Թրամփի թուրք-սիրիա-ուկրաինական գամբիտը

am
trampi-tourq-siria-oukrainakan-gambite

Ամերիկյան զորքի դուրսբերման շարժառիթներ

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ից ստացվեց երեք զգայացունց նորություն: Առաջին երկուսը կապված են Սիրիայից եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ, իսկ երրորդըՙ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հրաժարականի հետ, ինչը ակնհայտորեն կապված է նախորդ երկուսի հետ: ԱՄՆ-ը վերակառուցում է իր գործողությունների մարտավարությունը Սիրիայում եւ Աֆղանստանում: Հնարավոր է ապագայում փոխվի նաեւ ռազմավարությունը: Այս ամենին դեմ լինելովՙ Մեթիսը հրաժարական տվեց: Ի դեպ, The New York Times թերթը նախագահի եւ պաշտպանության նախարարի տարաձայնությունների թվում հիշատակում է նաեւ Իրանի միջուկային գործարքի հետ կապված տարակարծությունը:

Սիրիայի եւ Աֆղանստանի իրադրությունները նմանություններ ունեն: Երկու երկրներն էլ տարիներ շարունակ եղել են Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ռազմավարության կենտրոնում: Երբ Սիրիայում «Իսլամական պետությունը» հայտարարեց իր ներկայության մասին, դա նշանակում էր, որ երկիրը փորձում են մոտեցնել աֆղանական միջնադարի մակարդակին: Թե՛ Սիրիայում եւ թե՛ Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կարգախոսը պայքարն էր միջազգային ահաբեկչության դեմ: Բայց Սիրիայում թշնամի հայտարարվեց նախագահ Բաշար Ասադը, հույսը դրվում է ընդդիմադիր ուժերի վրա: Իսկ Աֆղանստանում ամերիկացիներն աջակցում են իշխող վարչակարգին:

Սիրիայից ԱՄՆ-ը դուրս է բերում իր ավելի քան 2000-անոց զորակազմըՙ հայտարարելով «Իսլամական պետության» դեմ հաթանակի մասին: Աֆղանստանից դուրս կբերվի մոտ 7 հազար ամերիկացի զինծառայող, ինչը այդ երկրում ամերիկացի զինծառայողների թվակազմի կեսն է: Սիրիայի տարածքի նշանակալի մասը ներկայումս ենթակա է կառավարական ուժերի վերահսկողությանը, եւ իրադրության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքեր են գործադրվում: Աֆղանստանում իրավիճակն այլ է: Երկրի տարածքի մեծ մասը թալիբների վերահսկողության տակ է:

ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ բանակցություններ է վարում «Թալիբան» շարժման հետ: Դրանց հերթական փուլը տեղի կունենա Սաուդյան Արաբիայիում, ըստ որումՙ առանց պաշտոնական Քաբուլի մասնակցության: Աֆղանստանից ամերիկյան զորքերի մի մասի դուրսբերման կապակցությամբ թերեւս կարելի է ակնկալել որոշ տեղաշարժեր:

Առայժմ մեկը մյուսի հետեւից հաղորդումներ են ստացվում ԱՄՆ-ի մտադրությունների հավաստիության վերաբերյալ, օրինակՙ Սիրիայում Էտ-Տանֆ ռազմակայանի փակման մասին: Ռուսաստանում ոմանք կարծում են, որ այդ ձեւով Թրամփը փորձում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Ռուսաստանցի վերլուծաբան Էդուարդ Բիրովի կարծիքով, Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու Թրամփի որոշումը Թուրքիայի հետ կնքված գործարքի արդյունքն է: Այս ենթադրությունը հիմնվում է վերջին իրադարձությունների հաջորդականության վրա: Դեկտեբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրեց, որ իր երկրի զինված ուժերը մոտ ժամանակներս կարող են զինված հարձակում սկսել սիրիացի քրդերի Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների եւ Սիրիական դեմոկրատական ուժերի դեմ: Դեկտեմբերի 18-ի երեկոյան ԱՄՆ պետդեպարտամենտում հայտարարեցին, որ Թուրքիայի կողմից 140 «Պետրիոտ» հրթիռների գնումը հավանության է արժանացել:

Եվ արդեն դեկտեմբերի 19-ին Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Հակաբի Սանդերսը հայտարարեց, որ ԱՄՆ-ը սկսել է իր զինվորներին դուրս բերել Սիրիայից: Հաջորդ օրը Թուրքիան արդեն չէր թաքցնում Մանբիջի շրջանում եւ Եփրատից արեւելք սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու մտադրությունը: Հասկանալի է, որ ամերիկացիները հանուն սեփական շահերի հերթական անգամ դավաճանեցին քրդերին:

Կոնգրեսն արդեն փորձում է շրջափակել Թուրքիային ամերիկյան F-35 ռազմօդանավերի վաճառքի գործարքը, եթե Անկարան այնուամենայնիվ ձեռք բերի ռուսական հ-400 համակարգերը: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները մտահոգ են այն առնչությամբ, որ Թուրքիայում հ-400-ների հայտնվելու դեպքում Ռուսաստանը կկարողանա իր հակահրթիռային համակարգն օգտագործել արեւմտյան արտադրության տեխնիկայի, մասնավորապես F-35 ռազմօդանավերի մարտավարության վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ ստանալու նպատակով:

Արժե վերհիշել, որ Վաշինգտոնի եւ Անկարայի գործարքի վերաբերյալ առաջին հաղորդումները հայտնվել էին հոկտեմբերին: NBC հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ-ը խոստացել է Թուրքիայի վրա տնտեսական ճնշումը թուլացնել այնտեղ բանտարկված պաստոր Բրանսոնի ազատման դիմաց: Հոկտեմբերի 12-ին պաստորին իրոք ազատ արձակեցին, թեեւ մինչ այդ Էրդողանը նրան անվանում էր սարսափելի ահաբեկիչ եւ Գյուլենի կամակատար: Եվ այդ պահից ի վեր ֆինանսական շուկան սկսեց կամաց-կամաց ուշքի գալ, լիրայի փոխարժեքը բարձրացավ, թեեւ ավելի վաղ, 2018 թվականի առաջին երեք եռամսյակներում, Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալներով, տեղի էր ունեցել 4,2 մլրդ դոլար օտարերկրյա կապիտալի արտահոսք:

Վաղուց հայտնի են անհնազանդ երկրներում ֆինանսական ճգնաժամեր հարուցելու դոլարային համակարգի եղանակները, ինչից փրկում են միայն անկախ տնտեսությունը եւ արտարժույթի պահուստները:

Այսպիսով, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Թրամփը Սիրիայից դուրս է եկել (կամ դա ձեւացրել է) Թուրքիային իր ձեռքը գցելու գնով, որին 2016 թ. Մոսկվային հաջողվել էր դուրս բերել ԱՄՆ-ի վերահսկողությունից: Անկարան առայժմ չի վերսկսել իր հակառուսական հռետորաբանությունը, եւ Էրդողանը ամեն ջանք կգործադրի երկու աթոռի վրա նստելու, սակայն ամերիկացիները այս վիճակը երկար չեն հանդուրժի, կարծում է Էդուարդ Բիրովը: Բացի դրանից, Իդլիբի վրա թուրքերի հարձակումը կարող է է՛լ ավելի մեծացնել Անկարայի ախորժակը, ինչը կառաջացնի Ռուսաստանի դժգոհությունը:

Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ այն դերին, որ Անկարան խաղաց Ուկրաինայում ուղղափառության պառակտման մեջ Բարդուղիմեոս պատրիարքի ձեռնարկած գործողություներում, նկատի ունենալով վերջինիս կախումը Թուրքիայից: Կիեւցի պառակտիչ հոգեւորական Եպիֆանիին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հեռախոսազանգից հետո այլեւս կասկած չկա, թե ով է տվյալ գործընթացի իրական պատվիարտուն: Սակայն ամերիկացիները առանց Թուրքիայի չէին կարողանա այն ավարտել: Պատահական չէ, որ ամփոփիչ մամլո ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտավորյալ լեզվական սայթաքում թույլ տվեցՙ Կոստանդնուպոլսի պատրիարքությունն անվանելով թուրքական: (Վերջինիս նստավայրը Ստամբուլն է: Ծ.Խ.):

Ի դեպ, Թուրքիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերադարձնելը անբավարար գին է Սիրիայի դիմաց (նույնիսկ եթե ամերիկացիները իրականում մտադիր չեն այն հանձնել), եւ Պենտագոնը, անկախ դրա ղեկավարից, սկսել է Ուկրաինայում ռազմական սադրանքի անմիջական նախապատրաստությունը: Այս տարվա օգոստոսից Կերչի նեղուցի եւ Ազովի ծովի շրջանում սկսվել է հակամարտության հետագա խորացում, որի թիրախներն են Դոնբասը եւ Ղրիմը: ՆԱՏՕ-ի հրահանգիչների մասնակցությամբ նկատվում է Ուկրաինայի զինված ուժերի կուտակում Դոնբասի սահմանների մոտ: Կիեւում ԵԱՀԿ դիտորդներին հորդորում են մասնակցել Կերչի նեղուցով ուկրաինական ռազմանավերի անցմանը:

Ուկրաինայում ռազմական սադրանքի նախապատրաստումը, Թուրքիայի հետ ԱՄՆ-ի գործարքը եւ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերմանը վերաբերող հայտարարությունը խորհել են տալիս, որ դրանք կարող են լինել միեւնույն գործընթացի բաղադրիչները: Միանգամայն իրական է այն փաստը, որ ԱՄՆ-ը, ելնելով ուժերի դասավորությունից, որոշել է խաղարկել թուրք-սիրիա-ուկրաինական գամբիտը:

Սիրիայում Ռուսաստանի դիրքերն այնքան ուժեղ են, որ Վաշինգտոնն այլեւս անկարող է որեւէ բան փոխել այնտեղ, արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը: Սակայն Թուրքիայի հետ գործարք կնքելովՙ ամերիկացիները կարող են Սիրիայից իրենց զորքերի դուրսբերման հաշվին շեշտադրումը փոխադրել Ռուսաստանի դեմ մղվող պայքարի երկրորդ ճակատ: Ուկրաինայում ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի ամուր են, լիովին վերահսկվում են Կիեւի իշխանությունները, բանակը, ժողովուրդը: Սա գրեթե իդեալական պլացդարմ է Ռուսաստանի սահմանների մոտակայքում: Նախագահ Պորոշենկոն միշտ խուսափել է Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատումիցՙ հասկանալով դրա կործանարար բնույթը Ուկրաինայի համար: Սակայն եկող տարվա մարտին նախատեսված եւ ակնհայտորեն իրեն ոչ ձեռնտու նախագահական ընտրություններից առաջ նա պատրաստ է ամեն ինչի:

Միանգամայն հավանական է, որ Թրամփը խորամանկում է, եւ պատերազմի սպառնալիքը ծայրահեղության հասցնելովՙ Կրեմլից զիջումներ կպահանջի, այդ թվումՙ Սիրիայի հարցում: Մյուս կողմից, Ուկրաինայում ԱՄՆ-ը չի վտանգում ոչինչ, բացի այդ երկրի քաղաքացիների կյանքից: Եվ երաշխիքներ չկան, թե ռազմական փոքր սադրանքները չեն վերաճի լայնածավալ մարտական գործողություների:

Ամերիկյան Miami Herald թերթը Սիրիայից հեռանալու Թրամփի որոշման կապակցությամբ ենթադրություն է անում, թե նախագահը Սուրբ Ծննդյան տոնի նվեր մատուցեց Պուտինին, որպեսզի մեղմացնի «Արեւելասլավոնական եկեղեցու պառակտմանն ուղղված եւ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Կոստանդնդուպոլսի պատրիարքի որոշումից Պուտինի ստացած հարվածները: Այսպիսով Ռուսաստանը հնարավորություն է ստանում դուրս գալ տաք ծովեր եւ մերձավորարեւելյան նավթառատ շրջաններ»:

Ի դեպ, Ռադային ներկայացվել է Ռուսաստանին պատերազմ հայտարարելու նախագիծ:

Իսկ ֆրանսիական Le Figaro թերթի կարծիքով, Թրամփը լուծում է ուրիշ խնդիներ: Դրանցից առաջինը քրդերի պատճառով Թուրքիայի հետ հակամարտություններից զերծ մնալն է, որպեսզի այդ երկիրը մնա ՆԱՏՕ-ի կազմում: Այս կապակցությամբ պետքարտուղարի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ քրդերին ամերիկացիների աջակցությունը կրել է մարտավարական եւ ժամանակավոր բնույթ, կարող է խոսք լինել Թրամփի եւ Էրդողանի ավելի լայն գործարքի մասին, որը Սիրիայից բացի կներառի «Պետրիոտ» հրթիռների վաճառքը Անկարային, որպեսզի ամրապնդվի Թուրքիայի տեղը ՆԱՏՕ-ումՙ ի հեճուկս Մոսկվայի սիրաշահումների:

Երկրորդ տարբերակն այն է, որ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը ներգծվում է Թեհրանի եւ լիբանանյան «Հզբոլլահ» ռազմականացված խմբավորման դիրքերն ամրապնդելու «իրանական սցենարի» մեջ, ինչը խնդիրներ կստեղծի Իսրայելի համար:

Երրորդ տարբերակն էլ այն է, որ «Իսլամական պետությունը» իրոք պարտություն է կրել Սիրիայում, բայց լիովին ոչնչացված չէ: Այս տեսակետի կողմնակիցն է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին : Նա կարծում է, որ հարկավոր է գործն ավարտին հասցնել: «Իսլամական պետությունը» կարող է վերածնվել, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքում 2011 թ. ամերիկացիների հեռանալուց հետո: Բացի դրանից, քրդերի վրա Թուրքիայի հարձակումը կարող է հանգեցնել այդ երկրում ահաբեկչությունների թվի աճին:

Reuters գործակալության կարծիքով, ԱՄՆ-ի աջակցությունից զրկվելովՙ քրդերը կփորձեն ինքնուրույնաբար պաշտպանել իրենց ենթակա տարածքը թե՛ Սիրիայի վարչակարգից, եւ թե՛ թուրքերից, կամ որոշակի պայմաններով գործարք կկնքեն Դամասկոսի հետ: Քրդերի հետ փոխզիջումը Դամասկոսին հնարավորություն կտա հետ ստանալ սիրիական զգալի տարածքներՙ բացի երկրի հյուսիսից, որ Թուրքիան համարում է ռազմավարական բուֆերային գոտի:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում օրերս հայտարարեց, որ ինքը 2019 թ. հունվարի 8-ին Վաշինգտոնում քննարկելու է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբեման հարցը: Նախօրեին Անկարան հավանություն էր տվել ամերիկյան զորքը դուրս բերելու վերաբերյալ Թրամփի արած հայտարարությանըՙ ավելացնելով, որ Թուրքիան ժամանակավորապես հետաձգում է Եփրատից արեւելք նախատեսված ռազմական գործողությունը: Չավուշօղլուի խոսքերով, ռազմական գործողության հետաձգումն անհրաժեշտ է, որպեսզի հարձակման ընթացքում պատահաբար չվիրավորվեն Սիրիայից դուրս բերվող ամերիկացի զինծառայողներ:

ԱԶԳ/Պ.Ք.

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ