Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Թուրքիայում իշխող կուսակցությունը պառակտման շեմին է

tourqiayoum-isxox-kousakcoutyoune-paraktman-semin-e

 

Արդեն 17 տարի Թուրքիայում իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը մնում է անփոփոխ։ Խոսքն «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) մասին է, որի ղեկավարը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Հիշյալ կուսակցության ստեղծման ակունքներում Էրդողանի հետ միասին եղել նաև նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Վերջիններս, սակայն, նախաձեռնել են նոր կուսակցաշինություն, որի շարքերում պիտի ընդգրկվեն Էրդողանի նախկին ու ներկա որոշ թիմակիցներ։

 

2019թ.-ի տարեկսզբից տարբեր հարթակներում թևածող վերոնշյալ խոսակցությունները ՏԻՄ ընտրություններից հետո ավելի առարկայացան։ Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար Ալի Բաբաջանը պաշտոնապես հայտարարեց ԱԶԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն հիմնելու մասին: Կուսակցության շարքերը լքելու իր հիմնավորման մեջ Բաբաջանը նշել էր, որ Թուրքիային անհրաժեշտ է ապագայի բոլորովին նոր տեսլական։ Կուլիսներում և մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր ստեղծվելիք կուսակցությունը կղեկավարի Դավութօղլուն, իսկ կուսակցության մուտքը քաղաքական արենա կլինի աշնանը։

 

«Մի ժամանակ ԱԶԿ-ն հավատարիմ էր արդարության, խոսքի և մտքի ազատության սկզբունքներին, բայց վերջին 2 տարում այդ հիմնարար արժեքները ոտնահարվում են», - օրերս «The Financial Times»-ին տված հարցազրույցում նկատել է տվել Դավութօղլուն՝ հայտարարելով, որ բացառիկ լայն լիազորություններով օժտված Էրդողանը վնաս է հասցնում պետությանը և պետական ինտիտուտներին։

 

Էրդողանի հասցեին արված այս կոշտ քննադատությունը, ինչպես նաև ԱԶԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու մասին Դավութօղլուի հայտարարություններն անհետևանք չմնացին։ Օրինակ՝ Ստամբուլի Առևտրի պալատի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Դուրսուն Թոփչուին, ով Դավութօղլուի խնամին է, ստիպել են հրաժարականի դիմում գրել։ Այսպիսի լծակային ճնշումների բանեցումը վկայում է աշնանն ընդառաջ քաղաքական նոր սրացումների մասին։ Էրդողանի վարչակազմն ակնհայտ փորձեր է անում ճնշման գործքիներով սաստել ԱԶԿ-ին հակակշռելու հավակնող նոր կուսակցության հավակնությունները։ Բայց դա հաջողելու բավական քիչ շանսեր ունի։ Մանավանդ ՏԻՄ ընտրություններում համոզիչ հաղթանակ չտանելուց և երկրի խոշորագույն քաղաքում պարտություն կրելուց հետո Էրդողանի վարչակազմի հեղինակությունը արդեն բավականին փխրուն է դարձել։ Եվ առավել հավանական է, որ նոր կուսակցության ձևավորումով ավելի ուժեղ կդոզավորվեն հանրային ընդդիմադիր շերտերի տրամադրությունները։

 

Ներթուրքական քաղաքական իրողությունների այս ներկապնակում հետաքրքրական է հատկապես քրդական գործոնի դերը։ Բանն այն է, որ քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբուլլահ Օջալանը իր փաստաբանների միջոցով կոչ է հղել թուրքական իշխանություններին։

«Եկեք լուծենք քրդական հարցը: Ասում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում վերջ կդնեմ բախումներին: Ես կլուծեմ, վստահ եմ ինձ վրա, պատրաստ եմ: Սակայն հարկավոր է, որ պետությունն էլ, պետական մոտեցումն էլ ողջամտություն դրսևորեն»,- ասել է Օջալանը։

 

Հիմա եթե Թուրքիայի գործող իշխանությունները դրական ընթացք տան Օջալանի կոչին, ինչը քիչ հավանական է, ապա Դավութօղլուի և իր համախոհների նոր կուսակցությունը քիչ շանսեր կունենա հակաիշխանական ճակատի մեջ քրդական ու քրդամետ ուժերին ներգրավելու համար։ Իսկ եթե Օջալանի կոչը մնա անարձագանք, ու շարունակվեն Անկարայի ուժային գործողությունները քրդերի դեմ երկրի ներսում ու երկրից դուրս, ապա Էրդողանի վարչակազմին կարող է սպառնալ ծանրակշիռ մարտահրավեր. նոր կուսակցությունը կարող է քրդական հարցի հմուտ խաղարկմամբ հակաիշխանական ճակատի մեջ ներգրավել նաև քրդամետ ընտրազանգվածին։

 

Դա արդեն լրջորեն կբարդացնի իր ավտորիտար դիրքերն ամուր պահել ջանացող Էրդողանի գործը, քանի որ նոր կուսակցության նախաձեռնողներն այնպիսի ազդեցիկ քաղաքական ֆիգուրներ են, ինչպիսիք են Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը և նախկին կառավարության ևս մի քանի նախարարներ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ