Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Թուրքիայի միջուկային զենքի ախորժակը որպես փորձանք

tourqiayi-mijoukayin-zenqi-axorjake-orpes-porcanq

Կար ժամանակ, երբ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից էր, որը միաժամանակ ուներ և՛ արագացուցիչ, և՛ ատոմակայան: Սովետական տարիների մեր գիտատեխնիկական այդ բարձր թռիչքը ցածրում էր թողել Թուրքիային, որը մեր ազգը բնաջնջելու և մեր պետությունը կործանելու դիվային պլանների մեջ էր: Մեծամորի հայկական ատոմակայանի դեմ մշտապես վարկաբեկիչ արշավներ կազմակերպող Թուրքիան այսօր ինքն է ծրագրում ունենալ ատոմային էներգետիկա: Ռուսների աջակցությամբ կառուցվելիք ատոմակայանի ծրագրի մեկնարկը տրվել էր 2018-ին ամենաբարձր մակարդակով՝ Էրդողանի և Պուտինի մասնակցությամբ:

Նկատենք, որ միջուկային համագործակցություն սկզբնավորող այդ գործարքում Թուրքիան չունի ոչ մի ֆինանսական պարտավորություն. շուրջ 20 մլրդ դոլար ներդրումը ամբողջապես ու բացառապես կատարվելու է Ռուսաստանի բյուջեի հաշվին: Այլ կերպ ասած՝ ռուսները թուրքերին պարզապես նվիրում են միջուկային տեխնոլոգիաներ, քանի որ տնտեսական առումով դա շահեկան է միայն Թուրքիայի համար: Հետևաբար, պետք է ենթադրել, որ Ռուսաստանի հետապնդած շահերը նշյալ գործարքում ոչ միայն ու ոչ այնքան տնտեսական են, որքան քաղաքական: Պետք է նկատել նաև, որ Հայաստանի ռազմավարական դաշնակցի աջակցությամբ Թուրքիայում ատոմային էներգետիկայի հիմնումը հայկական շահերի տեսանկյունից խիստ տարակուսելի է, եթե չասենք քննադատության արժանի: Բացի այն, որ միջուկային տեխնոլոգիաների տիրապետումը էապես կբարձրացնի թուրքական պետության միջազգային կարգավիճակը, իրական հնարավորություններ է տալու Թուրքիային միջուկային զենքի ստեղծման համար:

Այս վարկածը մինչ սա կմնար ենթադրությունների ու ռիսկերի տեսության մակարդակում, Էրդողանն իր ռազմաշունչ հայտարարությամբ բոլոր այդ ենթադրությունները վերածեց կոնկրետ սպառնալիքների: Օրերս Սեբաստիայում ելույթ ունենալիս նա քննադատել էր Թուրքիայի նկատմամբ սահմանված միջուկային զենք ստեղծելու արգելքը: Էրդողանն անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, իսկ իր երկիրը չունի: Օրինակ բերելով ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Իսրայելին՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան: Ընդ որում դրանք մեկ հատ չեն, երկու հատ չեն: Իսկ ինչ է, իմ ձեռքում չպե՞տք է լինեն միջուկային մարտագլխկով հրթիռներ, ես դա չեմ ընդունում»:

Սա խիստ վտանգավոր էլեմենտներ պարունակող քաղաքական հայտարարություն է, որը ցույց է տալիս ագրեսիվ ուժի նկատմամբ Թուրքիայի բացահայտ հակվածությունը: Ընդ որում միջուկային զենքի ստեղծման ուղով գնալը ոչ թե զուտ ցանկության արձանագրում էր, այլ գործնական ազդակ, քանի որ Էրդողանն իր մտքերը շարադրելիս հստակ ասաց. «Մենք հիմա անում ենք մեր անելիքը»:

Հաշվի առնելով ատոմակայանի ստեղծման գործընթացը, ռուսների հետ միջուկային համագործակցության առաջընթացը՝ հասկանալի է դառնում, թե որտեղից է գրգռվում միջուկային մարտագլխիկներով հրթիռներ ունենալու Էրդողանի ախորժակը: Դժվար է պնդել՝ արդյո՞ք ռուսները մանրամասն հաշվարկել են, թե ատոմային էներգետիկա ունենալով և միջուկային երկրների շարքն անցնելով՝ Թուրքիան ինչպիսի գործողությունների մեջ կդիմի, և դա որքան ռիսկային կարող է լինել տարածաշրջանի ռազմական բալանսի համար:

Համենայն դեպս դեռ ատոմակայան չունեցած երբ Էրդողանը շտապում է հոխորտալ, թե ինչու իր ձեռքին չպիտի լինի միջուկային զենք, մնում է պատկերացնել, թե ատոմակայան ունենալուց հետո ինչեր դեռ կասի, առավել ևս՝ ինչեր կանի՝ որպես պատուհաս:

Լրահոս

Նմանատիպ նորություններ