Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Թուրքիայում ադրբեջանցիները դարձել են գլխացավանք

tourqiayoum-adrbejancinere-darcel-en-glxacavanq

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հերքել է որոշ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի տարածած տեղեկատվությունն այդ երկրից ադրբեջանցիների զանգվածային արտաքսման վերաբերյալ: Դեսպանն, այդուհանդերձ, ընդունել է Թուրքիայից Ադրբեջանի մեկ քաղաքացու արտաքսումը Նախիջևան, ինչպես և այն, որ նման խնդիր իրոք գոյություն ունի և այն համակողմանի քննարկվել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օքթայի՝ երկու օր առաջ Բաքու կատարած այցի ժամանակ: Այն, որ փոխնախագահի մակարդակով Թուրքիան բարձրացրել է խնդիրը պաշտոնական Բաքվի առջև, ավելի շատ հաստատում է խնդրի սրությունը, քան հերքում դրա շուրջ սոցիալական ցանցերում բարձրացված աղմուկը: Վիճակագրական ոչ մի տեղեկություն չկա, թե ներկայումս Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է ապրում Թուրքիայում: Բայց իրականություն է, որ անկախությունից հետո Թուրքիան հարյուր հազարավոր ադրբեջանցիների համար դարձել է փրկության խարիսխ, որտեղ այդ մարդիկ գտել են աշխատանք և տանիք: Դեպի Թուրքիա ադրբեջանցիների զանգվածային արտագաղթ սկսվել է անցյալ դարի 90-ականներին, առավելապես՝ Նախիջևանից, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ Նախիջևանի աշխատունակ բնակչությունը գրեթե ամբողջովին տեղափոխվել է Թուրքիա: Ադրբեջանցիների հոծ խմբեր հատկապես կենտրոնացած են Իգդիրում: Ակնարկներ կան, որ դա թուրք-ադրբեջանական միջպետական համագործակցության ծրագրի մաս է կազմում և նպատակ ունի տեղաշրջանում նվազեցնել քրդական բնակչության ազդեցությունը:

Խոսքը վերաբերում է Հայաստանի հետ սահմանամերձ գոտուն, որտեղ էթնիկ ադրբեջանցիների վերաբնակեցում է իրականացվում: Նախիջևանը շարունակում է մնալ հիմնականում փակ տարածք, որը կառավարվում է ավատատիրական սկզբունքներով: Լրագրողների և օտարերկրյա դիվանագետների համար Նախիջևանը համարվում է արգելված գոտի: Այնտեղից տեղեկություններ չեն կարող հայթայթել նույնիսկ Բաքվի լրատվամիջոցները: Այս իրավիճակում պաշտոնական վիճակագրությունը Նախիջևանի բնակչության թիվ  է նշում 350 000-ը, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դա մի քանի անգամ ուռճացված թիվ է: Իրականում թուրք-ադրբեջանական ծրագիրն այնպիսին է, որ Նախիջևանը պետք է վերածվի ռազմական գոտու: Այնտեղ տեղակայված է Ադրբեջանի զինված ուժերի առանձին համազորային բանակ, իսկ քաղաքացիական բնակչության մեծամասնությունն, ինչպես ասվեց, աշխատանք և կեցավայր է գտել Թուրքիայում:

Դեպի Թուրքիա ադրբեջանցիների արտահոսքն ավելի է մեծացել վիզային ռեժիմը չեղարկելուց հետո: Ադրբեջանցիներն ստացել են առանց մուտքի վիզայի Թուրքիայում 90 օր մնալու արտոնություն: Իրողություն է, որ Թուրքիա անցած ադրբեջանցիների գերակշիռ մեծամասնությունը հայրենիք չի վերադառնում: Նրանք հիմնականում կենտրոնանում են Ստամբուլում, որտեղ միգրացիոն շարժերը դժվար է վերահսկել: Ադրբեջանից Թուրքիա տեղափոխվածների մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդ կանայք: Պաշտոնապես նրանք կատարում են դայակի կամ խնամողի աշխատանք, իրականում՝ զբաղվում կավատությամբ և պոռնկությամբ: Մամուլի հրապարակումներում քիչ չեն տեղեկությունները, երբ այդ կարգի անձանց նկատմամբ Թուրքիայում հարուցվում են քրեական գործեր: Վերջին շրջանում լայն տարածում է գտել երևույթ, երբ երիտասարդ ադրբեջանցի կանայք ամուսնանում են ծեր, բայց ունևոր թուրքերի հետ և այդպիսով ոչ միայն օրինականացնում Թուրքիայում ապրելու իրավունքը, այլև Ադրբեջանում ապրող հարազատներին ցուցաբերում մեծ ֆինանսական օժանդակություն: Այս հողի վրա հաճախ ծագում են կենցաղային սուր վեճեր, որոնք երբեմն ողբերգական ելք են ունենում:

Զանազան աղբյուրների տեղեկացվածությամբ՝ ներկայումս Թուրքիայում լեգալ կամ անլեգալ ձևով բնակվում է մեկ միլիոնից ավելի ադրբեջանցի: Նրանց շարքում առանձնակի խավ են կազմում ադրբեջանցի մեծահարուստները, որոնք նախընտրում են վաստակած գումարները ներդնել Թուրքիայի անշարժ գույքի շուկայում: Ստամբուլում և Անթալիայում կան զուտ ադրբեջանական թաղամասեր: Բայց արտագաղթածների գերակշիռ մեծամասնությունն ապրում և աշխատում է՝ շրջանցելով օրենքները: Թուրքական կառավարությունը, երևում է, որոշել է լրջորեն զբաղվել ադրբեջանցի ներգաղթյալների հարցով: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի համար դա վերածվել է սոցիալական ծանր խնդրի: Թուրքիայի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում: Նվազել են արտասահմանյան ներդրումները: Հետևանքը գործազրկության և առհասարակ աղքատության կտրուկ աճն է: Այս իրավիճակում Էրդողանի կառավարությունն իրոք կարող է կայացնել երկրից ադրբեջանցիներին զանգվածաբար արտաքսելու որոշում՝ սեփական քաղաքացիների համար աշխատանքի նվազագույն պայմաններ ստեղծելու համար: Հոկտեմբերի կեսերին սպասվում է Թուրքիայի նախագահի այցը Բաքու: Ըստ երևույթին, խնդրի շուրջ ավելի հանգամանալից խոսելու հնարավորություն կբացվի դրանից հետո: Մի իրողություն, սակայն, ակնհայտ է՝ Թուրքիան դարձել է իր ադրբեջանամետ քաղաքականության պատանդը և իրավիճակը շտկելու համար նրանից հսկայական ջանքեր են պահանջվելու:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ