Վազգեն Ա՝ Վեհափառ, ով միավորեց հայությունը և հավատքը

vazgen-a-vehapar--ov-miavorec-hayoutyoune-e-havatqe

Օգոստոսի 18-ին լրանում է 25 տարին այն օրվանից, երբ այլևս մեզ հետ չէ Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոսը՝ Վազգեն Առաջինը: Վեհափառը հիրավի մի ուրույն էջ գրեց ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլև համայն քրիստոնեության պատմության մեջ:

Առաջարկում եմ վերհիշել երջանկահիշատակ Վեհափառի աստվածահաճո և հայանպաստ գործունեության մի քանի կարևորագույն դրվագներ:

1955 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվելով Ամենայն Հայոց հովվապետ՝ Վազգեն Ա-ն անմիջապես ծավալեց ազգը և հավատքը միավորելու գործունեություն: Արդեն մի քանի ամիս անց նա հովվապետական այց կատարեց հայկական Սփյուռքի խոշոր համայնքներ:

1957 թվականի սկզբին Վեհափառի շնորհիվ Մայր Աթոռին վերադարձվեց հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի միջոցներով կառուցված նոր վեհարանի շենքը, ինչն աննախադեպ երևույթ էր: Խորհրդային տարիներին նման որոշումները կայացվում էին ամենաբարձր քաղաքական մակարդակով՝ Մոսկվայում, և այն, ինչ արեց Վազգեն Ա-ն, ոչ այլ ինչ էր, քան սխրանք:

Այդ նույն տարի Կաթողիկոսն այցելեց ԽՍՀՄ բոլոր մյուս հանրապետությունների հայկական թեմեր՝ իր աջակցությունը հայտնելով տեղի հոտին, որը Վեհափառին ընդունում էր մեծ ոգևորությամբ: Այսօր դժվար է պատկերացնել, որ այցի շրջանակնորում նա իր հայրապետական խոսքն արտասանեց Ադրբեջանի Բաքու և Կիրովաբադ (այսօրվա Գյանջա) քաղաքների հայկական եկեղեցիներում, իսկ մի քանի օր անց մեկնեց Արցախ՝ այցելելով Ստեփանակերտի, Շուշիի, Գանձասարի ու Ամարասի վանքերը և վերաբացելով որոշ նախկինում փակված վանքեր:

Ավելին, Վազգեն Վեհափառի օրոք ծավալվեցին հսկայական եկեղեցաշինական, ինչպես նաև վերանորոգման աշխատանքներ: Բերեմ մի փոքր մեջբերում երջանկահիշատակ կաթողիկոսի կենսագրականից. <<Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր, Սբ. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը>>:

Միգուցե կրկնվում եմ, սակայն չեմ կարող ևս մեկ անգամ չընդգծել՝ այս աստվածահաճո գործն արվում էր աթեիստական ԽՍՀՄ–ում այն պարագայում, երբ այլ հանրապետություններում եկեղեցիներ էին քանդվում, իսկ ոչ մեծաքանակ հավատացյալները շատ դեպքերում աղոթելու տեղ չունեին:

Հաջորդ մի քանի տարիներին Վեհափառն այցելեց Հյուսիսային և Հարավային Ամերիկայի թեմեր՝ Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, ԱՄՆ, Կանադա՝ ամեն տեղ արժանանալով տեղի հայության ակնածանքին և սիրուն:

Վազգեն Ա-ի ջանքերով 1962-ին Հայ Առաքելական եկեղեցին ոչ միայն դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի լիարժեք անդամ, այլև մեծ հեղինակություն վայելեց այդ կարևորագույն կառույցում:
Իր ողջ կյանքում Վազգեն Ա-ն միշտ եղել է իր ժողովրդի կողքին, կիսել նրա ուրախությունը և ոգևորել իր գործունեությամբ, իսկ ժողովուրդը ոչ միայն որպես հովվապետի, այլ հարազատի պես էր սիրում իր Կաթողիկոսին: Հիրավի, այսպիսի սեր է վայելել իր ժամանակին թերևս միայն Խրիմյան Հայրիկը: Գրեթե տուն չկար Խորհրդային Հայաստանում, որտեղ, եթե ոչ ամենաերևելի տեղում, ապա ննջասենյակի պահարանի պահոցում դրված չլիներ Վազգեն Ա-ի նկարը՝ Եկեղեցու Տարեգրի հետ մեկտեղ: Դուք կզարմանաք, սակայն իմ հորական կողմի հավատացյալ տատիկը, որն ազգությամբ վրացուհի էր, Վրաստանում գտնվող իր տան <<օթախի>> ամենաերևելի տեղում կողք կողքի տեղադրել էր հայ և վրացի Կաթողիկոսների լուսանկարները և աղոթում էր երկու լեզուներով: Ահա այսպիսի սեր ու հարգանք էր վայելում Վազգեն Ա-ն:

Երբեք չեմ մոռանա, ինչպես ղարաբաղյան պայքարի ամենածանր օրերին, երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը և գորբաչովյան ողջ պատժիչ մեքենան ուղղված էր մեր արդար պահանջը վիժեցնելուն, երբ զորք էր լցված ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում, երբ արդեն հայի ձեռքով հայեր էի սպանվել Երևանում, զառամյալ Հայրապետը հանրային հեռուստատեսությամբ, արցունքն աչքերին դիմեց իր հոտին՝ առ Աստված աղերսելով իրար մեջ թշնամի չփնտրել և միաբանվել:

Օրհնյալ լինես, սիրելի Հայրապետ: Մեծ Մարդ, որը միավորեց ազգը, միավորեց քրիստոնեական հավատքը՝ իր հետևից թողնելով կուռ և ամուր Հայ Առաքելական Եկեղեցի: Դա 1994 թվականն էր…


Լրահոս

Նմանատիպ նորություններ