Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի տնօրենին

am
valeriy-osipyann-endounel-e-ostikanoutyan-peteri-mijazgayin-asociaciayi-tnorenin

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի ղեկավար Փոլ Սելին, ասոցիացիայի գործադիր տնօրեն Վինս Հոուքսին և պատվավոր գործընկեր, Global Policing Initiative-ի տնօրեն Մեթյու Թորիգիանին:

հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց վերջին տարում Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ նախևառաջ խնդիր է դրվել արմատախիլ անել կոռուպցիայի համակարգային դրսևորումները:

Նշվեց, որ փոփոխություններ են կատարվել բոլոր ստորաբաժանումների աշխատանքում:
Մասնավորապես, տարիներ շարունակ հանրային գիտակցության մեջ հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում ընկալվող ոստիկանության զորքերը այսօր սահմանապահ գործառույթ է կատարում և իրականացնում մարտական հերթապահություն: Ճանապարհային ոստիկանության ոլորտում քայլերն ուղղված են համակարգային փոփոխություններին, որոնց նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն ու պատահարների նվազեցումն է: Ակտիվ աշխատանքներ են տարվում պարեկային ծառայության կայացման ուղղությամբ, ուսումնասիրվում է տարբեր երկրների առաջավոր փորձն այդ բնագավառում: Միջոցներ են ձեռնարկվում համայնքային ոստիկանության ինստիտուտի ամրապնդման ու կատարելագործման համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փոլ Սելը ներկայացրեց աշխարհի 164 երկրներում ներկայացուցչություններ ունեցող ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի գործառույթներն ու խնդիրները: 

Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ մեր երկրում այսօր աննախադեպ հանրային վստահություն կա ոստիկանության հանդեպ, որն ամրապնդելու և անշրջելի դարձնելու առումով կարևորվում է միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացումն ու փորձի հետագա փոխանակումը:

Հայաստանի ոստիկանության աշխատանքի արդյունավետության համատեքստում Փոլ Սելը նշեց անվտանգության բարձր մակարդակը մայրաքաղաքում և դրական գնահատեց զբոսաշրջիկների մեծ թվի պայմաններում ոստիկանության արդյունավետ գործունեությունն ու հյուրերի անվտանգության ապահովման աստիճանը: 
Փոլ Սելը հավելեց նաև, որ ասոցիացիայի խնդիրը համագործակցության ընդլայնման նպատակով բոլոր երկրներում ներկայացուցչություններ ունենալն ու կազմակերպության շուրջ 30 հազար անդամների, մասնագետների, փորձագետների ներուժի համատեղ ու արդյունավետ կիրառումն է կիբեռհանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Լրահոս

Նմանատիպ նորություններ