Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Տրանսկասպյան գազատարը կկառուցվի՞

transkaspyan-gazatare-kkaroucvi

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 21-22-ին այցելել է Թուրքմենստան: Դրան նախորդել է թուրքմենական երկու պատվիրակությունների այցը Բաքու: Իսկ Ալիեւի Աշխաբադ ուղեւորության նախօրեին Թուրքմենստանի նախագահը կառավարության նիստում հատուկ հանձնարարել է Ալիեւին դիմավորել ամենաբարձր մակարդակով:

«Մեր երկու ժողովուրդները նույն մշակույթն ունեն»- Ալիեւի հետ բանակցություններից հետո հայտարարել է Բերդիմուհամեդովը: Աշխաբադում կողմերը սիրալիրություններ են փոխանակել՝ ի տես լրագրողների: Բայց իրավիճակին ծանոթ աղբյուրները Բերդիմուհամեդով-Ալիեւ բանակցությունների արդյունավետությանը նայում են զգուշավորությամբ, նույնիսկ՝ կասկածանքով:

Կողմերն, այո, ստորագրել են միջկառավարական եւ միջգերատեսչական շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, որոնցից առավել հետաքրքրություն է ներկայացնում մեկը՝ Թուրքմենբաշի-Ալյաթ լաստանավային հաղորդակցության մասին հուշագիրը, որը նախատեսում է երկկողմ բեռնափոխադրումների ծավալի զգալի աճ: Դա կարող է ունենալ նաեւ միջազգային նշանակություն՝ Աֆղանստանից դեպի Թուրքիա, այնուհետեւ Եվրոպա բեռնափոխադրումների առումով, եթե տարածաշրջանի երկրները գան թուրքմենա-ադրբեջանական այդ միջանցքն օգտագործելու համաձայնության:

Բայց, ինչպես փորձագետների մեծամասնությունն է արդարացիորեն եզարակացնում, տրանսպորտային եւ լոգիստիկայի հետ կապված խնդիրներ լուծելու համար չէ, որ Իլհամ Ալիեւը եւ Գորբանգուլի Բերդիմուհամեդովը երկու ժամից ավելի դռնփակ քննարկումներ են ունեցել: Ալիեւի այցի հիմնական նպատակը Տրանսկասպյան գազատարի կառուցման հարցում Թուրքմենստանի տեսակետը պարզելն ու հնարավոր համաձայնության հիմքերի շոշափումն էր:

Բանն այն է, որ Ադրբեջանի նախաձեռնած Հարավային գազային միջանցք նախագիծն իրականացնող միջազգային կոնսորցիումը մինչեւ եկող տարեվերջ ավարտին կհասցնի Տրանսանատոլիական եւ Տրանսադիրատիկ գազատարների կառուցումը: Մեկ այլ կոնսորցիում շահագործման է պատրաստում Շահդենիզ 2 հանքավայրը: Ծախսվում են տասնյակ միլիարդավոր դոլարի գումարներ: Նախատեսվում է, որ արդեն 2020թ. ադրբեջանական գազը կհասնի Եվրոպայի հարավ, ամենայն հավանականությամբ՝ Իտալիա:

Բայց Ադրբեջանը կարող է տարեկան արտահանել 12 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 2-ը նախատեսված է ներքին գներով հատկացնել Թուրքիային, իսկ 10-ը արտահանել Եվրոպա: Դա է Ադրբեջանի հնարավորությունը, որը նրան, գուցե, լիուլի բավարարում է, բայց չի գոհացնում եվրոպական ներդրողներին, որովհետեւ վերջիններս ծախսատար ծրագրին ներգրավվել են միայն մի նպատակով՝ հնարավորինս հաղթահարել գազի եվրոպական շուկայի կախվածությունը ռուսական Գազպրոմից:

Ադրբեջանական Շահդենիզ 2 հանքավայրն այդ հարցը չի լուծում: Ըստ երեւույթին, միջազգային կոնսորցիումը որոշակի խնդիր է դրել Ադրբեջանի նախագահի առջեւ՝ բոլոր դիվանագիտական ջանքերը կենտրոնացնել եւ հասնել նրան, որ Թուրքմենստանը համաձայնի միանալ Հարավային գազային միջանցք նախագծին:

Բերդիմուհամեդով-Ալիեւ բանակցությունների մասին տարածված տեղեկատվությունից չափազանց դժվար է պարզել՝ ի՞նչ արդյունքի է հասել Ալիեւը: Ակնհայտ է, որ խնդիրը քննարկվել է: Այդ է վկայում Թուրքմենստանի նախագահի ակնարկը, թե կողմերը շահագրգռված են էներգակիրների տարանցման դիվերսիֆիկացման հարցում: Բայց հստակություն, այնուամենայնիվ, չկա, որովհետեւ դիվերսիֆիկացիա ասելով կարելի է հասկանալ, որ Թուրքմենստանն իր գազի իրացման համար շուկաներ է փնտրում Պակիստանում եւ Հնդկաստանում: Թուրքմենստանն այսօր հայտնվել է տնտեսական աղետալի վիճակում եւ որեւէ խոշոր ներդրում չի կարող անել: Կա Գազպրոմի առաջարկը՝ թուրքմենական գազը գնել հենց հանքավայրից եւ լուծել տարանցման հարցը: Ադրբեջանն առաջարկում է կառուցել Տրանսկասպյան գազատար: Եթե Թուրքմենստանն այդ ծրագրին համաձայնություն տա, ապա գազատարի կառուցման ծախսերը պետք է կա՛մ Ադրբեջանը հոգա, կա՛մ՝ միջազգային կոնսորցիումը, կա՛մ Ադրբեջանը եւ կոնսորցիումը պետք է կիսեն ֆինանսական բեռը:

Ավելի շահավետ է թվում ռուսական առաջարկը, Թուրքմենստանը հանքավայրում վաճառում է գազը, ստանում դրա դիմաց համաձայնեցված գումարը: Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանը եւ Թուրքիան Թուրքմենստանին հրավիրում են քաղաքական նշանակության ծրագրի մաս կազմել: Այդ դեպքում հնարավոր է եվրոպական ներդրումներ ակնկալել թուրքմենական տնտեսության մեջ: Ի՞նչ ընթացք կունենան հետագա քննարկումները՝ մնում է անորոշ: Հավանական է, որ Ադրբեջանը պարտավորվի հոգալ Տրասնկասպյան գազատարի ծախսերը: Հակառակ պարագայում Հարավային գազային միջանցք նախագիծը բառի բուն իմաստով կպայթի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ