Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Վարչապետը ճիշտ է ասում՝ Արցախի քաղաքացիները նրան քվե չեն տվել. Վիտալի Բալասանյան

am
varcapete-jist-e-asoum-arcaxi-qaxaqacinere-nran-qve-cen-tvel-vitali-balasanyan

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցազրույցը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ
 

-Կա մտավախություն, որ մինչ օրս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հետ կապված չունի հստակ քաղաքականություն: Դուք ինչպե՞ս եք գնահատում արցախյան հարցում Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը:

-Մենք ՀՀ իշխանություններին տվել ենք մեր բանավոր համաձայնությունը, իսկ դա այն է, ինչի մասին բարձրաձայնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Մնացածը, ինչի մասին խոսվում է կուլիսներից դուրս՝ մենք տեղեկացված չենք: Մտավախություն կամ մտահոգություն չունենք, քանի որ համոզված ենք՝  ցանկացած հարցով լինելու են պայմանավորվածություններ:

-Այդ դեպքում ինչո՞ւ է հաճախվարչապետ Փաշինյանը կրկնում, թե ժողովուրդն իրեն չի տվել մանդատ՝ խոսելու Արցախի անունից:

-Ինքը միանշանակորեն ճիշտ է ասում, որովհետև Արցախում ապրող բնակչությունը չի քվեարկել իրեն, չի մասնակցել  ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին:  Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել է ՀՀ-ում ապրող քաղաքացիների քվեով: Արցախի Հանրապետությունում ապրող քաղաքացիները նրան քվե չեն տվել:

-Կա մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանը գործընթացը տանում է ևս մեկ հանրաքվե կազմակերպելու ուղղությամբ:

-Արցախի հարցո՞վ, չկա նման բան, միանշանակորեն կարող եմ ասել՝ չկա, պնդում եմ, վստահ եմ համոզված եմ: Ես  որևէ մտավախություն չունեմ:

-Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք Հայաստանում առկա այն մտավախությունը,  անհանգստությունը, թե Փաշինյանը գործընթացը տանում է Լևոն Տեր-Պետրոսյանի գծած սցենարով, որի մոտեցումները հայտնի են, մասնավորաբար, տարածքների զիջում՝ խաղաղության դիմաց:

- Ես չեմ կարող ասել, թե ի՞նչ գաղտնի քայլեր են կատարվում, Արցախի ու ՀՀ իշխանության  տարբեր մակարդակներով կայացած հանդիպումների ժամանակ հստակեցրել ենք այն ամենից, ինչի մասին պետք է  բանակցի ՀՀ վարչապետը ու, ընդհանրապես,  մենք գործ չունենք այն ամենի հետ, ինչը խոսվում է գաղտնի և մեզ իրավունք չենք վերապահում դա իմանալ:

 Նաև ասեմ, որ մենք առաջնորդվում ենք միայն պետական հայտարարությոններով: Ես չգիտեմ, թե որտեղի՞ց են ծնվում նման մտահոգությունները. Արցախում  որևէ անհանգստություն չկա, քանի որ մենք ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք ՀՀ իշխանության հետ:

 Արցախն իր բանավոր համաձայնությունը տվել է, որպեսզի Փաշինյանը համանախագահների հետ հանդիպման ժամանակ բարձրացնի Արցախի մասնակցության հարցը՝ որպես բանակցային լիիրավ կողմ. Եվ պնդել ենք, որ այն փաստաթղթերը, որոնք դրված են բանակցային սեղանին  պետք է ընդունվեն միմիայն Արցախի, Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև  կնքվելիք խաղաղության եռակողմ  պայմանագրի ստորագրմամբ: Այլ թեմա չկա:

- Բանակցային սեղանին մի փաստաթուղթ է, որն  իր բնույթով արդեն իսկ պատերազմաբեր է: Խոսքս մադրիդյան սկզբունքների մասին է:  Չէիք  ակնկալո՞ւմ, որ Փաշինյանը պետք է գնար Մադրիդյան՝ ոչ հայանպաստ, փաստաթուղթը մերժելու ճանապարհով:
-Ուզում եմ մեկընդմիշտ իմանանք, ինչպիսի փաստաթուղթ էլ քննարկեն, եթե չլինի Արցախի համաձայնությունը, ապա որևէ մեկը չի կարող որոշում կայացնել: Արցախն այդ փաստաթղթին ծանոթ է ընդամենը  բանավոր կերպով, սակայն պաշտոնական փաստաթղթին՝ գրավոր տարբերակով ծանոթ չէ, քանի որ մենք չենք մասնակցում բանակցություններին: Արցախի մասնակցությունը բանակցություններին կայանում է հետևյալում՝ Մինսկի խմբի  համանախագահները, կամ  Կասպրչիկը ժամանակ առ ժամանակ հանդիպում են Արցախի Հանրապետության իշխանության հետ: Գիտենք և արձագանքում ենք միայն այն ամենին, ինչը պաշտոնապես հայտարարվում է: Կրկնեմ՝  առանց Արցախի համաձայնության չի ընդունվի որևէ փաստաթուղթ, չի լուծվի որևէ հարց:

-Իսկ ի՞նչ կասեք վերջերս Արցախում կազմակերպված՝ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք ձևավորելուն միտված ֆորումի մասին. Արցախում կա՞ կոնսենսուս այս հարցում:

-Արցախում դեռևս 1994-ի մայիսից ենք այս թեմայից խոսում և ես 2005-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եմ այս  հարցը բարձրացրել,  նաև 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ես վաղուց եմ ասել՝ օր առաջ պետք է կնքվի միջպետական պայմանագիր Հայաստանի ու Արցախի միջև:

-Գուցե, նախ, պետք էր նախնական քայլե՞ր արվեին, օրինակ, այդ մասին իրազեկվեր Մինսկի խմբի  համանախագահներին, հիմքեր ստեղծվեն, ներկայացվի՞, թե ինչո՞ւ է Հայաստանն ու Արցախը գնում այդ քայլին, որ դրան ստիպում է Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ և, որպեսզի այդ քայլը չդիտվի բանակցային գործընթացը խոչընդոտող:

-Ասեմ, որ Մինսկի խմբի համանախագահները վաղուց տեղյակ են, թե ինչի՞ մասին է խոսքը: Եվ  այս տարիների ընթացքում համանախագահող որևէ երկիր բացասական գնահատական չի տվել:

-Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ստեղծումը  չի կարո՞ղ բացել Ադրբեջանի ձեռքերը՝ լայնամասշտաբ հարձակման համար:

- Ո՛չ, սա այն առիթը  չէ, որ Ադրբեջանը գնա նման գործողության:

 

Հարցազրույցի մի հատվածը՝ տեսանյութում.

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ