Թուրքական զգուշացում Չինաստանին

tourqian-zgousacoum-e-cinastanin

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանն այցելել էր Մոլդովա: Այդ ուղեւորությունը, թերեւս, ոչնչով աչքի չընկներ, եթե չլիներ մի նրբերանգ: Բանն այն է, որ Թուրքիայի նախագահը բացի Մոլդովայի մայրաքաղաքում հանդիպումներից, այցելել էր նաեւ Գագաուզիա, որն, ինչպես հայտնի է, Մոլդովայի կազմում թուրքախոս ինքնավարություն է:


Էրդողանը հարկ էր համարել Գագաուզիայի թուրքախոս բնակչությանը հավաստիացնել, որ Թուրքիան մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նրա խնդիրները: Այնուհետեւ Թուրքիայի նախագահը, ինչպես հաճախ է պատահում, անդրադարձել էր թուրքական աշխարհին եւ ասել.


«Մենք 300 միլիոնանոց մեծ ընտանիք ենք՝ Ադրիատիկի ափերից մինչեւ Չինական մեծ պարիսպ»:
Այդ հայտարարությունից անցել է մեկ շաբաթ: Եւ ահա ադրբեջանական մամուլն սկսել է աշխուժորեն արձագանքել Թուրքիայի նախագահին: Ըստ երեւույթին, Չինաստանի հետ Ադրբեջանին չի հաջողվում հարաբերությունների ցանկալի մակարդակի հասնել: Պատճառն, ամենայն հավանականությամ, հայ-չինական բավական կայուն համագործակցությունն է: Իսկ այն երկիրը, որը Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ ունի եւ չի ընդառաջում Բաքվի քմահաճույքներին, Ադրբեջանի համար վերածվում է անցանկալիի: Բայց նման դրսեւորումների համար ինչ-որ առիթ պետք է լինի: Ալիեւյան քարոզչությունը Չինաստանում հայտնագործել է թուրքախոս ույղուրների խնդիրն ու անցել տեղեկատվական գրոհի:


Առանց աղբյուրներ նշելու՝ Բաքվի մամուլը գրում է, որ ույղուրական ինքնավարությունում գործում են «կարգապահական ճամբարներ, որտեղ պահվում են մուսուլմանական ավանդույթների հետեւորդներ, իշխանությունները գաղտնալսում են ույղուրների հեռախոսային խոսակցությունները, վերահսկում ինտերնետային հաղորդակցությունը, Չինաստանում կոմունիստական ինտերնացիոնալիզմին փոխարինելու է եկել ազգային փոքրամասնությունների ձուլման քաղաքականությունը»:


Իսկ հրապարակումներից մեկն ավարտվում է ուղղակի սպառնալիքով: Հեղինակը, հիշեցնելով, որ ժամանակին Չինական մեծ պարիսպն է եղել այդ երկրի հյուսիսային սահմանը, գրում է, որ ույղուրների դեմ «խտրական քաղաքականությունը շարունակելու դեպքում բացառված չէ, որ Սինցզյանը (ույղուրական ինքնավարության կենտրոնը) վերստին վերածվի արտաքին սահմանի»:
Ընդսմին, բաց տեքստով ասվում է, որ Չինաստանի հյուսիսային տարածքները “պատմականորեն կոչվում են Արեւելյան Թուրքեստան»:


Ակնարկն, ինչպես նման դեպքերում են ասում, չափազանց թափանցիկ է: Ուշագրավ է, որ թուրքական աշխարհի սահմանի մասին հայտարարություն արել է Թուրքիայի նախագահը, իսկ հակաչինական հրապարակումներ եւ սպառնալիքներ հնչում են ադրբեջանական կողմից: Սա նշանակում է, որ այդ հարցում Թուրքիան եւ Ադրբեջանը հանդես են գալիս համակարգված քայլերով եւ երկուսով փայփայում են համաթուրքականության երազանքներ: Թիրախում հայտնվել է նաեւ Չինաստանը՝ աշխարհի հզորագույն երկրներից մեկը: Ի՞նչ պատասխան կարելի է սպասել Պեկինից:

Սպասենք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ