Թուրքիան հպարտանում է հանցագործությամբ, այլ բան չունի

tourqian-hpartanoum-e-hancagorcoutyamb--ayl-ban-couni

Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունը, շնորհավորելով պետության 100-ամյա տարեդարձը, հիշեցրել է, թե օսմանյան լծից ազատվելու փորձերի ժամանակ որքան դառնություններ ու տառապանքներ են ճաշակել:
«Մասնավորապես առաջին աշխարհամարտի ժամանակ լիբանանցիների դեմ օսմանցիների կիրառած պետական տեռորը հանգեցրեց հարյուր հազարավոր զոհերի՝ ներառյալ սովը ու տաժանակիր աշխատանքները»,- ասել է Նաիմ Աունը՝ շեշտելով, որ պատերազմից հետո օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական ազդեցությամբ նոր դարաշրջան բացվեց Լիբանանի առաջ:

Հետևանքը եղավ այն, որ Թուրքիայի իշխանական վերնախավում իրարանցում սկսվեց: Այդ մասին է վկայում 24 ժամվա մեջ Թուրքիայից հնչած 3 պատասխան արձագանքը, նախ Էրդողանի, ապա արտգործնախարարության, այնուհետև կառավարության խոսնակի մակարդակով: Հնարավոր է, որ այդ թիվը դեռ շարունակի աճել: Սա արդեն կոնկրետ ախտանշան է այն բանի, որ Օսմանյան կայսրությունը թեև որպես տարածական միավոր վերացել է քարտեզների վրայից, բայց որպես հոգեբանական բարդույթ մնացել է թուրքական պետության էության մեջ: Պետք է նկատել, թե Թուրքիան առհասարակ որքան սուր հիստերիայով է ընդունում Օսմանյան պետության հասցեին արված արտահայտությունները, եթե դրանք դրվատանքի խոսքեր չեն: Հետևաբար, եթե լրացնելու լինենք Լիբանանի նախագահի խոսքերը, ապա պետական տեռորին պետք է ավելացնել նաև պետական բարդույթը, որն այդքան ակնհայտ երևում է:

Թուրքիայի արտգործնախարարությունը Լիբանանի նախագահին հակադարձում է ահա թե ինչպես. «Թուրքիայի Հանրապետությունն օսմանյան ժառանգության տերն է և դրանից միայն հպարտանություն է զգում»: Ցինիզմը ավելի խորացնելով՝ շարունակում է. «Օսմանյան տիրապետության շրջանը Միջին Արևելքում եղել է կայունության մի երկար ժամանակաշրջան: Դա մի շրջան էր, որի ընթացքում տարբեր կրոններ դավանող և տարբեր լեզուներով խոսող հասարակությունները միասին ապրում էին խաղաղության ու հանդուրժողական մեջ»:
Այստեղ չի լինում չհիշել «դե եկ վարդապետ, մի խելագարվիր» դրվագը: Թուրքիայի ԱԳՆ-ի վերոնշյալ տեքստից կարելի է կարծել, թե Օսմանյան կայսրությունը երկիր դրախտավայր է եղել, որտեղ ժողովուրդների արյուն չի թափվել, որտեղ կրոններ չեն պղծել, մշակույթներ չեն ոչնչացրել, որտեղ քրիստոնյա ընտանիքներից մանկահավաքներ չեն արել ու ենիչերիներ չեն դարձրել: Մինչդեռ լրիվ հակառակն է եղել: Եվ Թուրքիան արնահոտ ու արնագույն սեփական անցյալը ոսկեզօծելու փորձ է անում խայտառակ անամոթությամբ: Եվ սա պետք է դատապարտվի: Ընդ որում ոչ միայն Լիբանանի կողմից: Պետք է մատնացույց անել, որ օսմանյան անցյալով հպարտացող Թուրքիան փաստորեն հպարտանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրագործմամբ, քանի որ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ հենց Թուրքիայի փառաբանած Օսմանյան պետության օրոք:

Ժամանակակից Թուրքիայի պետական վերնախավի մտածելակերպը թերևս աղետալի վիճակում է: Ժողովուրդների կոտորածներով ու հալածանքներով հայտնի օսմանյան ժամանակաշրջանը նրանք համարում են «խաղաղություն ու հանդուրժողականություն», իսկ մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունը կիրառած պետության ամոթալի ժառանգությունը նրանք համարում են հպարտություն: Տարածաշրջանի համար խիստ վտանգավոր երևույթ է, որ նման մարդիկ հայտնվել են պետության ղեկին: 
 

Լրահոս

Նմանատիպ նորություններ