Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Թղթե շերեփը երկաթե շերեփով փոխարինեցինք ու հաղթեցինք. Վարդան Ավետիսյան

am
txte-serepe-erkate-serepov-poxarinecinq-ou-haxtecinq-vardan-avetisyan

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցազրույցը  գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի մասնակից, ՊՆ նախարարի խորհրդական ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ

-Արցախյան ազատամարտը հարուստ է հերոսական դրվագներով, սակայն Շուշիի ազատամարտը իրապես համարվում է հայ ոգու պոռթկման հզոր դրսեւորում.<<Հարսանիք լեռներում>> օպերացիայի հաղթանակով վճռական բեկում մտավ արցախյան ազատամարտում, իզուր չէ, որ 24 տարի շարունակ այն պատմվում է ու դեռ շատ է վերապատմվելու:

-Եվ իրոք, արցախյան պատերազմի մեր կարևոր մարտական գործողությունների թագն ու պսակը Շուշիի հաղթանակն է: 1991-ի դեկտեմբերն էր, ադրբեջանական զինված ուժերը Շուշիի բարձունքներից անդադար հրետակոծում էին Ստեփանակերտը: Հայկական կողմն իր առաջ խնդիր դրեց` լռեցնել թշնամուն և գրավել Շուշին: Սկսվում է հետախուզությունը. մանրակրկիտ ուսումնասիրվում է հակառակորդի դիրքերը, ճշգրտվում են նրա քանակական տվյալները, մշակվում, քարտեզագրվում գործողությունների ընթացքը, ու այդ ամբողջ <<թաթերականացումը>> տեղափոխվում է ռազմական քարտեզների վրա: Այդ բազմաբնույթ նախապատրաստական աշխատանքի արդյունքում կազմվում է այն ռազմական պլանը, որը Վազգեն Սարգսյանն անվանեց <<Հարսանիք լեռներում>>:

1992-ի մայիսի լույս 8-ի գիշերը սկսվում են գործողությունները` միաժամանակյա չորս ուղղություններով: Ռազմական գործողությունը ղեկավարում էր ԻՊՈՒ հրամանատար Ա. Տեր-Թադեոսյանը` Կոմանդոսը: Շուշիի բարձունքների մոտակայքում հակառակորդին հաջողվում է շարքից հանել մեր տանկերից մեկը, բայց մեր տղաները դրանից ամենևին չեն ընկրկում, հակառակը, ավելի են ոգևորվում, լցվում հաղթելու վճռականությամբ:

Հաղթահարելով Շուշիի դժվարին բարձունքը հայկական ջոկատները օղակի մեջ են առնում հակառակորդին: Պետք է ասեմ, որ ադրբեջանցիները ևս կատաղի մարտնչում էին, բայց նրանց կռիվը դատապարտված էր ձախողման, որովհետև շրջապատման մեջ էին հայտնվել ու չունեին լուրջ մշակված պաշտպանական ռազմավարություն:

Հայկական ստորաբաժանմունքների կողմից իրականացված կայծակնային օպերացիայի արդյունքում մենք ունեցանք նվազագույն մարդկային կորուստներ. հայկական կողմը կորցրեց 58 մարտիկ, ադրբեջանականը՝ շուրջ 200: Հակառակորդը հարկադրված էր զիջել դիրքերը: Մայիսի 9-ի առավոտյան՝ 04։00-ին, Տեր-Թադևոսյանը հայտարարեց՝ հակառակորդի բոլոր խմբավորումները լքել են Շուշին։

-Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական այդ գործողությունն անգամ զարմացրել է գերմանացի ռազմական գործչին. պատմում են, թե Արցախ ժամանած գերմանացին նայել է Շուշիի դիրքին ու զարմացած հարցրել` հայկական զորամիավորումներն ինչպե՞ս են կարողացել գրավել այս անառիկ ամրոցը: Պատասխանը եղել է` որովհետև մենք մեր բռնազավթված հայրենիքն էինք կտոր-կտոր հետ բերում, Շուշին ոգու ճակատամարտ էր:

-Շուշիի ազատագրումը հետևանք էր ոչ միայն բացառիկ ռազմավարական գործողության, այլև բարձր ոգու: Ինչպիսի անառիկ ամրոց էլ լիներ, միևնույն է` հաղթահարելու էինք, քանի որ մեր տղաներին առաջ մղողը հայրենի հողի կարոտն էր, մեր նախնիների սուրբ գերեզմաններին տեր կանգնելու պարտականությունը: 70 տարուց ավելի մնալով քոչվորի ձեռքին սրբապղծվել էին մեր վանքերը, մեր նախնյաց շիրիմները: Ու հայ զինվորը այդ դժվարին վերելքը մագլցում էր մեր սրբություններին տեր լինելու զգացումով:

Շուշին անառիկ ամրոց է, քաղաքը կառուցված է շատ բարդ տեղանքում` երկու կողմերից երիզված անդնդախոր ձորեր, գետեր, այդ ապառաժներն ու ժայռերը հաղթահարելը մեծ մաքառում էր պահանջում: Հայկական ստորաբաժանմունքները գրավելով անառիկ բերդաքաղաքը թշնամուն ապացուցեին, որ անկոտրում է հայի ոգին, որ հայն ունի իր հայրենիքը վերագտնելու համառություն, հայկական հինավուրց հողի վրա ապրելու անկապտելի իրավունք, ինչի համար պատրաստ է հաղթահարել ցանկացած դժվարություն:

Շուշիի օպերացիայի հաջողակ ավարտին սրտատրոփ սպասում էին նաև ղարաբաղյան ինքնապաշտպանական բոլորը ճակատներում: Այդ հաղթանակը մեծ ոգևորություն էր բոլորիս համար, այն առավել ամրապնդեց մարտերում կոփված հայոց հաղթական ոգին:

-Իզուր չի ասվում, որ <<Հարսանքը լեռներում>> օպերացիայից հետո ադրբեջանցիները սկսեցին մեկը մյուսի հետևից պարտություն կրել:

– Շուշիի բարձունքներում տարած հաղթանակով մեր տղաները կոտրեցին թշնամու ոգին, խուճապի մատնեցին նրան: Շուշիի ազատագրմանը հաջորդեց Լաչինի, այժմ Բերձորի միջանցքի բացման ռազմական գործողությունը, ճեղքվեց ԼՂՀ շրջափակման օղակը, բացվեց Արցախը Հայաստանին միացնող կյանքի ճանապարհը: Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին Հարավ-արևելյան տարածքները` Ղուբաթլիի` ներկայիս Քաշունիքի, Ֆիզուլիի` ներկայիս Քաշաթաղի շրջանները: Շուշիի հաղթանակը ցույց տվեց հայ ժողդովրդի միասնությունը, համառությունը, ռազմական արվեստին տիրապետելու մեր մեծ շնորհը: Բոլոր ստորաբաժանումները մեկ բռունցք էին դարձել, իսկ շաղախը հաղթանակի նպատակադրումն էր: Այդ ամենի արդյունքում էլ մենք հաղթանակեցինք:

-Խաղաղ օրերին մենք հաճախ ենք մոռանում մեր փառահեղ հաղթանակների մասին, մոռանում ենք, որ հայն իր հայրենիքի համար գիտի անձնազոհաբար կռվել. երկու տասնամյակ առաջ կատարվեց մեր երազանքը՝ և դա այն էր, որ մեր բաժինը պատմության <<կաթսայից>> հանեցինք երկաթե շերեփով:

-Այո~, Խրիմյան Հայրիկը մեզ մեծ պատգամ է թողել` թղթե շերեփը երկաթե շերեփով փոխարինելու մասին: Արցախյան ազատամարտը սկզբից մինչև վերջ այդ պատգամին հավատարիմ է ընթացել: Մենք ոտքի ելանք անկախության գաղափարով, ու գնացինք մեր ինքնության արմատների վերագտման, հաստատման ճանապարհով, լավ իմանալով, որ մեզ մեծ դժվարություններ, փորձություններ են սպասվում: Թշնամին իր անմարդկային, նենգ քայլերով մեզ պարտադրեց այդ պատերազմը, քանի որ անկարող եղավ հարգել արցախցու ինքնորոշման իրավունքը, և մեր քաղաքակիրթ պահանջին հակադրեց արցախահայերին սպանելու, ոչնչացնելու ստոր գործողությունները: Մեզ այլ բան չէր մնում անել, քան առաջնորդվել` <<Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման>> կարգախոսով: Համոզվեցին` ուժի դեմ ուժ, զենքի դեմ ` զենք պետք է կիրառել: Համոզվեցինք Խրիմյան Հայրիկի երկաթե շերեփի ճշմարտացիության մեջ: Ու լծվեցինք մեր հայրենիքի ինքնապաշտպանության գործին: Պատերազմի թոհուբոհում էլ ծնվեց, ձևավորվեց, ամրացավ մեր բանակը: Այսօր հպարտությամբ ասում ենք, որ ունենք կայացած, հզոր, ժամանակակից տեխնիկայով սպառազինված բանակ, որը տարածաշրջանի մարտունակ բանակներից մեկն է:

Իսկ Հայոց բանակի ոգին արցախյան ազատամարտում տարած հաղթանակն է, նաև դրանով ենք մենք զորեղ մեր դիմաց կանգնած թշնամու պարտված բանակից:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ