ՏՏ ոլորտում ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկիրը ժամանել է Հայաստան

am
tt-olortoum-hh-petakan-mrcanaki-2018t-dapnekire-jamanel-e-hayastan

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018թ. դափնեկիրը ժամանել է Հայաստան: «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդի եռօրյա այցի օրակարգի մեկնարկը տրվել է լրագրողների հետ հանդիպմամբ: Բացի մրցանակակրից, ասուլիսին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, մրցանակաբաշխության հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքների համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Հակոբ Արշակյանը ողջունել և երախտագիտություն է հայտնել հյուրին՝ կարևորելով այն մեծ ավանդը, որ Ջեյմս Թրուշարդն ունի ինժեներական ոլորտի հեղափոխական զարգացման գործում: «Այսօրինակ մրցանակաբաշխության դերը շատ մեծ է մեր երկրի համար՝ նկատի ունենալով նաև կառավարության այն տեսլականը, որով Հայաստանը պիտի դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական և գիտատեխնիկական հնարավորություններով երկիր: ՏՏ ոլորտում մեծագույն ներդրում և որակական փոփոխություն բերած մարդիկ, գալով Հայաստան, իրենց արժեքավոր փորձն են բերում մեր երկիր և բարձրացնում Հայաստանի ճանաչելիությունը»,- նշել է նա:

Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար: «Մեծ պատիվ է գտնվել այստեղ և արժանանալ բարձր մրցանակի: Հայաստանը կարևոր է ինձ համար նաև նրանով, որ «Նեյշնլ ինսթրումենթս»-ն այստեղ ունի բավական ուժեղ թիմ: Ես ինձ համար բացահայտել եմ այն տաղանդը, որ կա Հայաստանում, և ուրախ եմ, որ մեր ընկերությունը նույնպես օժանդակում է հայ ինժեներների՝ գլոբալ տեխնոլոգիական տնտեսությանը ինտեգրվելուն: Հիանալի տեխնոլոգիական ժամանակներ են, և ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է մաս կազմել այս նոր ժամանակներին՝ ինտերնետի իրերի, ինքնավար մեքենաների, խելացի քաղաքի, 5G տեխնոլոգիաների և այլ առաջադեմ ուղղություններով»,- ասել է դոկտոր Թրուշարդը:

Ռալֆ Յիրիկյանն էլ ընդգծել է, որ իրենց ընկերությունը շատ ուրախ է մաս կազմել այս նշանակալի ծրագրին և համոզմունք հայտնել, որ մրցանակի կարևորությունը տարեցտարի մեծանում է:

Հովիկ Մուսայելյանը ևս կարևորել է ՏՏ լիդերների այցը, որը նպաստում է Հայաստանի ճանաչելիությանը՝ որպես գիտելիքին ապավինող երկիր: «Հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ մեր հանձնաժողովը հերթական բացառիկ որոշումն է կայացրել: Մենք այսօր ընդունում ենք միջազգային տեխնոլոգիական հանրության շրջանում մեծ ճանաչում ունեցող լեգենդի, որն իր գործունեությամբ ապացուցել է, որ անհնարին թվացողը հնարավոր է իրագործել»,- ասել է նա:

Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրել է Ջեյմս Թրուշարդի կենսագրությունը: Դոկտոր Թրուշարդը «Ֆորբսի»՝ Ամերիկայի սիրելի ղեկավարներից մեկն է, ով «Նեյշնլ Ինսթրումենթսում» հայտնի է որպես դոկտոր Թի, իսկ նրա առաջնորդած «Նեյշնլ ինսթրումենթս»-ը երեք հոգանոց թիմից վերածվել է վերազգային կազմակերպության, որն ընդգրկվել է «Աշխարհի 25 լավագույն վերազգային աշխատատեղերի» ցանկում:

Դոկտոր Թրուշարդի ղեկավարության ներքո «Նեյշնլ Ինսթրումենթս»-ը ծրագրավորման վրա հիմնված մոտեցմամբ վերասահմանեց թեստավորման և չափումների շուկան։ Այս տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ էին մի քանի առանցքային նորարարություններ: «LabVIEW»- ն այդ նպատակին հասնելու համար առանցքային ծրագրային նորարարությունն էր: «LabVIEW»-ն կառուցվածքայնացված տվյալների հոսքի ծրագրավորման լեզու է, որը համապատասխանում է չափումներ կատարելու ժամանակ գիտնականների և ճարտարագետների մտածելակերպին:

Թրուշարդը ճանաչվել է Վուդրո Վիլսոնի կորպորատիվ քաղաքացիության մրցանակի դափնեկիր, իր՝ համայնքային ներգրավվածության համար այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ճարտարագիտական հիմնադրամի խորհրդատվական խորհուրդը, Տեխասի համալսարանը Օսթինի կանցլերի խորհուրդը, Օսթինի ծրագրային ապահովման խորհուրդը և «FIRST» Ռոբոտիքսը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ