Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Թուրքիան ձգտում է զինաթափել քրդերին և քրդաթափել Սիրիան

tourqian-cgtoum-e-zinatapel-qrderin-e-qrdatapel-sirian

Օրերս Անկարայում կայացավ առերևույթ եռակողմ, իսկ աներևույթ քառակողմ ձևաչափով գագաթնաժողովային հանդիպումը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների միջև։ Ո՞վ էր չորրորդ կողմը, որն անուղղակիորեն ներգրավված էր այդ գագաթնաժողովի օրակարգում։ Հարցի պատասխանը հարկ է փնտրել Անկարայի գագաթնաժողովի նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչների՝ Դամասկոսում կայացած հանդիպման մեջ։ Ակնհայտորեն դա արվել է պաշտոնական Դամասկոսի դիրքորոշումները պարզելու և ՌԴ նախագահի միջոցով Անկարայի գագաթնաժողովին ներկայացնելու նպատակով, քանի որ բանակցային օրակարգում Սիրիայի հարցն էր։

 

Անկարայում կայացած հանդիպումը Աստանայի ձևաչափի երկրների՝ նույնն է թե Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավորներ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների 5-րդ գագաթնաժողովն էր։ Սեղանին դրված է եղել սիրիական թեմայի 3 առանցքային ենթահարց՝ կապված Իդլիբում տիրող իրավիճակի և Եփրատից արևելք ընկած տարածքներում անվտանգության գոտու ստեղծման և ՄԱԿ-ի միջնորդությամբ սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծման հետ։ Բոլոր այս հարցերում Թուրքիան ակտիվ խաղացող է և ունի զգալի դերակատարություն, բայց գլխավորը նրա համար թերևս քրդական ուժերի չեզոքացման հարցն է։

 

Նախքան գագաթնաժողովի մեկնարկը Թուրքիայի նախագահ Էրդողանը հաջողել է 2 ժամ առանձին հանդիպում ունենալ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, և մեկուկես ժամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ փակ հանդիպումներից ու կուլիսային զրույցներից առայժմ հստակ ոչինչ հայտնի չէ, բայց հայտնի է նման հանդիպումների նշանակությունը բանակցային գործընթացի և գործողությունների համաձայնեցման համար։ Այդչափ երկարատև առանձնահանդիպումները ենթադրել են տալիս, որ Էրդողանը ձգտել է սիրիական հարցի քրդական գործոնում ձեռք բերել Թեհրանի ու Մոսկվայի համախոհությունը։ Իսկ ինչո՞ւ քրդական, քանի որ Անկարան սիրիական խնդրի առաջին պլանում անընդհատ պահում է զինյալ քրդերի հարցը՝ դա ուղիղ կապելով ոչ միայն Սիրիայի, այլ նաև Թուրքիայի քաղաքական ու անվտանգային շահերի հետ։

 

Պիտի փաստել, որ Անկարային հաջողվել է ձեռք բերել Թեհրանի և Մոսկվայի աջակցությունը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու թուրքական ծրագրին, որը պիտի կյանքի կոչվի թուրք-ամերիկյան գործակցությամբ։ Այդ մասին Էրդողանը հայտարարել է գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

 

Էրդողանի հայտարարությունը, ըստ էության, տագնապի շեփոր պիտի դիտել քրդերի համար, քանի որ Անկարայի նպատակը քրդերին զինաթափելն է, իսկ Սիրիան էլ՝ քրդաթափելը։ Թուրքիային սահմանամերձ սիրիական գոտիներում քրդական զինված ջոկատների առկայությունը Անկարան համարում է խիստ վտանգավոր իրողություն, բայց միջազգային հանրության համար դա ձևակերպում է որպես «ահաբեկչական վտանգ»՝ հագնելով հակաահաբեկչական քարոզի շինծու պատմուճանը։ Ստանալով Իրանի և Ռուսաստանի համաձայնությունը՝ Թուրքիայի «ձեռքերը» ավելի ազատ գործելու հնարավորություն են ստացել Եփրատի արևելքում, մնացել է միայն տեխնիկական որոշ տարաձայնություններ հարթել ԱՄՆ-ի հետ և վերջ։ Վերոհիշյալ տարածքները վերահսկող քրդական ուժերը փաստորեն Անկարայի գագաթնաժողովից հետո կանգնել են լրջագույն մարտահրավերի առաջ՝ բառի ամենաուղիղ և բուն իմաստով։ Իսկ թուրք-սիրիական սահմանին զրահատեխնիկա կուտակող Թուրքիան ավելի առարկայական է դարձնում այդ մարտահրավերը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ