Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Վերնիսաժը սովորեցնում է պայքարել, ապրել. ասեղնագործ Լիլիթ Մելումյանի աշխատանքի պատմությունը (տեսանյութ)

am
vernisaje-sovorecnoum-e-payqarel--aprel-asexnagorc-lilit-meloumyani-asxatanqi-patmoutyoune-tesanyout

Ասեղնագործ Լիլիթ Մելումյանն է: Արդեն 13 տարի է նրա աշխատանքի վայրն անփոփոխ է՝ Երևան՝ Վերնիսաժ: Այստեղ տիկին Լիլիթին շատերն են ճանաչում, յուրօրինակ ու չկրկնվող ձեռագործ սփռոցներ է վաճառում: Հիմնականում գնորդները զբոսաշրջիկներ են ու նախընտրությունը տալիս են հայկական զարդանախշերին ու խորհրդանիշներին, ամենապահանջվածներն էլ նռով սփռոցներն են:

Տիկին Լիլիթը պատմում է՝ օրեր են լինում, որ ընդհանրապես ոչինչ չի վաճառվում, բայց երբեք հույսը չի կորցնում, վստահ է, որ եթե այսօր չէ, վաղն անպայման գնորդներ է ունենալու:

«Ինչպես գրողները, նկարիչները, այնպես էլ մենք, պետք է մուսա ունենանք, և ցանկացած աշխատանք սկսելիս  պետք է մտքերդ իմի բերես, կարողանաս ճիշտ դիզայն ու գույն ընտրել: Իսկ մեկ սփռոցը, եթե այն մեծ է, լինում է, որ մեկ ամսից էլ երկար է տևում ասեղնագործելը: Բայց ամենադժվարը գույնի ու ձևի ընտրությունն է, հետոն ավելի հեշտ է: Ես երբեմն ասում եմ, որ եթե նկարը կա, թե ինչ պետք է ասեղնագործեմ, արդեն աշխատանքն ավարտված է»:

Ասեղնագործությունն իրականում բարդ աշխատանք է, որովհետև պետք է ամեն մի դետալի վրա ճիշտ աշխատել, որպեսզի մաքուր լինի, համաչափ, գեղեցիկ, բայց Լիլիթ Մելումյանին աշխատանքի հետ կաված ոչ մի դժվարություն չի ընկճել, որովհետև սիրում է այն, ինչ անում է. «Երբ կտորը վերցնում եմ, ամբողջությամբ տարվում եմ, ոչինչ չի կարող ինձ շեղել ու միշտ լավ տրամադրությամբ եմ աշխատում: Եթե մի բան ինձ դուր չգա, չեմ կարողանա անել: Ամեն ինչ սիրով պետք է անես, եթե սիրով չանես, այն գեղեցիկ չի ստացվի»:

Իսկ ասեղնագործել մեր հերոսուհին սկսել է դեռևս 90-ականներից, երբ կյանքն ավելի դժվար էր և պետք էին միջոցներ ապրուստի համար. «Մութ ու ցուրտ տարիներն էին, երբ երեխաներս փոքր էին, աշխատանք չկար, Հունաստանից այս տեսակի աշխատանքներ էին բերում, մենք էլ որպես էժան աշխատուժ, աշխատում էինք: 9 տարի աշխատեցի, հետո մտածեցի, որ ավելի լավ է ես իմ աշխատանքները ստեղծեմ ու իմ առանձին գործն ունենամ, այդպես սկսվեց իմ՝ Վերնիսաժ գալը ու արդեն 13-14 տարի է այստեղ եմ: Վերնիսաժը սովորեցնում է պայքարել, ապրել»:

Ու չնայած ամենօրյա դժվարություններին ու փորձություններին, տիկին Լիլիթը դեռ մեծ հավատով ու ոգևորությամբ է խոսում իր երազանքների մասին. «Իմ երազանքն այն է, որ մեր հայ ազգը միշտ առողջ լինի, ոչ մի դժվարություն չտեսնենք, ու այնպիսի մի երկիր լինի, որտեղ գոնե մեր երեխաները դժվարությունների միջով չանցնեն, կարողանան ապրել, ոչ թե գոյատևել»:

Ավելին՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում:

 

Գոհար Մակարյան

Էմմա Հովսեփյան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ