Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Տպագրվո՞ւմ են Հայաստանում հանրագիտարաններ և ովքե՞ր են դրա ստեղծողները

tpagrvoum-en-hayastanoum-hanragitaranner-e-ovqer-en-dra-stexcoxnere

Հայկական գրեթե բոլոր ընտանիքներում կարելի է գտնել «Հայկական սովետական հանրագիտարանի» 13 հատորները՝ գրադարանում խնամքով դասավորված: Այն առաջին բազմակողմանի հանրագիտարանն էր հայերենով, որը հրատարակվել է 1974—1987 թվականներին: Հարց է առաջանում՝ Խորհրդային տարիներից հետո մենք չե՞նք ունեցել հայկական նոր հանրագիտարաններ:

Այս հարցի պատասխանը գտնելու ակնկալիքով ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի լրագրողական թիմն այցելեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, և զրուցեց հրատարակչության գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանի հետ:

Պարոն Այվազյանը նշեց, թեև ծավալով և տպաքանակով «Հայկական սովետական հանրագիտարանին» գերազանցող հրատարակություն դեռ չենք ունեցել, սակայն անկախության տարիներին էլ Հայաստանում պատրաստվել ու տպագրվել են տասնյակ անուն հանրագիտարաններ:

«Խորհրդային տարիներին այդ հանրագիտարանը տպագրվում էր մեր իրականության մեջ նախադեպը չուեցող 100 հազար օրինակով: Դա պաշտոնական թիվն էր, սակայն ևս 20 հազար տպագրվում էր սփյուռքի համար: Մարդիկ հանրագիտարանը ձեռք էին բերում բաժանորդագրությամբ, և պատիվ էին համարում իրենց տանն ունենալ հանրագիտարանի բոլոր հատորները: Այդ գրքի հրատարակությունն ավարտվեց 1988-ին: Այդ ընթացքում մենք հասցրեցինք անել նաև երեխաների համար խորհրդային կաղապարով մի գիրք, որ կոչվում էր «Ի՞նչ է, ո՞վ է» քառահատոր մանկական հանրագիտարան:

Դրանից հետո՝ անկախության պայքարին և զարթանքին հաջորդող տարիներին, ինչպես բոլոր հաստատությունները, այնպես էլ մենք, ահագին դժվարություններ ունեցանք, սակայն մեր գործունեությունը երբեք չի դադարել: Այդ ծանր ժամանակներում մենք նախաձեռնել ենք «Հայկական համառոտ հանրագիտարանի» տպագրությունը, որը զուտ հայկական ընդգրկումով հանրագիտարան էր»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ 2003 թվականին, ավարտելով այդ գործընթացը, նախաձեռնել են երկու թեմատիկ հանրագիտարաններ՝ «Հայաստանի բնաշխարհ» և «Տնային տնտեսության հանրագիտարան», որոնք թեմատիկ հանրագիտարաններ էին. «Երբ երկրում իրավիճակը քիչ թե շատ բարելավվեց,  տպագրեցինք «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանը, որը նվիրված էր մեր քրիստոնեական դարձի 1700 ամյակին: Դրան հաջորդեց կենսագրական երկու հատոր հանրագիտարան՝ «Ով ով է» վերնագրով, և դա համաշխարհային «Who is who» հանրագիտարանի հայկական տարբերակն էր»:

Հովհաննես Այվազյանը նշեց, որ փայփայում է այն գաղափարը, որ նշված հանրագիտարնները նաև թվային տարբերակով լինեն: «2006 թվականից աշխարհի ամենահայտնի՝ «Բրիտանիկա» հանրագիտարանն այլևս թղթի վրա չի տպագրվում, այլ տպագրվում է էլեկտրոնային տարբերակով՝ առցանց խմբագրման հնարավորությամբ: Մենք նույնպես պետք է այդ ուղղությամբ ընթանանք»,- ասաց նա:

Պատմելով վերջին 10 տարիների աշխատանքի մասին՝ պարոն Այվազյանը հայտնեց, որ այս ընթացքում լույս են տեսել «Գյուղատնտեսական» հանրագիտարանը, «Հայ գրքի և գրքարվեստի» հանրագիտարանը և «Հայաստան» հանրագիտարանը: Վերջինս հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կյանքը ներկայացնող ստվարածավալ հրատարակություն է:

Դրան հաջորդել է «Հանրագիտական բառարանի» տպագրությունը երկու հատորով, որտեղ  ամբողջ հանրագիտական գրականությունը զուգահեռ ներկայացվել է նաև հայոց կյանքին վերաբերող մեծածավալ նյութ:

«Մեկ ամիս առաջ տպագրության է իջեցվել «Հայ երաժշտության» հանրագիտարանը, որը ևս թեմատիկ է և ներառում է հայ երաժշտական կյանքի, կատարողական արվեստի պատմությունը, երաժշտագիտությունը, գործիքների ստեղծման պատմությունը և այլն: Առաջիկա ամիսներին այն լույս կտեսնի: Իսկ մինչև տարեվերջ նախատեսում ենք պատրաստել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հատուկ հրատարակություն ՝  Թումանյան գրական հանրագիտարան, որը հսկայածավալ տեղեկատվություն է ներկայացվելու մեծ գրողի կյանքի մասին»,- պատմեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում էլ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրենը նշեց, որ հենց նույն օրը վարչապետին է ներկայացրել նոր ազգային հանրագիտարան պատրաստելու ծրագիր, որը կարող է լինել 6-8 հատորով. «Կարծումե մ՝ ժամանակն է ունենալու այսօրվա շեշտադրումներով, այսօրվա տրամաբանությամբ հանրագիտարան, որովհետև մենք ժամանակին կաշկանդվել ենք ստեղծված կաղապարներով, հարևանների հետ հարաբերությունները չխախտելու և արտաքին աշխարհի հետ շփվելու արգելքներով: Այսօր այդ ամենը պետք է բացվի և իր գնահատականը ստանա: Ես մտածում եմ, որ այսօր հրաշալի հնարավորություն ունենք ստույգ և օբյեկտիվ շարադրանքով ներկայացնել Հայաստանի մասին ողջ տեղեկատվությունը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ