Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Թվացյալ մանրուքներ, որոնք ամենևին մանրուք չեն

tvacyal-manrouqner--oronq-amenein-manrouq-cen

Ցանկացած պետության գոյատևման առաջնային պայմաններից մեկը ազգային անվտանգության ապահովումն է: Եվ խոսքը այստեղ ամենևին էլ միայն երկրի սահմանների պատշաճ պահպանության, թշնամական հետախուզությունների հետ արդյունավետ պայքարի կամ նույնիսկ տեղեկատվական պատերազմում մշտապես հաղթանակի հասնելու մասին չէ:

Թվարկածս նախապայմանները «ազգային անվտանգություն» անվնամամբ՝ հսկայական այսբերգի գագաթներն են միայն: Իսկ « ներքևում» բազմաթիվ այլ գործոններ են աշխատում՝ քաղաքական, հոգևոր, տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային, ինչո՞ւ ոչ, նաև՝ հոգեբանական, որոնք այսպես, թե այնպես իրենց ազդեցությունն են թողնում պետական անվտանգության համակարգի վրա: Ընդ որում, այդ բոլոր գործոնների ազդեցությունն աճում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղիղ համեմատական:

«Մանրուքներ չկան» աքսիոման առաջին հերթին պետք է գիտակցեն պետական մարմինները, կշռադատելով իրենց կողմից հնչեցրած ցանկացած բանավոր կամ գրավոր հայտարարությունը, բնականաբար, մինչև այն անելը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում օրենքի շրջանակներում միջամտելով, ներառյալ՝ կանխելով հանրային այնպիսի նախաձեռնություններ, որոնք ակնհայտորեն կարող են սպառնալ պետական շահերին, առավել ևս՝ պետական անվտանգությանը:

Միտքս ավելի հասկանալի դարձնելու համար բերեմ մի քանի թարմ օրինակներ:

Օրեր առաջ, երբ խոսք գնաց նախարարությունների թվի կրճատման և դրանց վերակառուցման մասին, հայտարարվեց, որ տրանսպորտի և կապի նախարարությունը այսուհետ կոչվելու է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն: Ակնհայտ էր, որ «ռազմարդյունաբերություն» բառն այստեղ, մեղմ ասած, ավելորդ է: Ապագայում այն կարող է շահարկումների առիթ տալ մեր ոչ բարեկամներին, խոչընդոտելով այս կարևորագույն ոլորտում արդյունավետ միջազգային համագործակցությանը: Եվ լավ է, որ երեկվա իր ճեպազրույցում այս հարցին անդրադարձավ նախարարի պաշտոնակատար (և ամենայն հավանականությամբ ապագա նախարար) պարոն Արշակյանը, ըստ էության ընդունելով, որ անվանումը պետք է փոխվի: Իսկ գործը կարելի է և պետք է անել լուռ, առանց ամպագոռգոռ հայտարարությունների:

Հաջորդը: Հունվարի 12-ին, մի քանի տարի առաջ Գյումրիում՝ ռուս զինծառայողի կողմից իրականացված դաժան ոճրագործության տարելիցի օրը տեղի է ունենալու բողոքի ցույց: Պարզվում է, կազմակերպիչները բողոքելու են «բազայի զինծառայողների կողմից շարունակվող հանցագործությունների դեմ»: Փաստորեն, կրկին երևան է գալիս որոշ քաղաքական ուժերի և անպատասխանատու գործիչների կողմից պարբերաբար վեր հանվող՝ 102-րդ ռազմաբազան Հայաստանից վտարելու հարցը: Հասկանալու համար, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ սա մեր պետական անվտանգության վրա, բավական է ընդամենը մեկ անգամ Գյումրիից մեքենայով մեկնել Արմավիր՝ ուշադրության տակ պահելով ճանապարհի աջակողմյան հատվածը: Շատ չծավալվեմ: Կարծում եմ, մեր գործադիրը պետք է իր հեղինակավոր խոսքն ասի՝ այս թեման մեկընդմիշտ փակելու համար:

Եվ վերջին օրինակը: Այսուհետ բանակային ծառայության մեկնող զինակոչիկներին թույլատրվելու է ունենալ առանց ֆոտո և տեսանկարահանման հնարավորությունների բջջային հեռախոսներ: Որպիսին էլ որ լինեն մեր որոշ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների, մասնավորապես՝ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հիմնավորումները, որքան էլ դրանցում տրամաբանական երանգներ կան, բայց այսօրվա տեխնոլոգիական հագեցվածության պայմաններում, արժե՞, արդյոք գնալ նման ռիսկի: Ամենևին զարմանալի չէ մի շարք հեղինակավոր զինվորականների, մասնավորապես՝ լեգենդար Կոմանդոսի խիստ բացասական արձագանքը, որոնք, ցավոք, անտեսվեցին:

Առաջին հայացքից իրարից հեռու այս օրինակները շաղկապված են և գալիս են վկայելու, որ ազգային անվտանգության մեջ մանրուքներ չկան: Դրան առընչվող ցանկացած հարց կամ նախաձեռնություն պետք է բազմակողմանի ուսումնասիրվի, հաշվի առնելով բոլոր գործոնները: Ամեն սխալ կամ վրիպում չէ, որ կարելի է հետագայում ուղղել առանց հետևանքների: Բնականաբար, բացասական:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ