Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Թուրքիայում հանգստանալու վտանգը և ամոթը

tourqiayoum-hangstanalou-vtange-e-amote

Թուրքիայում երկրաշարժերի ու ահաբեկչությունների ռիսկերը ներկա դրությամբ բավականին բարձր են։ Այսպիսի եզրակացության համար բրիտանական հետախուզությունը հավանաբար ունի բավականաչափ բազային տվյալներ։ Այդ է պատճառը, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը իր երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիայում առկա վտանգների մասին։ Թուրքիա մեկնել պատրաստվող կամ արդեն Թուրքիայում գտնվող բրիտանացիներին կոչ է արվել 10 կիլոմետրից ավելի չմոտենալ թուրք-սիրիական սահմանին և առհասարակ հեռու մնալ ցույցերի վայրերից, քանի որ թուրքական ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Հատուկ շեշտվել է, որ Թուրքիայում դեռևս առկա է ահաբեկչական տարբեր խմբավորումների կողմից նոր ահաբեկչական գործողություններ կազմակերպելու վտանգը։

 

Ոչ վաղ անցյալում սեփական քաղաքացիներին Թուրքիա մեկնելու ցանկությունից հետ պահելու պաշտոնական հորդորներ հղվել են տարբեր երկրների կողմից։ Անվտանգության նկատառումներով ԱՄՆ-ն, Գերմանիան, Իսրայելը, Իրանը իրենց քաղաքացիներին կոչ էին անում հրաժարվել Թուրքիա մեկնելու մտադրությունից։ Վերջին տարիներին Թուրքիան շարունակում է բազմաթիվ երկրների կողմից համարվել ճամփորդության համար վտանգավոր տուրիստական ուղղություն։

 

Տարեկան ավելի քան 2 մլն բրիտանացի զբոսաշրջիկ ընդունող Թուրքիայի համար բրիտանական իշխանությունների վերոնշյալ նախազգուշական հայտարարությունը, ըստ էության, համարժեք է տնտեսական մի հարվածի, որը կարող է տուրիստական եկամուտների խոշոր կորուստներ բերել։ Թուրքիայի վիճվարչության տվյալներից հայտնի է, որ օտարերկրացի զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը Թուրքիայում միջինում ծախսել է 649 դոլար։

 

Ենթադրելի է, որ մոտավորապես այդ կարգի գումար են ծախսում նաև Հայաստանի քաղաքացիները, որոնք գերադասում են ծովափնյա հանգիստ անցկացնել Թուրքիայում։ Միջերկրական ծովի գրավիչ հանգստավայրերը ու ոչ թանկ գները մեր որոշ հայրենակիցների մղում են դեպի Անթալիայի լողափեր։ Կար ժամանակ, երբ Երևանի փողոցներում նույնիսկ գովազդվում էին Անթալիայի տուրիստական փաթեթները։ Բայց դրանք բողոքի գործողությունների արդյունքում իսպառ վերացվեցին։

 

Հասկանալի է, որ Բրիտանիան, Իսրայելը կամ Գերմանիան երբ իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Թուրքիա, հիմնականում դա անում են անվտանգության նկատառումներով, երբեմն նաև տնտեսական և քաղաքական նպատակներով։ Հայաստանի պարագայում այլ է։ Մեր արտգործնախարարությունը նման նախազգուշացումներով, բնականաբար, հանդես չի գա։ Կարիք չկա, և ֆորմալ առումով նույնիսկ անմիտ կլինի։ Բայց վերոնշյալ երկրներից թերևս ամենաշատ պատճառները հենց Հայաստանն ունի իր քաղաքացիների տուրիստական հոսքը դեպի Թուրքիա դադարեցնելու համար։ Մեզանում դա ուղղակի հանձնված է քաղաքացիների կամքին, խղճին և ազգային գիտակցության նրբանկատությանը։

 

Անգամ մեկ լումա Թուրքիայում ծախսող հայը պիտի իմանա, որ մեկ լումայով ավելացնում է այդ երկրի ռազմարդյունաբերությունը և սպառազինությունը։ Պիտի իմանա, որ Թուրքիայում արտադրվող զենքը վաճառվում է Ադրբեջանին, որը նույն այդ զենքից կրակում է հայ սահմանապահ զինվորի կամ սահմանմերձ գյուղի վրա։ Իզուր կլինի այստեղ արցունքից խոնավ պաթոս փնտրելը, քանի որ սա չոր հաշվարկ է ու չոր փաստ։ Ընդ որում սա հարցի միայն քաղաքական ու տնտեսական կողմն էր։

 

Իսկ ահա բարոյական կողմը ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ, երբ ավերել են տունդ, ավար են վերցրել ունեցվածքդ, թափել են արյունդ, խլել են կյանքդ, հափշտակել են հայրենիքդ, խորտակել են ապագադ, իսկ դու դեռ սիրահոժար փող ես դնում նրանց գրպանը քո հանգստի կամ հաճույքի համար։ Կրկնում եմ՝ հաճույքի համար։

 

Անթալիայում հանգստացող մեր հայրենակիցները, հիմնավորելով իրենց արարքը, հաճախ մատնանշում են թուրքական ապրանքների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում։ Բայց նման համեմատությունը բացարձակ տեղին չէ, քանի որ թուրքերի հետ առևտրով զբաղվող ՀՀ քաղաքացիները դրանով սոցիալական խնդիր են լուծում իրենց ընտանքիների համար, հոգում իրենց հոգսերը, տուն ու երեխա պահում։ Դա արդեն իսկ շնորհակալ գործ է։ Եվ ուրեմն երբեք համեմատելի չեն հաճույքի համար վճարածը և հոգսի համար վաստակածը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ