Թուրքիայում հայերի վրա կատարվում է հոգեբանական հարձակում

tourqiayoum-hayeri-vra-katarvoum-e-hogebanakan-harcakoum

 Թուրքիայի քաղաքացի հանդիսացող, պետբյուջե հարկեր ու տուրքեր վճարող հայերը մեկ էլ տեսնում են, որ նույն այդ պետբյուջեից սնվող գումարներով թուրքական պետական հեռուստաալիքը (TRT) ցուցադրում է հայերի ինքնությունը, ազգային արժանապատվությունը վարկաբեկող հեռուստասերիալ: Վստահաբար նման բաները պատահական լինել չեն կարող: Վստահաբար ո’չ սցենարը, ո’չ սյուժեն, ո’չ էլ առավել ևս պետական հեռուստատեսությամբ հեռարձակման թույլտվությունը չեն եղել միամտաբար: Այստեղ կա հայ մարդուն հեղինակազրկելու, հանրային գիտակցականում ու ենթագիտակցականում հայի կերպարը ատելի դարձնելու չափազանց դավադիր միտում:

Ընդ որում, այդ ամենը տեղի է ունեում ոչ թե, ասենք, օսմանյան, երիտթուրքական կամ քեմալական Թուրքիայում, այլ հենց 21-րդ դարի Թուրքիայում, որը, իբրև թե, հռչակել է դեմոկրատական կուրս ու հայտ ներկայացրել եվրաանդամակցության:

Հայատյացության քարոզը, կարծես թե դարձել է բոլոր ժամանակների Թուրքիայի չբուժվող խոցը, ասել է, թե՝ «պետական բնավորության» անուղղելի գիծը ու քաղաքական վարքի անբաժան մասը:

Բանն այն է, որ Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվում «Աբդուլ Համիդի գահանիստ» սերիալը, որտեղ մարմնավորված կերպարներից մեկը հայ է: Նա, ըստ սցենարային լուծումների ու սյուժետային դրվագների, ներկայացվում է որպես անսզկբունքային, ստոր և դավաճան անձնավորություն: Չկա ֆիլմում որևէ այլ հայ, որը կմատուցվի իբրև դրական կերպար: Միայն մեկն է ու բացառապես նողկանք առաջացնող կերպավորմամբ: Հարկ է նկատել, որ հիշյալ ֆիլմը ոչ թե հերթական, սովորական մի խաղարկային ֆիլմ է՝ կենցաղային կամ ժամանցային թեթև մոտիվներով, այլ պատմաքաղաքական ժանրի սերիալ, որն իր ազդեցիկ կշռով բավականին լուրջ ներգործություն կարող է ունենալ Թուրքիայի հեռուստալսարանի վրա:

Դիտարկենք մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս, որը նույնպես պատահական չէ: Պարունակում է կոնկրետ ուղերձ՝ կոնկրետ թիրախավորմամբ: Եվ այդ թիրախը Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն է: Կմտածեք՝ ինչո՞ւ: Որովհետև ֆիլմի բացասական կերպար հանդիսացող հայի անունը, ըստ սցենարի, որոշվել է դնել հենց Կարո: Բանն այն է, որ պատմագավոր Կարո Փայլանը ընդդիմադիր կուսակցության անդամ է ու աչքի է ընկնում թուրքական իշխանությունների դեմ իր ըմբոստ պահվածքով, հայկական շահերի համարձակ պաշտպանությամբ: Նրա հանդեպ, իհարկե, իրականացվում են քաղաքական և նույնիսկ քրեական հետապնդումներ, բայց Կարոն չի ընկրկում, չի հանձնվում ու չի լռում:

Ակնհայտ է, որ որոշվել է Կարո Փայլանի դեմ օգտագործել նաև կինոքարոզչության հոգեբանական գրոհը, թեկուզև անուղղակի ազդեցության եղանակով: Փաստորեն, մարդկանց մեջ սերմանում են Կարո անունով դավաճան հայի ընկալումներ և հոգեբանական ֆոն են ստեղծում, որպեսզի նույն այդ մարդիկ, երբ քաղաքականության մեջ տեսնեն հայ պատգամավոր Կարոյին, նրան ակամա ընկալեն դավաճան ու ստոր անձնավորություն: Սա այլ բան չէ, քան հոգեբանական հարձակում հայերի վրա ընդհանրապես, թուրքաբնակ հայերի վրա՝ մասնավորապես:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ