Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Թրամփի որոշումը նախադեպային չէ ԼՂ հարցում, բայց դիվանագիտական աշխատանքի դաշտ է բացում Հայաստանի համար. փորձագետ

trampi-orosoume-naxadepayin-ce-lx-harcoum--bayc-divanagtitakan-asxatanqi-dast-e-bacoum-hayastani-hamar-porcaget

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես ճանաչեց Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ: Քաղաքագիտական շրջանակներում նշվում է, որ այս ճանաչումը նախադեպ է ստեղծում` նույն հիմքով և իրավական հիմնավորմամբ տարածքային վեճերը կարգավորելու համար:

Հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը ևս հղում կատարել այս նախադեպին՝ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, և մեր հապաղումը կարո՞ղ է օգտագործվել հակառակորդ Ադրբեջանի կողմից:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանը նկատեց՝ պատմությունն իր դառը փորձերով ցույց է տալիս, որ նման նախադեպերը կյանքի չեն կոչվում այլ հակամարտությունների համար: «Օրինակ, երբ Միացյալ Նահանգները ճանաչեց Կոսովոյի անկախությունը, խոսվում էր, որ դա նախադեպ է լինելու նաև այլ համակարտությունների, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի համար: Փորձագիտական քննարկումներ եղան՝ իրավական դաշտ բերելու խնդիրը, և մենք տեսանք, որ ոչինչ չստացվեց:

Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո էլ խոսվում էր, որ դա հանգեցնելու է նաև այլ հակամարտությունների մասով նախադեպային հնարավորության: Հայաստանյան փորձագիտական դաշտում զուգահեռներ էին անցկացվում, կանխատեսումներ արվում, բայց տեսանք, որ Ռուսաստանն իրավական և իրավաքաղաքական որևէ քայլ չարեց այդ հարցն առաջ տանելու համար նաև Արցախյան ուղղությամբ: Նույնը նաև Ղրիմի հարցում: Այսինքն, միջազգային իրավունքի տեսանկյունից էլ այստեղ խնդիրներ կան փոխվստահության մեխանիզմների չգործելու կամ արդյունավետ չգործելու, երկակի ստանդարտների կիրառման առումով»,- ասաց նա:

Կարեն Վերանյանը կարծիք հայտնեց, որ Թրամփի որոշում՝ը ճանաչելու Գոլանի բարձունքները որպես Իսրայել պետության սուվերեն մաս, ըստ էության, նախադեպային չի կարող լինել Արցախի համար՝ հենց նույն տրամաբանությամբ: «Խնդիրը զուտ այն է, որ Միացյալ Նահանգները կարող է գնալ նման քայլի՝ ելնելով Իսրայել-ԱՄՆ ռազմավարական բավական բարձր մակարդակից, երկկողմ հարաբերություններից, ինչպես նաև, Իսրայելի նշանակությունից ԱՄՆ-ի համար: Չմոռանանք, որ Վաշինգտոնը զգալիորեն հենվում է հենց այդ երկրի և Սաուդյան Արաբիայի վրա՝ Մերձավոր Արևելյան իր քաղաքականությունում:

Եթե մենք փորձենք Արցախյան ուղղությամբ որոշակի քաղաքական հնարավորություններ մեզ համար ստեղծել, պետք է աշխատենք հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որոշակի դինամիկա և բեկում մտցնելու համար»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ վերլուծաբանի՝ հայ-ամերիկյան երկկողմ օրակարգից դուրս այս հարցը կարելի է շրջանառել նաև քաղաքական ու դիվանագիտական այլ հարթակներում. «Պետք է տեղեկատվական մակարդակով էլ քայլեր ձեռնարկել Արցախի հարցը բարձրաձայնելու համար, շեշտադրելով այն, որ այդ տարածքներն անվտանգայն խնդիր են լուծում Արցախի հայության համար: Ի վերջո, Գոլանի բարձունքների վերաբերյալ որոշումը Թրամփը հիմվում էր նրանով, որ դա անվտանգության գոտի է Իսրայելի համար:

Այս տեսանկյունից նաև շատ կարևոր է նշել, որ վերջերս լույս տեսավ Պետդեպարատամենտի Մարդու իրավունքների մասին հերթական զեկույցը, որտեղ Գոլանի բարձունքները ներկայացված էին ոչ թե որպես Իսրայելի կողմից գրավյալ, այլ վերահսկվող տարածքներ: Կարծում եմ՝ այս տեսանկյունից էլ Արցախի մասով կարող են հնարավորություններ բացվել՝ ԱՄՆ-ի հետ երկկողմ աշխատելու տեսանյունից: Այդ զեկույցը վերաբերում է հենց մարդու իրավունքներին, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջը բխում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար պահանջից: Այստեղ զուգահեռներ կարելի է անցկացնել և դիվանագիտական ճանապարհով Վաշինգտոնի հետ աշխատել այս շեշտադրումով»:

Եթե հայկական կողմը հապաղի այս հարցում, դրանից կարող է օգտվել հակառակորդ Ադրբեջանը: Վերանյանի դիտարկմամբ՝ միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից ևս Թրամփի այս որոշումը կօգտագործվի՝ ելնելով իրենց շահերից և Արցախյան հակամարտության հետ կապված իրենց դիրքորոշումից. «Ալիևն անպայման այդ հարցը կօգտագործի ի շահ իրենց պետական դիրքորոշման: Իրենք կփորձեն միջազգային տարբեր հարթակներում, ինչպես նաև երկկողմ, հետկուլիսային հարթակներում, փակ ֆորմատով բարձրացնել այս հարցը: Նույնը կփորձի անել նաև Թուրքիան: Չնայած Էրդողանը հայտարարում է, որ դեմ է այս որոշմանը և անպայման հակարդարձ քայլեր է ձեռնարկելու, բայց, ըստ իս, Էրդողանի քայլերն ավելի շատ ուղղված են մուսուլմանական, արաբական աշխարհին իր շուրջը մոբիլիզացնելուն: Ըստ էության՝ Էրդողանի համար սկզբունքային չէ Պաղեստին-Իսրայել հակամարտության կարգավորման կամ Սիրիայի տարածքային ամբոջղականության հարցը, այստեղ զուտ Թուրքիայի պետական շահերն են, ու Էրդողանն այդ գծով է շարժվում»:

Եթե Էրդողանը հայտարարում է, որ ՄԱԿ-ում առաջարկելու է քվերակության դնել Գոլանի բարձունքների հարցը, ապա կարևոր է, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչ դիրքորոշում կընդունեն, ինչպես կքվերակեն: «Ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը մի կողմից ակտիվ աշխատում է Իրանի և Արաբական երկրների հետ, որտեղ հայկական համայնքներ ունենք և անվտանգային հարցեր կան, մյուս կողմից ներկայումս ակտիվացել է երկխոսությունը Հայաստանի և Իսրայելի միջև: Այսինքն, մենք պետք է փորձենք բալանսավորել այս ճամբարների հետ աշխատանքը, և Իսրայելի հետ հարաբներությունները չպետք է կառուցենք երրորդ երկրների, մասնավորապես, Իրանի հետ հարաբերությունների հաշվին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանի խնդրին, փորձագետը նշեց, որ մեր հարևան պետությունն արդեն քննադատել է Թրամփի որոշումը և ենթադրելի է, որ չի ուշանա նաև ռազմական արձագանքը Սիրիայի տարածքից, Պաղեստին-Իսրայել հակամարտության ֆորմատով:

«Գոլանի բարձունքների ճանաչումը որպես Իսրայելի տարածք ուղղակիորեն առնչվում է նաև Իրանի անվտանգության խնդիրներին, տարածաշրջանային պաշտպանական անվտանգությանը: Ավելին, Իսրայելի հետ դիմակայությունը կարող է մտնել որակապես նոր փուլ, ինչի արդյունքում կավելանան ռազմական բախումները Սիրիայում»,- ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ