Թուրքիան ատելության բարիկադների վրա

tourqian-ateloutyan-barikadneri-vra

Ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուան 1830թ. ստեղծել է մի կտավ, որը լայն ճանաչում ունի աշխարհում և կոչվում է «Ազատությունը բարիկադների վրա»: Թուրքիայում, իհարկե, չկա Դելակրուա, չկա ազատություն, բայց կան բարիկադներ՝ «ատելության բարիկադներ»: Այս պետությունը, ինչպես գիտենք,  ձևավորվել է խլելու, խոշտանգելու, մերժելու, արյուն թափելու և վերջապես ատելու միջոցով: Այն շարունակում է մնալ ատելության բարիկադների երկիր, որտեղ այլալեզու և այլադավան խմբերի հետ համակեցության կանոններն ատելի ու անտանելի են: Տպագիր հրատարակությունների և էլեկտրոնային մամուլի կողմից Թուրքիայում շարունակաբար քարոզվում է ատելություն ազգային և կրոնական հողի վրա ու դրսևորվում բացահայտ խտրականություն:

Անհանդուրժողականության մթնոլորտը Թուրքիայում հրահանգվում և հովանավորվում է պետական ամենաբարձր օղակներից, քանի որ մշտապես ունի հետևողական բնույթ և մշտական տեղ է զբաղեցնում քաղաքական գործիչների, բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունում: Խոսքի ազատությունը բացակա է, մամուլի ճնշող մեծամասնությունը վերահսկվում է իշխանության կողմից: Այս պարագայում ակնհայտ է, որ թուրքական լրատվամիջոցները պարզապես կատարում են ատելության խոսքի պետպատվեր: Որպես ապացույց՝ դիտարկենք ամենից թարմ տվյալները: 2018թ թուրքական մամուլում առնվազն 4839 հոդված է հրապարակվել՝ ուղղված տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ։ Այս մասին հայտնի է դարձել Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի կատարած ուսումնասիրության արդյունքում։ Պարզվել է, որ ատելության խոսքի կիզակետում ամենաշատը թիրախավորվում են հրեաները և հայերը: Մասնավորապես հրեաների դեմ 1 տարվա ընթացքում մամուլում հրապարակվել է ատելության խոսք պարունակող 1133 լրատվանյութ: Իսկ հայերի դեմ ատելություն քարոզող հրապարակումների թիվը կազմել է 973:

Եթե այս թիվը բաժանենք տարվա օրերի վրա, ապա ստացվում է, որ ամեն աստծո օր 2-ից 3 անգամ հայերի հանդեպ ատելություն բորբոքող նյութ է հրապարակվում: Այլ կերպ ասած՝ ժամանակակից Թուրքիայում ատելության խոսքը քարոզվում է ամենօրյա ռեժիմով:

Չափազանց մտահոգիչ է հատկապես այն փաստը, որ ատելության խոսք պարունակող հրապարակումների գրեթե 40 տոկոսը լսարանին է հասնում ազգային խոշոր լրատվամիջոցներից, իսկ 60 տոկոսը՝ տարբեր նահանգների ու քաղաքների տեղական մամուլից։ Վստահաբար այս ամենը չի արվում պետական մարմինների անգիտությամբ: Պետք է կարծել, որ ատելության խոսքի տարածումը մշակված կոնկրետ քաղաքականության կոնկրետ դետալ է: Ընդ որում ատելության հետևողական քարոզը չի սահմանափակվում հրեաներով ու հայերով: Թիրախավորվում են նաև հույները, սիրիացի փախստականները, առհասարակ քրիստոնյաները: Ի դեպ, տարեցտարի մամուլում ատելության խոսքը սրվում է քրիստոնեական տոների ժամանակ: Իսկ հայերի վրա ատելության սլաքներն ուղղվում են հատկապես Հայոց ցեղասպանությանը և Խոջալուի դեպքերին առնչվող թեմաների ժամանակ:

Թուրքական իշխանությունների լրատվական այս քաղաքականությունը, ատելության մթնոլորտի միտումնավոր շիկացումը տրորում են այն շանսի ծիլերը, թե իշխանափոխությունից կամ նույնիսկ սերնդափոխությունից հետո հնարավոր կլինի հայերի ու Հայաստանի հետ առողջ երկխոսություն ծավալել, որովհետև ատելության մշակույթը Թուրքիայում շարունակում է մնալ որպես ժառանգություն նախորդներից և որպես կտակ՝ հաջորդներին: Ցավոք, այդպես է: Ահավասիկ, Էրդողանի վարչակազմը 17 տարի շարունակ կառուցողական մթնոլորտ ձևավորելու փոխարեն կառուցում է ատելության բարիկադներ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ