Վա՜յ, մի նկարեք, ինչ կեղնի. Գյումրու «Սաստեքս»-ի աշխատակիցները մտահոգ են (տեսանյութեր)

vay--mi-nkareq--inc-kexni-gyoumrou-sasteqs-i-asxatakicnere-tesanyouter--lousankarner

    Արդեն մի քանի օր է, ինչ Գյումրու «Սաստեքս» կարի արտադրամասում  աշխատավարձեր չստացած աշխատակիցների բողոքի մասին լուրերը համացանցի ամենաքննարկվող թեմաներից են:

    Գյումրու նախկին մարզային հիվանդանոցի շենքը գնելուց հետո «Սաստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին խոստանում էր 300-500 աշխատատեղ, աշխատանքի համար հերթագրել էին 1500 գործազուրկ: 2018թ-ի աշնանից «Սաստեքս»-ում աշխատանքային օրակարգ է, բայց ոչ աշխատանքային օրենսգրքին համապատասխան կարգուկանոն ու մթնոլորտ:

     Աշխատակիցների բողոքի պատճառներն են` իրենց ցածր աշխատավարձերը, անհարգալից վերաբերմունքը ղեկավարության կողմից, ոչ պատշաճ աշխատանքային պայմանները: Այս օրերին էլ լրատվամիջոցներով իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար  ընկերության պատասխանատուների կողմից ենթարկվում են ահաբեկման, որպեսզի այլևս չհանդգնեն դժգոհել այս պայմաններից, քանի որ արդյունքում այս աշխատանքն էլ կկորցնեն:

   Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այսօր ի պաշտպանություն աշխատակիցների մեկ մարդու նման «Սաստեքս»-ում էին: Տեսախցիկները տեսնելուն պես շատերը լքեցին կարի ֆաբրիկայի տարածքը, ասելով. ‹‹Վա՜յ, մի նկարեք, ինչ կեղնի››:

Մի քանի համարձակներ   տեսախցիկի առջև ներկայացրեցին ընկերության արհմիության ղեկավարի, փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի և այլ պատասխանատուների  հետ հանդիպման մանրամասները:

Աշխատակցուհիներից մեկն, ում անունն իր իսկ ցանկությամբ չենք հրապարակում, ՀԱՅ ՁԱՅՆ-ին փոխանցեց, որ իրենց պահանջին ի պատասխան հնչել է հետևյալ բացատրությունը, թե անորակ արտադրանք են թողարկել, դրա համար չեն տալիս մինիմալ աշխատավարձը.

    ‹‹Անցած ամսին ստացել եմ 27.900դ, էլ չեմ շարունակի այդ գումարով աշխատել, ես 15.000դ տրանսպորտի գումար եմ տալիս, «պերերիվի» համար եմ տալիս: Ինչի՞ համար պիտի գամ: Խոհանոց չկա, օդափոխիչ չկա, խոստացան, որ կապահովեն: Մենք կհասկանանք, որ նոր է բացվում, ֆինանսի խնդիր է, խոհանոց չունենալու հարցում մի կերպ յոլա ենք գնում, ազատում ենք ինչ-որ տեղեր, նստում հաց ենք ուտում, «տուալետը», սանհանգույց նորմալ է, վերաբերմուքը շատ կոպիտ է բոլորի կողմից:

Բացի մեր տեխնոլոգ-վարպետներից մեզ ոչ մեկը չի հասկանում, չի ընդառաջում, մենակ դրսի դուռն են ցույց տալիս: Հրակայուն նյութերից աշխատելիս ալերգիա ենք ձեռք բերել: Թունավորումներ են եղել, արդուկի աշխատողները քթերը փակ են աշխատել, դե վերջը, կտորի հետ ես աշխատում,  էդ փոշին մենք ենք շնչում: Մինչ այս չի եղել երբեք խոսակցություն, որ ասեն, որ անորակ է մեր աշխատանքը››:

Աշխատավարձի հաշման համար ինչ-որ բանաձև են ցույց տվել աշխատակիցներին, որ դրանով է հաշվվում, կուտակվում աշխատավարձը, ինչը, սակայն, խրթին է, ոչ հասկանալի աշխատակցների համար:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը կշարունակի հետևողականություն ցուցաբերել «Սաստեքսում» տեղի ունեցող զարգացումներին:

 

Լիզա Գասպարյան

Լրահոս

Նմանատիպ նորություններ