մեջ ենթարկվել հարձակման ու դանակահարման, իսկ հանցագործները մինչ օրս չհայտնաբերվեն ու չպատժվեն: Իրաքաբնակ քրդերը Թուրքիայում կարող են մի կերպ փրկվել գազազած ամբոխի ինքնադատաստանից, ինչ է թե իրենց երկրի դրոշն են պարզել ու իրենց «Քուրդիստան» երկրի անունը տվել: Էլ չենք խոսում սեփական քաղաքացիների «որսի» մասին: Գյուլենականների հետ կապ ունենալու անվան տակ մասսայաբար հետապնդվում ու հալածվում են Թուրքիայի քաղաքացիները պետական ու ոչ պետական գրեթե բոլոր կառույցներում: Կիպրական խնդրի սրացման ներկայիս պայմաններում էլ Թուրքիայում գտնվելը հավանաբար վտանգաշատ է դառնում Հունաստանի ու Կիպրոսի հույների համար:

Նկատենք նաև, որ Թուրքիայում իրենց ապահով բնավ չեն կարողանում զգալ անգամ փախստականները՝ սկսած իրենց իրավունքների ոտնահարումից մինչև ֆիզիկական գոյությանը սպառնացող հալածանքները: Տարաբախտ փախստականները ապաստան փնտրելու արդյունքում դժոխք են գտնում Թուրքիայում: Նրանք պաշտպանված չեն մահացու վտանգից հենց թուրքական սահմանից սկսած: Օրինակ՝ սիրիացի փախստականների գնդակահարությունները թուրք-սիրիական սահմանի վրա տևում են արդեն մի քանի տարի, ու ամբողջը փաստագրված է իրավապաշտպան կառույցների կողմից: Մի խոսքով, փախստականների իրավունքները Թուրքիայում շատ հեռու են կյանքի իրավունքի բոլոր նորմերից:

Ամերիկաբնակ սիրիացի ծաղրանկարիչն իր վրձնով լավագույնս ցույց է տալիս փախստականների իրական ողբալի վիճակը Թուրքիայում: Ծաղրանկարիչն այդ կերպ իր բողոքն է հայտնել փախստականների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության հանդեպ։ Ըստ այդ ծաղրանկարի՝ Թուրքիայի դրոշում առկա կիսալուսինը ներկայացվում է որպես հոշոտող երախ, որից մի կերպ փորձում են փախչել մարդիկ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ