Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Թուրքիան քրդերին հռչակել է ահաբեկիչ, իրեն՝ փրկիչ

tourqian-qrderin-hrcakel-e-ahabekic--iren-prkic

Թույլ կասկած անգամ չկա, որ ահաբեկչության թեման Թուրքիան դարձրել է իր ռազմաքաղաքական գործողությունների հենաքարը: Անխնա շահարկում է թեման ու տերմինը: Անընդհատ փորձում է «ահաբեկչության վտանգով»  արդարացնել իր հեղինակած ներքին բռնաճնշումները և արտաքին ագրեսիաները: Ընդ որում երկրի ներսում և երկրից դուրս հիմնական թիրախը քրդերն են՝ զինված, թե անզեն: Զինյալ քրդերի դեմ՝ ռազմական օպերացիաներ և ավերածություն, իսկ անզեն քրդերի դեմ՝ քրեական հետապնդումներ ու քաղբանտարկություն:

Ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Թուրքիան հերթական անգամ ագրեսորի դերում է ու ֆիզիկապես սպառնում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Իր անվտանգային շահերը դրոշակ է դարձրել և ոտնահարում է Սիրիայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Միջազգային իրավունքի պաշտպաններ հանդիսացող աշխարհի ուժային կենտրոններն առայժմ աչք են փակում այս ամենի վրա և խուսափում իրավական գնահատականներ հնչեցնելուց: Հետևանքն էլ այն է, որ Թուրքիան հանդգնեց զորք մտցնել սուվերեն պետության տարածք ու ռազմական մի քանի օպերացիա իրականացնել: «Ձիթենու ճյուղ» և «Եփրատի վահան» օպերացիաները հաջողելուց հետո թուրքական պետությունը ծրագրել և ձեռնամուխ է լինում նոր օպերացիայի, այս անգամ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, որոնք գտնվում են Եփրատից դեպի արևելք:

Հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Թուրքիան զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել սահմանին, այնուհետև դրանք տեղափոխող 110 զրահապատ մեքենաներով ներխուժել Սիրիա: Թուրքական զինուժն ուղղություն է վերցրել դեպի Եփրատ գետի արևելյան հատված, որտեղ պատրաստվում է ռազմական գործողություն սկսել տեղի քուրդ զինյալների դեմ: Թեև պաշտոնապես դեռ որևէ հաստատում չկա, բայց ըստ նախնական տվյալների՝ ռազմագործողությունը կրելու է «Խաղաղության ակունք» անունը: Հարևան երկրի տարածքն օկուպացնելու, արյուն թափելու ու բնակավայրեր ավերելու գործողությունը պիտի անվանեին «խաղաղության ակունք», եթե իհարկե անվանողները թուրքերն են:

Մինչ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն է տարածում, թե տարածաշրջանի կայունության համար անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի և խաղաղության միջանցք, երկրի ընդդիմադիր շրջանակները խստիվ դատապարտում են նոր պատերազմ սկսելու Էրդողանի կառավարության որոշումը:

«Ցավոք, Թուրքիայի կառավարությունը, 8 տարի  միջամտելով Սիրիայի պատերազմին, այդ երկիրը  ամայացրել է։ Այժմ գտնվում ենք նոր պատերազմի շեմին: Ո՞ւմ հողի վրա և ո՞ւմ համար եք ստեղծելու այդ անվտանգության գոտին»,- դժգոհել է ընդդիմադիր պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն: Մեկ այլ ընդդիմադիր գործիչ, քրդամետ կուսակցության համանախագահ Սեզաի Թեմելլին ՄԱԿ-ին ու Եվրամիությանը կոչ է արել կասեցնել Էրդողանի պատերազմական քաղաքականությունը: Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունն էլ Ռուսաստանից խնդրել է օգնության ձեռք մեկնել քրդերին, որոնց դեմ Թուրքիան ռազմական օպերացիա է սկսում: Քրդերին օգնելու կոչով հանդես է եկել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Նիկի Հիլին՝ շեշտելով, որ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում մեծ դեր խաղացած քրդերին հիմա մեծ սխալ կլինի թողնել մահվան վտանգի մեջ: Թեհրանը ևս չի ողջունել Թուրքիայի նոր ռազմական ինտերվենցիան Սիրիա: Արտգործնախարար Ջավադ Զարիֆի շուրթերով հասկացնել է տվել, որ Սիրիայի ինքնիշխանության դեմ գործողությունների միջոցով չէ, որ պիտի ապահովվի Թուրքիայի անվտանգությունը: Եվրամիությունը նույնպես Անկարային կոչ էր արել զերծ մնալ ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց:

Հակառակ այս ամենին՝ թուրքական ցամաքային ստորաբաժանումները հիմա տրորում են սիրիական հողը, իսկ շուտով օդուժն էլ՝ օդային տարածքը: Ակնհայտ է, որ այս քայլով Անկարան կթեժացնի զինված բախումները ռեգիոնում, կվնասի ու կվտանգի խաղաղ բնակչության գոյությունը և տեղահանության աղետով կավելացնի փախստականների հոսքերը:

Քրդերին ահաբեկիչ, իսկ իրեն փրկիչ հայտարարած Թուրքիան իրականում դրսևորում է տեռորիստական պետության, ագրեսորի և օկուպանտի վարքագիծ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ