Թուրքիայի պատճառով ռեգիոնում նորից հումանիտար աղետ է

tourqiayi-patjarov-regionoum-noric-houmanitar-axet-e

Ավելի քան 100 տարի առաջ անգլիական նավերը չկարողացան անցնել Տավրոսի լեռները, դեմ հանդիման կանգնել թուրքերին և կանխել հայերի կոտորածը։ Հիմա էլ Արևմուտքը չի կարողանում անցնել Եփրատը ու կանխել քրդերի կոտորածը։ Թուրքական ագրեսիայի դեմ միայնակ մնացած սիրիաբնակ քրդերը կրակի տակ ու վտանգի մեջ են։

 

Սիրիայի տարածքում արդեն երրորդ ռազմական օպերացիան պլանավորած և իրագործող Թուրքիան հերթական անգամ հումանիտար աղետի պատճառ է դառնում տարածաշրջանում։ Խաղաղ բնակավայրերի հրետակոծությունները և խաղաղ բնակիչների գնդակահարություններն ամայացնելու են շեն տարածքները, մեծացնելու են փախստականների հոսքերը և ռեգիոնում կայունություն հաստատելու այլոց ջանքերը պարզապես ջուրն են գցելու։ Եվրոպայից առայժմ միայն դատապարտող հայտարարություններ են, ԱՄՆ-ից՝ պատժամիջոցների սպառնալիքներ, իսկ Ռուսաստանից՝ պաղ չեզոքություն։

 

Ահա այն ամենը, ինչն այս պահին ունեն թուրքական օդուժի ու ցամաքային ուժերի կրակի տակ հայտնված և, ըստ էության, միայնակ մնացած քրդերը Սիրիայի հյուսիս-արևելքում։ Նրանք զինված են ամերիկյան զինատեսակներով, նրանք ամենակազմակերպված միավորն են Թուրքիայի, Իրաքի և Իրանի քրդերի համեմատ, ունեն իրենց կանոնավոր զինուժը և լայն հավակնություններ ինքնավարության համար։

 

Առաջին հերթին պետք է այս հանգամանքի մեջ փնտրել Թուրքիայի ագրեսիվության, Իրանի պասիվության, և Սիրիայի չեզոքության պատճառները։ Բաշար Ասադի կառավարությունը, ըստ երևույթին, որոշել է առայժմ չխառնվել մարտական գործողություններին՝ հօգուտ քրդերի կամ թեկուզ հօգուտ սեփական երկրի տարածքային ամբողջականության, որովհետև հարմար առիթ է երկրի հյուսիսը վերահսկող քրդերին թուլացնել ոչ սեփական ձեռքերով ու ռեսուրսներով։ Բացի այդ էլ Անկարան միջազգային հանրության առաջ պարտավորվել է, որ իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիս-արևելքում լինելու է ժամանակավոր։ Կարելի է ենթադրել, որ Դամասկոսի ներկայիս համբերատարությունը հենց այդպիսի հեռահաշվարկ ունի։

 

Թուրքիայի հարձակումը թեև ձևակերպված ու փաթեթավորված է հակաահաբեկչական պայքարի ժապավեններով, բայց խորքում, իհարկե, սիրիացի քրդերի ակտիվ օջախները մարելն է, որպեսզի այդ ծուխը չհասնի Թուրքիայի քրդական զանգվածներին ու չբորբոքի անջատողական տրամադրություններ։ Իրանի պարագայում արարողակարգային դատապարտումից բացի այլ բան չենք տեսնում։ Ռազմական օպերացիայի քննադատության տեքստերում Թեհրանը շեշտադրում է Սիրիայի տարածքային ամբողջականության կարևորությունը՝ ոչ պատահաբար ուշադրությունից դուրս թողնելով քրդական բնակավայրերի ու քուրդ բնակիչների կարևոր հարցերը։

 

Առայժմ միայն Իսրայելն է աջակցելու պատրաստակամություն հայտնել սիրիացի քրդերին, իսկ Իրաքյան Քուրդիստանի կառավարությունն էլ խնդրել է Ռուսաստանին օգնել Եփրատի արևելքում Թուրքիայի հարձակմանը ենթարկված քրդերին։

 

Ընդհանուր առմամբ թուրքերի ռազմական գործողություններին արձագանքած երկրները թուրքական մամուլում բաժանվել են երկու ցանկի՝ արժանանալով «յուրայիններ» և «հակառակորդներ» գնահատականների։ Յուրայիններ են հայտարարվել ռազմական օպերացիային կողմ արտահայտված երկրները՝  Պակիստանը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը, Հունգարիան և Կատարը։ Հակառակորդներ են հայտարարվել դեմ արտահայտվածները՝ Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Եգիպտոսը, Կանադան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը և Հայաստանը։

Լրահոս

Նմանատիպ նորություններ