Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Թուրքիայի ղեկավարությունը կբանակցի պատրիարքի այն թեկնածուի հետ, ում կսատարի համայնքի մեծամասնությունը. թուրքագետ

tourqiayi-xekavaroutyoune-kbanakci-patriarqi-ayn-teknacoui-het--oum-ksatari-hamaynqi-mecamasnoutyoune-tourqaget

Պոլսո հայոց պատրաիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կյանքից հեռանալը փաստացի նշանակում է, որ սկսվելու է նոր գործընթաց, որը պետք է ամփոփվի նոր պատրիարքի ընտրությամբ։ Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Պոլսո պատրիարքի ընտրության շուրջ սպասվող ընտրություններին: Գեղամյանը հիշեցրեց, որ մինչև պատրիարք Մութաֆյանի մահը նախնական պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ընտրություններ տեղի չեն ունենա, մինչև պատրիարքը չմահանա։

«Հաշվի առնելով, թե ինչ նշանակություն ունի պատրիարքը և պատրիարքարանի ինստիտուտը Թուրքիայի հայ համայնքի համար, կարող ենք փաստել, որ խոսքը միայն հոգևոր առաջնորդի ընտրության մասին չէ, պատրիարքը տեղի հայության փաստացի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Թուրքիայում։ Հետևաբար, պատրիարքական ընտրությունները կկայանան, իսկ բուն գործընթացը տեղի կունենա Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից հետո՝ ապրիլ ամսին»,- ընդգծեց թուրքագետը։

Հետադարձ հայացք նետելով նախորդ տարիներին պատրիարքի ընտրության շուրջ ծավալված գործընթացներին ու տեղի ունեցած ուշագրավ զարգացումներին՝ մեր զրուցակցի խոսքով, այդ ամենը ցույց տվեցին հետևյալը՝ համայնքում առկա են տարբեր խմբեր կամ բևեռներ, որոնք տարբեր պատկերացում ունեն պատրիարքի պաշտոնում ընտրվելիք անձի մասին։

«Կարծում եմ, համայնքի ներսում եղած այս բաժանումը, ցավոք, դեռևս առկա է։ Ցանկալի կլիներ, որ այն չլիներ, և հայ համայնքը հանդես գար միասնական դիրքորոշմամբ՝ կապ չունի, թե որ թեկնածուի շուրջ: Այնուամենայնիվ, ներհամայնքային համերաշխությունը շատ կարևոր ազդակ կլիներ թուրքական իշխանություններին, որպեսզի վերջիններս հստակ հասկանային, որ համայնքը ընտրում է այս կամ այն թեկնածուին կամ համայնքի թեկնածուն այս մարդն է, հետևաբար ճնշումներ բանեցնելու և ընտրվելիք պատրիարքին իրենցից ավելի մեծ կախման մեջ դնելու համար իշխանությունն ավելի քիչ հնարավորություն կունենար»,- նկատեց Գեղամյանը։ Վերջինս հույս հայտնեց, որ համայնքի ներսում այդ գիտակցումը կլինի, «բայց որևէ մեկը վստահեցնել չի կարող, քանի որ համայնքում տարբեր բևեռների առկայություն կա»։

Գեղամյանի կարծիքով, Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնում կառաջադրվի նաև պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Այն հանգամանքը, թե արդյո՞ք վերջինս կարժանանա երկրի ղեկավարության օժանդակությանը, կախված կլինի նրանից, թե համայնքի ճնշող մեծամասնությունը թեկնածու կունենա, թե ոչ՝ լինի դա Աթեշյանը, թե մեկ այլ հոգևորական: «Վստահ եմ, որ երկրի ղեկավարությունը կսկսի բանակցել այն թեկնածուի հետ, որին կսատարի համայնքի մեծամասնությունը»,- նկատեց թուրքագետը։

Անդրադարձանք նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Մութաֆյան սրբազանի մահվան կապակցությամբ արված արևմտահայերեն ցավակցական գրառման: Մեր զրուցակցի դիտարկմամբ, այն շատ գրագետ կերպով արված քայլ էր՝ մեր տարածաշրջանի մարդկանց տրամադրությունները և աշխարհընկալումը բավական լավ և մոտիկից ճանաչող մարդու քայլ՝ առաջին հերթին քարոզչական առումով։

Գեղամյանի կարծիքով, գրառման առաջնային թիրախը տեղի հայ համայնքն է, որը կարող էր ապահովել անհրաժեշտ այն ձայները, որոնք պետք են ՏԻՄ ընտրություններում առաջադրված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին՝ առաջին հերթին Ստամբուլում։ «Հարցումները ցույց են տալիս, որ թեկնածուները գրեթե հավասար ձայներ ունեն, հետևաբար անգամ փոքրաթիվ հայկական համայնքի ձայները կարող են էական դեր ունենալ»,- նկատեց Վարուժան Գեղամյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ