Վերելակային դիվանագիտությունը և զորավարժությունները

verelakayin-divanagitoutyoune-e-zoravarjoutyounnere

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը հաղորդագրություն է տարածել, որում Ադրբեջանը մեղադրվում է լայնամասշտաբ զորավարժություններ կազմակերպելու և այդ մասին նախօրոք չհայտնելու համար։ Հիշեցնենք, որ ըստ գործող միջազգային օրենքների, մասնավորապես, Եվրոպայի սովորական սպառազիությունների կրճատման մասին հռչակագրի, այն ստորագրած բոլոր պետությունները պարտավոր են հայտնել հարևան պետություններին զորավարժությունների նախապատրաստման մասին։

Ըստ Վիեննայի միջազգային համաձայնության, զորավարժությունների մասին, որոնցում ընդգրված են 9 հազարից ավելի զինվոր և սպա, պարտադիր կերպով պետք է տեղեկացվեն հարևան երկրները։ Ադրբեջանն արդեն որերորդ անգամ կազմակերպում ու անցկացնում է լայնամասշտաբ, հարձակողական տիպի զորավարժություն՝ առանց հայտնելու դրա նախապատրաստման մասին։

Հետաքրքիր է, որ մեր հարևանը նմանատիպ զորավարժություններ ամեն անգամ անցկանում է ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո կամ առաջ։ Հիշեցնենք, որ նույն մասշտաբի զորավարժություն, առանց հայտնելու այդ մասին, Ադրբեջանը իրականացրեց անցած տարվա հուլիսին, սակայն այն ժամանակ դա խափանվեց Մինգեչաուրի ՋԷԿ-ի հայտնի վթարի հետևանքով, երբ այդ պետության բնակավայրերի կեսից ավելին զրկվեց էլեկտրաէներգիայից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև սպասվելիք հանդիպումից առաջ մոտ 10 հազար զինվորների, 500-ից ավելի զրահատեխնիկայի մասնակցությամբ զորավարժության շտապ կազմակերպումը ոչ այլ ինչ է, քան ճնշում գործադրելու փորձ հայկական կողմի վրա։ Ի դեպ, սա նաև ՀՀ ՊՆ գնահատականն է մարտի 11-ից Ադրբեջանում սկսվող զորավարժությունների մասին։

Հիշեցնենք նաև, որ սպասվելիք հանդիպումը Արցախյան հիմնախնդրի շուրջ քննարկումներով՝ տեղի է ունենում, փաստացի, առանց օրակարգի։ Այսինքն, հստակ չէ, թե հատկապես ինչ խնդիրներ են քննարկվելու այդ ժամանակ։ Մինչ այդ, երկկողմ հանդիպումները Փաշինյանի և Ալիևի միջև տեղի էին ունենում, այսպես կոչված, վերելակային ֆորմատով հանդիպումներ։

Այսինքն՝ պատահական, նախօրոք չհամաձայնվեցած հանդիպումներ տարբեր միջազգային գագաթաժողովների ու ֆորումների ժամանակ, առաջինը Դուշանբեում էր՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում, իսկ հետագայում շարունակվեց նաև այլ վայրերում։ Ու չնայած պետական քարոզչությունը պնդում էր, որ այդ հանդիպումները կարևոր նշանակություն են ունեցել շփման գծում խաղաղության հաստատման համար, սակայն իրականում այն նաև «նպաստել» է սահմանին թշնամու կողմից ինժեներական լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու համար։

Հայտնի է նաև, որ, այսպես կոչված, սահմանային լռությունը Ադրբեջանին հնարավորություն տվեց առաջ բերելու իր դիրքերը Նախիջևանի ուղղությամբ, ընդհուպ սպառնալով Երևան-Մեղրի ռազմավարական նշանակության ճանապարհին։ Ժամանակն է, որ պատահական, վերելակային հանդիպումները փոխարինվեն նախօրոք նախապատրաստված և հստակ օրակարգ ունեցող քննարկումներով, որտեղ առաջնային կլինի նաև շփման գծում ինժեներական աշխատանքների իրականացման դադարեցումը, ինչը իրական սպառնալիք է սահմանամերձ բնակավայրերի համար։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ