Թուրքիան կարծեց, թե ծովը ծնկներից է

tourqian-karcec--te-cove-cnkeric-e

Կար ժամանակ, երբ Թուրքիայի պաշտոնատար այրերը տարբեր առիթներով տարբեր տեղերում ի լուր ամենքի հայտարարում էին, թե Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի կլինի խոսել սպառնալիքների լեզվով։ Ոչ վաղ անցյալում այդպիսի խոսքեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասցեագրում էր ԱՄՆ-ին, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Եվրոպային։ Ստացվեց այնպես, որ մինչ թուրքական իշխանությունները զբաղված էին իրենց սպառնացողների դեմ ուղղված ակտիվ հռետորաբանությամբ, նույն Եվրոպան և նույն ԱՄՆ-ն սկսեցին Թուրքիայի հետ արդեն պատժամիջոցների լեզվով խոսել։ Ինչու՞ և ինչպե՞ս դա պատահեց։ Օրեցօր ավելի պարզ է դառնում, թե ինչու և ինչպես։

 

Ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործարքի կայացման ու սեփական օդուժի զինանոցը ռուսական զենիթահրթիռային S-400 համակարգերով համալրելու համար Անկարան պատրաստ եղավ զոհաբերել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «խաղաղ արշալույսները»։ Կիպրոսի ջրերում ապօրինի հորատումներով բնական գազի պաշարներ հայտնաբերելու համար Անկարան պատրաստ եղավ զոհաբերել Եվրամիության հետ հարաբերությունների որակը։ Չպետք է կարծել, որ սրանք Անկարայի միամիտ սայթաքումներն էին։ Ամենևին։ Երկու դեպքում էլ գործել է հստակորեն գիտակցված ընտրությունը։ Եվ ահա հիմա Թուրքիան դեմ հանդիման է իր ընտրության հետևանքների մոտալուտությանը։

 

Ըստ Պենտագոնի՝ հուլիսի 31-ից մեկնարկելու է ամերիկյան նոր սերնդի F-35 մարտական օդանավերի արտադրության և մատակարարման ծրագրից Թուրքիային հեռացնելու գործընթացը։ Թուրք օդաչուները, որոնք մինչ այժմ գտնվում էին ԱՄՆ-ում և վերապատրաստում անցնում, հուլիսի 31-ին հրաժեշտ կտան ԱՄՆ-ին։ Ենթադրվում է, որ այդ ծրագրից դուրս մնալու հետևանքով Թուրքիան կկրի մոտ 9 մլրդ դոլարի վնաս։ Թուրքական ընկերությունները F-35-երի համար պետք է արտադրեին 900 անուն մասեր, բայց հիմա այդ գործառույթն արդեն կիրակակացնեն ամերիկյան ընկերությունները։

 

Վաշինգտոնի տևական հորդորներն անտեսելու և ռուսական S-400-ներից այդպես էլ չհրաժարվելու համար Թուրքիան թիրախավորվում է նաև ԱՄՆ-ի Սենատի կողմից։ Հանրապետական սենատորները ներկայացրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ։ Օրինագծում նշվում է, որ Թուրքիայի կողմից S-400-ների գնումը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ-ի անվտանգության համար։ Նույնիսկ պահանջվում է վերանայել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության հարցը  և այդ նպատակով կոչ է արվել հատուկ ժողով գումարել։

 

Թուրքիան առայժմ չունի ամերիկյան ճնշումներին ու պատիժներին արդյունավետորեն դիմագրավելու շոշափելի ռեսուրսներ։ Միայն կարողանում է հակադարձումներ անել F-35-ի փոխարեն ռուսական Ս-57 մարտական օդանավեր գնելու թափանցիկ ակնարկներով։ Իսկ F-35-ի համատեղ արտադրության ծրագրի փոխարեն էլ հայտարարում է, թե կփորձի մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերին։ Որպես այլընտրանք Թուրքիան հույս ունի մասնակցել Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի համատեղ նախագծերին։

 

Ամերիկյան պատժամիջոցների հետևանքների ծանրությունը հաղթահարելուն անընդունակ Թուրքիան դեռ մյուս կողմից էլ ստիպված է դիմակայել եվրոպական պատժամիջոցներին՝ կապված Կիպրոսի տնտեսական գոտում անօրինական հորատումների հետ։ Արդեն դադարեցվել են բանակցություններն օդային փոխադրումների շուրջ և չեղարկվել են ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակով մի շարք խորհրդակցություններ։ Բացի այդ կրճատվելու են Թուրքիային տրամադրվելիք ԵՄ-ի ֆինանսական օգնության ծավալները, իսկ եվրոպական ներդրումային բանկն էլ վերանայելու է իր վարկային գործունեությունը Թուրքիայում։

 

Բոլոր այս պատժամիջոցներն իրենց շղթայական հետևանքներով դեռ լրջագույն հարվածներ են հասցնելու Թուրքիայի տնտեսությանը և գեոքաղաքականությանը։ Եվ այս ամենը զուտ այն պատճառով, որ Էրդողանը հանդգնել էր մտածել, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է հեշտ ու հանգիստ ռուսական հրթիռային համակարգ գնել ու վայելել։ Կամ Եվրամիության անդամ դառնալ ձգտող Թուրքիան կարող է հեշտ ու հանգիստ ներխուժել ԵՄ անդամ երկրի ափամերձ ջրեր ու բնական գազի պաշարներ փնտրել։ Այս ամենը սոսկ այն պատճառով եղավ, որ Թուրքիան կարծեց, թե ծովը ծնկներից է։

Լրահոս

Նմանատիպ նորություններ