Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Թուրքիայի շանտաժը Եվրոպային

tourqiayi-santaje-evropayin

Մերձավոր Արևելքում զինված հակամարտությունների թեժացումը, կոնֆլիկտային օջախների բորբոքումը և հատկապես սիրիական ճգնաժամը փախստականների ահռելի հոսքերի պատճառ են դարձել: Տունուտեղ թողած կամ կորցրած մարդիկ զանգվածաբար հեռանում են մերձավորարևելյան պատերազմական գոտիներից դեպի ավելի ապահով վայրեր: Ծովով թե ցամաքով, խեղդվելով թե վերապրելով՝ միայն թե փրկվեն պատերազմի բերած սոսկալի սարսափից: Ու այդպիսով միլիոնավոր փախստականների հարցը միջազգային հանրության օրակարգ մտավ:

Այդ օրակարգի մաս է կազմում նաև Թուրքիան, որը փախստականների խնդրին առնչվում է իր իսկ պետական սահմանին: Եվրամիությունը ֆինանսապես աջակցել և աջակցում է Թուրքիային փախստականներին ընդունելու և ապաստան տալու հարցերում: Այդ կերպ, բնականաբար, Եվրոպան միտք ունի Թուրքիայի միջոցով որոշակիորեն կասեցնել փախստականների ներհոսքը Արևմուտք: Այդ գործարքը ձեռնտու էր Թուրքիային, քանի որ վերջինս ժամանակին անգամ առաջարկեց եվրոպական երկրներում հայտնված անցանկալի փախստականներին վերադարձնել Թուրքիա՝ դրա դիմաց, իհարկե, ստանալով միլիոնավոր դոլարներ: Ընթացքում թուրքական իշխանությունները հաջողացնում էին խորամանկել ու Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների մի մասին (հիմնականում արական սեռին) հարկադրաբար հետ էին ուղարկում Սիրիա՝ չնայած ԵՄ հետ համաձայնության շրջանակում Անկարան պարտավորվել էր այդ փախստականների վերաբնակեցման նորմալ պայմաններ ստեղծել:  

Այլ կերպ ասած՝ փախստականների հարցը Թուրքիան նախկինում դարձրել էր բիզնես-գործիք՝ Եվրոպայից միլիարդներ կորզելու համար: Իսկ հիմա էլ նույն այդ փախստականների հարցը Էրդողանի վարչակազմը դարձրել է ճնշման գործիք՝ միջազգային դիվանագիտությունում իր ռեգիոնալ շահերը ու այդ շահերից բխող գործողություններն առաջ մղելու համար: Էրդողանը շատ բացահայտ և անվարան շանտաժով ու սպառնալիքով դիմեց եվրոպական երկներին՝ հասկացնելով, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը փախստականների հարցում, նրանց կուղարկի Եվրոպա, ու վերջինս կհայտնվի փախստականների մեծ ալիքի առաջ:

«Այս պահին Թուրքիայում կա 3 մլն 650000 սիրիացի փախստական։ Անվտանգության գոտու հետ կապված մեր առաջարկը շատ լավն է։  Ու եթե աջակցելու եք մեզ, ուրեմն աջակցեք, եթե ոչ, դե կներեք, մենք էլ ստիպված կլինենք բացել դարպասները։ Այս բեռը չպիտի միայնակ կրենք»:

Էրդողանի շանտաժը շարունակեց զարգացնել նրա տեղակալը՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը. «Եթե ներգաղթի նոր ալիք սկսվի, ապա Թուրքիան դա կանի։ Թուրքիան ոչ մի երկրի պահակը չէ։ Նրանց համար փախստականների պահեստ չէ։ Թուրքիան այն երկիրը չէ, որը պիտի կրի ուրիշների ստեղծած ճգնաժամերի բեռը»:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածներում, անվտանգության գոտի ստեղծելու հարցը, իսկ իրականում քրդերի զինյալ խմբերին հարվածելու հարցը Անկարան փորձում է լուծել փախստականների թեման շահարկելով և ճնշման գործիքի վերածելով: Չպետք է, իհարկե, կարծել, որ Եվրոպան միամիտ է ու չունի իր հաշվարկները, բայց որ Թուրքիան հետզհետե ավելի հանդուգն ու վերջնագրային է սկսում խոսել Եվրոպայի հետ, երկմտելու տեղիք է տալիս. Եվրոպա՞ն է դիրքերը թուլացրել, թե՞ Թուրքիան ավելի անկառավարելի դարձել: Հավանաբար երկուսը միասին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ