Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Թրիլեր՝ ԲԴԽ մոտիվներով

triler-bdx-motivnerov

Վերջին իրադարձությունները գալիս են փաստելու, որ Հայաստանի Հանրապետության իշխանության թևերից մեկը հանդիսացող դատական համակարգը գտնվում է խորը ճգնաժամի մեջ՝ ենթարկվելով աննախադեպ ցնցումների: Այն, ինչ տեղի է ունենում մայիսի 18-ից հետո, երբ վարչապետը չափազանց  ուրույն ձևով մեկնաբանելով ՀՀ Սահմանադրությունը, հանդես եկավ համաշխարհային քաղաքագիտական պրակտիկայում նախադեպը չունեցող կոչով՝ պարալիզացնել սեփական երկրի երրորդ իշխանության աշխատանքը, ոչ մի այլ ձևակերպման, քան խորը ճգնաժամ, արժանի չէ:

 

Փորձենք զարգացումներն անկողմնակալ դիտարկել ընդամենը ժամանակային տրամաբանության մեջ:

 

Մայիսի 18-ին փորձ արվեց կրեատիվ ձևով գործնական լուծում տալ դատական համակարգը վեթինգի ենթարկելու գաղափարին՝ կատարելով առաջին քայլը: Ի դեպ, վեթինգի մասին: Ամիսներ շարունակ շրջանառության մեջ է դրվել մի հասկացություն, որի իմաստը այդպես էլ մինչև վերջ պարզ չէ: Ինչպես սրամիտ արտահայտվեց ընկերներիցս մեկը, «պեթինգը լսել էինք, վեթի՞նգս որն է»:

Որոշեցի մի փոքր հետազոտություն կատարել և պարզեցի, որ անգլերեն vetting բառը թարգմանաբար նշանակում է անձնական տվյալների ստուգում: Մի քիչ էլ Google «բզբզելուց» հետո մի հետաքրքիր հայտնագործություն էլ արեցի. պարզվում է, որոշ դեպքերում այդ տերմինն ունի նաև թիրախ իմաստը: Այ սա արդեն կարծեք թե ավելի խելքին մոտ է և ամբողջությամբ տեղավորվում է գործողությունների տրամաբանության մեջ: Սակայն, անցնենք առաջ:

 

Մայիսի 19-ի ուշ երեկոյան Բարձրագույն դատական խորհուրդը արտահերթ նիստ հրավիրեց, որում քննարկվեց դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Ընդունվեց հավասարակշռված հայտարարություն, որով «անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը»՝ միևնույն ժամանակ կոչ արվեց  «դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում»:

Այնուհետև իրադարձությունները սկսեցին սրընթաց զարգացում ապրել: Մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ, Հայաստանի ամենափորձառու և հեղինակավոր իրավաբաններից մեկը՝ Գագիկ Հարությունյանը:  Նրա հրաժարականի դիմումի բովանդակությունից ակնհայտ էր, որ պատճառն իր՝ «մայիսի 20-ին մամուլով հնչեցրած մտահոգություններն» իշխանության մյուս թևերի կողմից ականջալուր թողնելն էր:

Դրանից հետո ԲԴԽ-ն ևս մի քանի անգամ հանդես եկավ դատավորներին սթափության կոչ անող հայտարարություններով, մասնավորապես, հունիսի 4-ի հայտարարության մեջ համոզմունք հայտնեց, որ «արմատական բարեփոխումների համատեքստում ոչ մի պայմանով նախապատվությունը չի տրվելու անհարկի ցնցումներին, քանզի նաև միջազգային փորձն է վկայում, որ դատական իշխանության բարեփոխումներին միտված հնարավորինս անցնցում զարգացումներն են գրանցում միանշանակ հաջողություն՝ միայն հավասարակշռված, Սահմանադրության և միջազգային հանրաճանաչ նորմերին խիստ համապատասխան գործելու դեպքում»:

 

Բայց այդ կոչերն էլ, կարծեք թե, ոչ մի ազդեցություն չթողեցին, ավելին, երեք օր անց արդեն հրաժարական տվեց օրեր առաջ ԲԴԽ ղեկավարությունը ժամանակավորապես ստանձնած Գևորգ Դանիելյանը, այնուհետև ևս երեք դատավոր-անդամներ:

 

Սրանով էլ թրիլերի ժանրը հիշեցնող իրադարձությունները չավարտվեցին: Մեկ օրվա  տարբերությամբ դատավոր-անդամ ընտրվեց և հրաժարականի դիմում ներկայացրեց Նախշուն Տավարացյանը: Վարջապես նույն օրը՝ հուլիսի 19-ին, Խորհրդի նախագահ ընտրվեց նորանշանակ դատավոր Ռուբեն Վարդազարյանը, որը գրեթե անմիջապես լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վեթինգի վերաբերյալ «…այս պահին թե՛ Կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը դեռ հստակ դիրքորոշում չունեն։ Բայց վստահ եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի դատական իշխանությունը սկսի հստակ մի գործընթաց, որի անունն է հանրային վստահություն։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ անձամբ ամենախիստ վեթինգն անցնել»։  Այսինքն, ևս մեկ անգամ, արդեն ԲԴԽ նորընտիր նախագահի շուրթերով հայտարարվեց, որ նախկին խորհուրդը (որն, ի դեպ, ձևավորվել է անցյալ տարվա ապրիլին) հասարակության շրջանում նման վստահություն չուներ: Որպես հասարակության մի մասնիկ և օրինապաշտ քաղաքացի հայտարարում եմ, որ առնվազն իմ մասով դա վիճահարույց է, քանի որ անձամբ ես հիմքեր չունեմ համոզված լինելու, որ մեր պետության առջև մեծ վաստակ ունեցող Գագիկ Հարությունյանին կամ Գևորգ Դանիելյանին (մյուսներին պարզապես չեմ ճանաչում) փոխարինելու են ավելի արժանիները: Այսինքն, այստեղ արդեն՝ մինուս մեկ:

 

Հոդվածը չծանրաբեռնելու նպատակով միտումնավոր չանդրադարձա մյուս առանցքային դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձություններին, որոնք ոչ պակաս հետաքրքիր էին, մասնավորապես՝ Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը, Վենետիկի հանձնաժողովի կողմից հնչեցրած բացասական ազդակները և դրանց հետևած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը: Առաջիկայում դրանց նույնպես անպայման կանդրադառնանք:

Իսկ մինչ այդ առաջարկում եմ միջանկյալ ընդհանրացում կատարել: Ակնհայտ է, որ այս բոլոր իրադարձությունների տրամաբանությունը մեկն է. գործադիր իշխանությունը ցանկանում է առնվազն տիրապետել նաև դատական իշխանությունների իրավասության մեջ մտնող գործառույթներին (փորձեցի հնարավորինս մեղմ և անկողմնակալ ձևակերպում գտնել)՝  դրանք դարձնելով վերահսկելի: Եվ ԲԴԽ մասով կարծեք թե դա նրան հաջողվում է: Սպասենք զարգացումներին...

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ