Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Վերադարձված տոմսեր. երկրպագուները բոյկոտում են Բաքվի եզրափակիչը

veradarcvac-tomser-erkrpagounere-boykotoum-en-baqvi-ezrapakice

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու է եվրոպական ակումբային ֆուտբոլային մրցաշարերի պատմության մեջ ամենասկանդալային հանդիպումներից մեկը՝ իրար հետ մրցելու են Լոնդոնը ներկայացնող Չելսին և Արսենալը:

 Թերևս, սա այն դեպքն է, երբ ևս մեկ անգամ հաստատվում է, որ մեր օրերում չկա մի ոլորտ, ուր չի ներխուժել  նորին մեծություն քաղաքականությունը: Եվ եթե նույնիսկ պատահականություն համարենք Բաքվի՝ որպես եզրափակիչի անցկացման  վայրի ընտրությունը, ապա խաղի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններից արդեն ակնհայտորեն խավիարա-նավթային գարշահոտ է գալիս: Հերթական տգեղ պատմությունից, որը կապված էր հայ մարզիկների՝ Ադրբեջանում մրցումներին մասնակցելու անհնարության հետ, տուժեցին Լոնդոնի Արսենալը և նրա առանցքային խաղացողներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը, որը չի մասնակցի, միգուցեև, իր կյանքի ամենակարևոր մրցամարտին:

Չնայած այն բանին, որ ադրբեջանցի որոշ դիվանագետների և մարզական գործիչների շուրթերից հնչեցին խոստումներ՝ մեր Հենոյի անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ, դրանք այնքան անհոդաբաշխ էին, որ նույնիսկ արցախյան հակամարտությունից բացարձակ գաղափար չունեցող մարդիկ ամբողջ աշխարհում դրանց թերահավատորեն վերաբերվեն:

Այս առումով, շատ խոսուն է ռուսական կայքի՝ խաղին նվիրված հոդվածի վերնագիրը՝ «Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում. ամբողջական ձախողում: Եվ հարցը միայն Մխիթարյանը չէ»: Մասնավորապես, նշվում է, որ «Չելսիի» շուրջ 3000 և «Արսենալի» մոտ 2300 երկրպագու վերադարձրել են նախապես գնված տոմսերն ու հրաժարվել Բաքու մեկնելուց: Սա հետևանք էր նաև այն բանի, որ անգլիական մամուլը վերջին օրերին խորհուրդ էր տալիս մարդկանց՝ մուտքի արտոնագրի համար դիմելուց առաջ ճշտել, արդյոք, իրենց ազգանունը չի պարունակո՞ւմ հայկական արմատներ՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Ի դեպ, ի նշան բողոքի, Բաքու մեկնելուց հրաժարվեց նաև հայտնի ռուս ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը:

Այս պարագայում, շատ տրամաբանական կլիներ երկու լոնդոնյան ակումբների մրցամարտը անցկացնել հենց Լոնդոնում, սակայն ՈՒԵՖԱ –ն նույնիսկ քննարկել չցանկացավ մրցավայրի տեղափոխման հարցը: Ավելին, այդ կազմակերպության ղեկավարությունը խստիվ արգելեց «Արսենալի» ֆուտբոլիստներին մարզադաշտում ակցիա իրականացնել՝ ի պաշտպանություն Մխիթարյանի, նախավարժանքի դուրս գալով նրա ազգանվամբ վերնաշապիկներով:

Երեկ համացանցում պտտվում էր մի տեսահոլովակ, որը ստիպեց լռել նույնիսկ ամենալավատեսներին: Ադրբեջանցի ոստիկանները Բաքվի փողոցներում կանգնեցնում էին Մխիթարյան ազգանունով  սպորտային բլուզներ հագած  անգլիացի երկրպագուներին, այնուհետ խուճապահար ինչ-որ հեռախոսազանգեր կատարում՝ հավանաբար, իրենց հետագա անելիքը հստակեցնելու համար: Եվ փույթ չէ, որ դրանից հետո անգլիացի ֆանատներին թույլ էին տալիս շարունակել զբոսանքը: Ցանկացած խելամիտ մարդու համար պարզ դարձավ, որ նույնիսկ հագուստի վրա դաջված հայկական ազգանունը սարսափ ու ատելություն է առաջացնում մեր ոխերիմների մոտ, էլ ուր մնաց խոսել անվտանգության ապահովման մասին:

Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա կարելի է վստահաբար ասել, որ ողջ Ադրբեջանը երկրպագելու է «Չելսիին»: Իսկ մեզ մնում է հաջողություն մաղթել «Արսենալին»՝ նույնիսկ առանց Հենոյի:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ