Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Վաշինգտոնի վերջնագիրը Անկարային

vasingtoni-verjnagire-ankarayin

Վաշինգտոն-Անկարա դիմակայությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաև սրվում: Ռուսների հետ թուրքերի ռազմատեխնիկական գործարքը և հակաօդային պաշտպանության զինտեխնիկա գնելու վճռականությունը ստիպում է ԱՄՆ-ին կոշտացնել դիրքերը և ուղերձները Թուրքիայի նկատմամբ:

Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության աննահանջ վճռականությունը վտանգավոր փուլ է ուղենշում թուրք-ամերիկյան հարաբերութունների համար: Ճգնաժամն արդեն խորացել է այն աստիճան, որ ԱՄՆ փոխնախագահը Թուրքիային դիմել է գրեթե վերջնագրի տոնով ու բառամթերքով:

«Թուրքիան ստիպված է կատարել իր ընտրությունը. ուզո՞ւմ է արդյոք շարունակել մնալ ամենահաջող ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերը, թե՞ ցանկանում է վտանգի տակ դնել այդ գործընկերությունը և անխոհեմ որոշումներ կայացնել»,- սոցանցում գրառել է Մայք Փենսը:

Ի դեպ, Փենսի շուրթերով հղված Վաշինգտոնի այս ուղերձը ճիշտ էլ ընկալվել է թուրքական իշխանական լրատվամիջոցների կողմից, որոնք Փենսի վերոհիշյալ ձևակերպումը բնութագրել են որպես վերջնագիր:

Անկարայի պատասխանը չի ուշացել: Նույն ձևաչափով՝ երկրի փոխնախագահի մակարդակով, ըստ էության, պատասխան հարցադրում է արվել Սպիտակ տան ղեկավարությանը:

Թուրքիայի փոխնախագահ Հասան Օքթայը արձագանքել է. «ԱՄՆ-ն պետք է որոշում կայացնի. արդյո՞ք ցանկանում է մնալ Թուրքիայի գործընկեր, թե՞ ցանկանում է վտանգի տակ դնել այդ գործընկերությունը՝ գործակցելով այն ահաբեկիչների հետ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրի թշնամիններն են»։

Սա նշանակում է Վաշինգտոնի վառած կարմիր լույսը Թուրքիային ոչ միայն չի սթափեցնում, այլ նաև մղում է ավելի հանդուգն դիմակայության: Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց ու ի՞նչ ռեսուրսներով է սնվում ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի այդօրինակ քաղաքական դիմակայության պոտենցիալը: Իսկ գուցե ԱՄՆ-ի դեմ ներկա փուլում միասնական ճակատով հանդես գալու ստվերային պայմանավորվածությո՞ւն կա ռուսների և թուրքերի միջև՝ աշխարհաքաղաքական փոխադարձ դիվիդենտների տրամադրմամբ: Սա, իհարկե, առայժմ չհաստատված վարկած է, բայց իրերի նման ընթացքը բավական կասկածելի է դարձնում նաև դրա հերքումը:

ԱՄՆ-ի հետ Թուրքիայի առճակատումը, բնականաբար, չի կարող շրջանցել տնտեսական ոլորտը, որտեղ Թուրքիան առավել խոցելի է, քան Միացյալ Նահանգները: Ենթադրելի է, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև դիվանագիտական թեժացող հակամարտությունը կարող է հանգեցնել առևտրային պատերազմի: ԱՄՆ-ի տնտեսության մեջ փոքր տոկոս են կազմում Թուրքիայից կատարվող ներդրումները, մինչդեռ Թուրքիայի համար ԱՄՆ-ի հետ առևտուրը զգալի ծավալներ և կարևորություն ունի: Հետևաբար ակնհայտ է, որ Թուրքիայի տնտեսության դեմ ԱՄՆ-ի հետագա գործողությունները կլինեն ավելի վտանգավոր, քան՝ հակառակը:

Բնականաբար, սա գիտակցում և հաշվարկում են Անկարայում: Բայց տարակուսելին մնում է այն, թե առավել մեծ ինչ շահի ակնկալիքով է Թուրքիան նման կորուստների ռիսկի գնում: Սլաքները դարձյալ ուղղվում են դեպի Ռուսաստան: Եթե պարզվի, որ ԱՄՆ-ին հակադրվող Թուրքիային «արյուն է տալիս» Ռուսաստանը, ապա սա մտահոգիչ կարող է լինել Հայաստանի համար:

ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների ճգնաժամը որոշակի իմաստով ձեռնտու է հայկական պետությանը, քանի որ ԱՄՆ-ի միջոցով կարելի կլինի առաջ մղել հայկական շահը: Բայց եթե այդ թուրք-ամերիկյան ճգնաժամը պիտի տեղի ունենա ռուս-թուրքական մերձեցման գնով, ապա դա էլ իր հերթին կարող է «կարմիր լույս» նշանակել Հայաստանի համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ