Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Թուրքիան քրդերի դեմ կիրառում է զինվորի զենք կամ դատավորի մուրճ

tourqian-qrderi-dem-kiraroum-e-zinvori-zenq-kam-datavori-mourj

Թուրքիայի սահմանադրական դատարանը իր ստեղծումից (1962թ.) մինչև օրս վերջակետ է դրել ավելի քան երկու տասնյակ քաղաքական կուսակցությունների գոյությանը ու գործունեությանը: Տարիներ առաջ այդ դատարանը վճիռ արձակեց լուծարելու քրդական շահերը պաշտպանող «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը: Կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքն էլ զրկեցին պատգամավորի մանդատից:

Դրանով փորձ արվեց ջարդել Թուրքիայի քրդերի քաղաքական պայքարի ողնաշարը: Իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության համար քրդերը նորից հարկադրված եղան ապավինել փողոցային մարտերին և պարտիզանական կռիվներին: Պաշտոնական Անկարային, ճիշտ է, հաջողվեց փակել քրդական կուսակցությունը, բայց չհաջողվեց կասեցնել քրդերի քաղաքական պայքարը: Վերջիններս շուտով գնացին քաղաքական նոր ուժ ստեղծելու ճանապարհով, և կարճ ժամանակ անց ասպարեզ եկավ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ), որը դիրքավորվեց քրդամետ քաղաքականության տիրույթում: Նույնիսկ հաջողեց դառնալ խորհրդարանական ուժ՝ հաղթահարելով անցողիկ շեմը և մուտք գործելով Թուրքիայի մեջլիս:

Այժմ թեև Թուրքիայի սահմանադրական դատարանում չի որոշվում քրդամետ կուսակցության ճակատագիրը, բայց փոխարենը փորձ է արվում գլխատել կուսակցությանը՝ քաղաքական ու քրեական հետապնդումների ենթարկելով ԺԴԿ-ի խարիզմատիկ առաջնորդին՝ Սելահաթթին Դեմիրթաշին: Վերջինս Թուրքիայում քրդամետ քաղաքականության ամենաառանցքային գործիչն է, եթե ոչ քրդերի քաղաքական առաջնորդը: 2014 թվականին կայացած Թուրքիայի նախագահական ընտրություններում Դեմիրթաշը 3 հիմնական թեկնածուներից մեկն էր: Այժմ Դեմիրթաշը Էրդողանի ռեժիմի ջանքերով մեկուսացվել է ակտիվ քաղաքականությունից և շուրջ 2 տարի իր օրերն անցկացնում է Էդիրնեի բանտում: Միամտություն կլինի կարծել, թե քրդական քաղաքականության բանտարկված գործիչների ցուցակը սկսվում և ավարտվում է Դեմիրթաշով: Նրա կուսակից և համախոհ մի շարք գործիչներ ևս հայտնվել են անազատության մեջ ու քրեական հոդվածների ծանրության տակ:

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով Դեմիրթաշին դատապարտել է ազատազրկման 4 տարի և 8 ամիս ժամկետով: «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) թուրքական իշխանությունները համարում են ահաբեկչական կառույց և վերոնշյալ քրեական հոդվածով կալանավորվում են այն քաղաքական գործիչները, որոնք PKK-ի հետ որևէ կերպ առնչություն են ունենում:

Գրողների համաշխարհային միության (PEN) Գերմանիայի կենտրոնը Սելահաթթին Դեմիրթաշին հռչակել է PEN պատվավոր անդամ և թուրքական իրավասու կառույցներին կոչ արել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել նրան: Նշվել է, որ ընդդիմադիր գործչին անազատության մեջ պահելու պատճառը զուտ քաղաքական է և հակասում է խոսքի ազատության սկզբունքին: Բացի այդ Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն է վիճարկել Դեմիրթաշի ձերբակալության իրավաչափությունը և պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում կալանքից ազատել նրան: Բայց թուրքական դատարանը մերժել է Դեմիրթաշի կալանքը վերացնելու եվրադատարանի պահանջը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայատարարել է. «Եվրադատարանի վճիռը մեզ չի պարտավորեցնում: Մենք կանենք մեր պատասխան քայլը և գործը ավարտին կհասցնենք»:

Եվ իրոք, թուրքական իշխանությունները շարունակում են գործը ավարտին հասցնել: Վճռաբեկ դատարանը չի բեկանել Դեմիրթաշի ու նրա կուսակիցների դատավճիռները: Հիմա քրդամետ քաղաքականություն վարող կուսակցությունը Թուրքիայում չեն լուծարում ու փակում, ինչպես նախկինում, այլ գործում են ուրիշ եղանակով. բանտարկում են քաղաքական ուժի վառ դեմքերին՝ փորձելով քրդերին հնարավորինս հեռու պահել քաղաքական պայքարի հնարավորությունից: Այդպիսով Անկարան նպատակ ունի ինքնուրույն մշակել քրդական հարցի լուծման սցենարը: Թուրքիայի ներքին գործերի նախարարն էլ հրապարակում է պաշտոնական տվյալներ, ըստ որոնց՝ վերջին 2 տարում իրենց հաջողվել է վնասազերծել 732 քուրդ զինյալի:

Այս ամենը նշանակում է մի պարզ իրողություն. Անկարան քրդերի դեմ օգտագործում է զինվորի զենքը կամ դատավորի մուրճը: Թեև Թուրքիան Եվրամիությանը ներկայացնում է հայտ ժողովրդավարական պետության, բայց իրականում քուրդ քաղաքական գործիչների համար վերածվում է բանտապետության:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ