Վարչապետն արագընթաց գնացքով Գյումրի է մեկնել (տեսանյութ)

am es
varcapetn-aragentac-gnacqov-gyoumri-e-meknel-tesanyout

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվության բաժնից:

Մինչ այդ վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև կայարանի թանգարանում:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից էլեկտրագնացքների ավելացման որոշումը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպմանը:

Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում:

Նիկոլ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարելու նաև վագոնավերանորոգման և լոկոմոտիվային դեպոներում:

* * *

Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից: Նոր էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե: Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09:40 և 17:15-ին մեկնելով Երևանից Գյումրի և 09:05 և 17:10-ին վերադառնալով մայրաքաղաք:

ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:

Հավելենք, որ գնացքի տոմս արժե 2500 դրամ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ