Վայոց ձորի անառիկ ամրոցը՝ Սմբատաբերդ

am en ru
vayoc-cori-anarik-amroce-smbataberd

Հայաստանի տարածքում պաշտպանական կառույցներ` բերդեր և ամրոցներ, կառուցվել են դեռևս հնագույն ժամանակներից: Դրանք կառուցվել են նպաստավոր վայրերում՝ զբաղեցնելով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ և թշնամական հարձակումների ժամանակ հանդիսացել են դիմադրության հենակետեր` հուսալի պատսպարան հանդիսանալով նաև շրջակա բնակիչների համար:  Այդպիսի ամրաշինական կառույցներից է նաև Սմբատաբերդը:

Սմբատաբերդ ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:

Պատմական ակնարկ

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է և հիմնվել է վաղ միջնադարում: Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:
Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն մնացել է անառիկ: Այս ամուր բերդը չի կարողացել գրավել նույնիսկ Նըսր արաբ զորավարը, 10-րդ դարի սկզբներին։
13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի:  Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը:  Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:

Կառուցվածքային առանձնահատկությունները

Ամբատաբերդը հանդիսացել է Եղեգիսի միջնաբերդը` գրավելով դժվարամատչելի  լեռնաբազուկի բարձրադիր գագաթամերձ մասը և ընդգրկելով ընդարձակ տարածություն: Ամրոցի հատակագիծը թելադրված է տեղանքի ռելիեֆի առանձահատկություններով: Ունի  կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը` 3-5 մետրի: Պարիսպները շարված են բազալտի ճեղքված և կոփածո քարերով ու կրաշաղախով, բարձրությունը տեղ-տեղ անցնում է տասը մետրից, լայնությունը` երեքից հինգ մետր է:Կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով: Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի` հարավային և հյուսիսային: Երկուսն էլ ունեցել են միջնաբերդեր: Երկու հատվածներում էլ կան զորնոցների, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք` հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից: Հյուսիսային և արևելյան մուտքերն անցնում են թաղածածկ սրահներով, որոնց տանիքներին տեղադրված են եղել դիտանոցներ: Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում: Արևմտյան միջնաբերդը վատ է պահպանվել: Այստեղ նկատելի են ուղղանկյուն-քառանկյունի կառույցների հիմնապատերը: Արևելյան միջնաբերդը անհամեմատ լավ է պահպանվել: Այն կիսաբոլոր ձգվում է ամրոցի ամենաբարձր` ժայռեղեն գագաթին, որոշ հատվածներում մինչև երեք մետր բարձրությամբ: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ներքուստ առկա են սենյակներ, որոնք միմյանց հետ հաղորդակցվում են միջանցքներով: Ամրոցի ներսում` պարիսպներին կից, պահպանվել են ճեղքված բազալտե քարերով կառուցված բազմաթիվ շինությունների փլատակներ, զորանոցներ: Ամրոցի ջուրը բերվել է Ցաղաց քար վանքի մոտերքից: Տեղացիների վկայությամբ այս ջրատարի կավե խողովակաշարի առանձին հատվածներ բացվել են Սմբատաբերդ և Ցաղաց քար հուշարձանների միջև ընկած տարածքից:
Բերդից մոտ 800 մ հյուսիս-արևելք` նույն լեռնաբազուկի գագաթներից մեկի վրա պահպանվել են պատերի մնացորդներ, որոնք ակներևաբար վերաբերում են Սմբատաբերդին և մտնում են նրա ամրությունների համակարգի մեջ: Նմանատիպ փոքր կառույցների հետքեր են առկա Եղեգիսի կիրճը եզերող բարձրությունների վրա` Հերմոնից մինչև Շատին: Ամենայն հավանականությամբ դրանք ծառայել են որպես դիտակետեր:

Ցաղաց Քար վանական համալիր

Ցաղաց քարի վանքը (Աստվածածնի անապատ, Արեգունու Սբ. Գրիգոր, Սբ. Կարապետ, Ղոշավանք, Ցագանկար), կրոնական կառույց է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից, 6-7 կմ հեռավորության վրա՝ լեռան վրա։ Կան պատմական տեղեկություններ եկեղեցու կառուցման մասին Ասողիկ պատմիչի աշխատության մեջ։
Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Ցաղաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, որտեղ սովորել են նկարչություն և կա վարկած անվան ընտրության հետ կապ ունի ծաղկած քար անվան հետ։ Եկեղեցին կառուցել է Բագրատունյաց թագավորության շրջանում 984-1029 թթ․ կառավարման շրջանում։ Շրջակայքում կան ևս 2 եկեղեցիներ ավելի վաղ թվագրությամբ։ Գլխավոր եկեղեցին Սբ․Կարապետ եկեղեցին։ Այն վերանորոգվել է 2013 թվականին։

Վանքի կառուցվածքային նկարագիրը

Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված արևելքում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Հարավից նրան կից է սյունասրահը, արևմուտքից՝ երկարավուն գավիթը, որի երկայնական պատերի ուղղությամբ տեղավորված են թաղածածկ խորշ-դամբարաններ։ Հուշարձանախմբի հարավում կառուցվել է ոչ մեծ թաղածածկ եկեղեցի։ Բոլոր շենքերը պարփակված են եղել պարսպապատով։ Ըստ Ստեփանոս Տարոնեցու, հուշարձանախումբը կառուցվել է 10-րդ դարում Աբաս Բագրատունու ժամանակ։ Հնագույն արձանագրությունը թվագրվում է 989 թվականով։ Այս խումբ կառույցներից արևելք համալիրի արևելյան խումբ շենքերն են, որոնք համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանք կառուցվել են 1041 թվականին Վարդիկ վանահոր կողմից։ Այդ են հաստատում նաև պահպանված արձանագրությունները։ Հուշարձանախմբի հյուսիսային կողմում սրբատաշ բազալտից կառուցված Սբ․ Կարապետ գմբեթավոր, չորս անկյուններում ավանդատներով եկեղեցին է։ Գմբեթատակ փոխանցումը առագաստային է, թմբուկը՝ ներսից և դրսից բոլորաձև։ Առանձնակի շեշտված է միակ՝ հարավային շքամուտքը, որի ձևերում ակնհայտ են Անիի հուշարձաններին բնորոշ շատ գծեր։ Շքամուտքի վերին ձախ անկյունում տեղավորված է եղել խոյը ճիրաններում թևատարած արծվի մի պատկերաքանդակ։ Հյուսիսային ճակատի վերին մասում, ճակտոնապատին տեղավորված է առյուծի և ցուլի մենամարտ ներկայացնող պատկերաքանդակ՝ իր չափերով ամենամեծը հայտնի բոլոր պատկերաքանդակներից։ Լուսամուտների խորշերի և դեկորատիվ այլ ձևերում ակնհայտ է Սյունիքի ճարտարապետական դպրոցի ավանդական ձևերի կրկնումը, թեև առկա են նաև Անիի հուշարձաններին բնորոշ ձևեր։ Այս խմբի երկրորդ կառույցը երկհարկ դամբարան-եկեղեցին է, որի առաջին հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արևմտյան կողմում տեղավորված քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և նրա երկու կողմերում տեղավորված խաչքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Ըստ ճարտարապետական հորինվածքի՝ հուշարձանը անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան-եկեղեցիների ձևերի, որտեղ որպես կանոն առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ հարկը՝ աղոթարանները։ Առավել տպավորիչ են երկու մեծ խաչքարերը, որոնց ձևերում հնավանդ սկզբունքներին զուգահեռ առկա են նաև հետագա դարերում լայն տարածում գտած շատ տարրեր։

Սմբատաբերդը, շնորհիվ բացառիկ դիրքի, իր կարևորությունը պահպանել է նաև նորագույնշրջանում, երբ Վայոց ձորի ժողովուրդը կենաց մահու կռիվ էր մղում դարավոր ոսոխների`օսմանյան զորքերի և նրանց մոտենալուց ոգևորված հենց իր հողում բնավորված դրկիցթշնամիների դեմ։ 1918թ. մարտ–ապրիլ ամիսներին, թշնամին դիրքավորվելով Սմբատաբերդում, գրեթե մեկ ամիսշուրջօրյա կրակի տակ էր պահում բերդի ստորոտում գտնվող հայաբնակ Էրդափին (հին ևՆերկա անունը` Արտաբույնք) գյուղը։ Հիշարժան է, որ Անթառամ անունով մի գեղջկուհիգիշերային հանդուգն հարձակում կազմակերպելով` կարողանում է թուրքերից հետ խլել բերդըև վերջ է տալիս գյուղի շրջափակմանը։ 2006-2007 թթ. Սմբատաբերդի որոշ հատվածներում իրականացվել են վերականգնմանաշխատանքներ:

Աղբյուրը՝ Armgeo.am

Լրահոս

Նմանատիպ նորություններ