Թուրքիան եւ Ադրբեջանը գնում են իրավիճակի սրացման

tourqian-eu-adrbejane-gnoum-en-iravijaki-sracman

Ապրիլի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրավիրել է կառավարության նիստ: Պաշտոնապես այն նվիրված էր սոցիալ-տնտեսական իրավիճակին` առաջին եռամսյակի արդյունքներով: Կառավարության նիստի ավարտին, սակայն, Ալիեւը քաղաքական հայտարարություն է արել ԼՂ կարգավորման հարցով:

Ըստ այդմ, Ադրբեջանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, եւ <<հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում>>: Ալիեւն ասել է, որ Ադրբեջանի մոտեցումը <<նույնական է միջազգային կառույցների դիրքորոշմանը>>: Միաժամանակ նա ասել է, որ այդ դիրքորոշումը պաշտպանելու համար <<հարկ է հետայսու եւս ամրապնդել տնտեսությունը եւ հզորացնել բանակը>>: Վերջին շեշտադրումը կարեւոր է մայիսի մեկին մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների համատեքստում:

Առաջին անգամ Ադրբեջանի տարածքում տեղի են ունենում Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ` զրահատեխնիկայի, օդուժի եւ հրետանային համակարգերի ներգրավմամբ: <<Ատլաս>> քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Էլխան Շաինօղլուն խոստովանում է, որ զորավարժությունների <<նպատակն է հայկական կողմիн երկյուղ ներշնչել>>: Նրա կարծիքով` Հայաստանը պետք է <<համոզված լինի, որ խնդրի չկարգավորման դեպքում բախվելու է թուրք-ադրբեջանական միասնական ուժին>>:

Ադրբեջանում, ըստ երեւույթին, հասունանում է թուրքական ռազմահենակայան ունենալու անհրաժեշտության գիտակցումը: Խանգարողն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի հնարավոր արձագանքի հանգամանքն է: Ամենայն հավանականությամբ, թուրք-ադրբեջանական դիվանագիտությունն այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ տանում է` Ռուսաստանին համոզելու, որ Ադրբեջանում թուրքական ռազմահենակայանի առկայությունը չի սպառնում տարածաշրջանում ռուսական շահերին: ,,Ատլասի,, տնօրենի գնահատմամբ` ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ Ռուսաստանը <<պատճառ չունի անհանգստանալու Ադրբեջանում թուրքական ռազմահենակայան ստեղծելու հեռանկարից>>:

Այս տեսակետը հնչում է այն ժամանակ, երբ Թուրքիայում է գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ բանակցություններ է վարում երկու երկրների զինված ուժերի հետագա ինտեգրման հարցի շուրջ: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ մոտ ժամանակներս Ադրբեջանը կփորձարկի <<սեփական արտադրության>> լազերային ուղղորդմամբ առաջին ավիառումբը: Ըստ հավաստի տեղեկությունների, դա թուրք-ադրբեջանական համատեղ նախագիծ է: Լազերային ուղղորդման սարքավորումները սովորական, ընդ որում` խորհրդային արտադրության, ավիառումբի վրա տեղադրում է թուրքական կողմը եւ այնուհետեւ մատակարարում Ադրբեջանին: Թուրքիան Ադրբեջանին է մատակարարել սեփական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ <<Քասիրգա>> կոչվող կայանքներ, որոնք արտադրվել են խորհրդա-ռուսական <<Սմերչի>> տեխնոլոգիական չափորոշիչներով: Ակնհայտ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նպատակադրվել են մեծացնել ռազմական բախման սպառնալիքը եւ հետեւողականորեն գնում են իրավիճակի հետագա սրացման:

Ալիեւի հայտարարությունը, որ Ադրբեջանը ԼՂ հարցում դիրքորոշում չի փոխել, ամբողջովին տեղավորվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության տրամաբանության մեջ, եւ փաստացի մարտահրավեր է ոչ միայն հայկական կողմին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որոնք կարգավորման հիմքում դնում են ԼՂ կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով որոշարկելու առաջնահերթությունը:

Ադրբեջանը որոշակի պաուզայից հետո վերստին անցել է միլիտարիստական հռետորաբանության: Հայաստանի հետ պետական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն, գնդակոծվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի հատվածը: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տեղաշրջանում է գտնվել Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը: Ա

Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը, ժամանակային առումով համընկնում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպում կազմակերպելու մասին տեղեկատվական արտահոսքերին, ինչից հետեւում է, որ ադրբեջանական կողմը փաստացի չի ընդունում ԼՂ կարգավորման միջնորդական հայեցակարգը եւ փորձում է ռազմական սրման սպառնալիքով հասնել իր համար ցանկալի մոտեցումների:

ԼՂ խնդիրը քննարկվել է նաեւ Պեկինում Պուտին-Ալիեւ հանդիպմանը: ՌԴ նախագահը վերահաստատել է իր երկրի հանձնառությունը` աջակցելու, որպեսզի կողմերը գտնեն փոխընդունելի լուծում: Փորձագետները համարում են, որ դրանով Ռուսաստանի նախագահը մյուս միջնորդներին հասկանալ է տվել, որ ԼՂ կարգավորման բանակցություններում մտադիր է պահպանել մոդերատորական առաջնությունը: Այս համատեքստում, սակայն, թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանը հույս ունի Արեւմուտքից աջակցություն ստանալ: Չի բացառվում, որ իրավիճակի աստիճանական լարումը մտնում է արեւմտյան միջնորդների աշխարհաքաղաքական շահերի շրջանակ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ