Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Վիեննայում չհիշատակվեց Վիեննան

viennayoum-chisatakvec-viennan

Ինչպես հայտնի է, երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Նշենք, որ սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների արդեն թվով 49-րդ հանդիպումն է՝ սկսած 90-ականների սկզբից մինչ օրս։

Երեկ կայացածը՝ երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն էր, որը կազմակերպված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Մինչ այդ, նախորդ երեք հանդիպումները, որ տեղի էին ունեցել Սանկտ Պետերբուրգում, Դուշամբեում ու Դավոսում, կրում էին, այսպես ասած՝ պատահական բնույթ, իզուր չէ, որ դրանք ստացան <<վերելակային դիվանագիտություն>> անվանումը։

Այս հանդիպումից էական տեղաշար սպասելն անիմաստ էր, ու «արդյունքները»՝ թե՛ համանախագահների, թե՛ արտգործնախարարների հայտարարությունները, դրա մասին են վկայում։ Սակայն կարևոր է այն, որ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել հարցի լուծումը շարունակել բացառապես բանակցությունների միջոցով։

Հանուն ճշմարտության, նաև պետք է նշենք, որ սա համանախագահների հերթական հայտարարությունն էր, բոլոր հանդիպումները միշտ էլ ավարտվել են հավաստիացումներով, թե կողմերը պատրաստակամ են շարունակելու բանակցային գործընթացը։ Թերևս միակ հուսադրիչ պահը հումանիտար ծրագրերի իրականացման մասին հայտարարությունն է, որի տակ կարելի է հասկանալ երկու կողմերի պատրաստությունը՝ փոխանակել գերեվարված հայ և ադրբեջանցի պատանդներին, ինչը նշանակում է, որ հույսեր կան կազմակերպելու հայ գերու՝ Կարեն Ղազարյանի վերադարձը Հայաստան։

Մտահոգիչ է, որ Վիննայում չհիշատակվեց ո՛չ Վիեննայի, ո՛չ Սանկտ Պետերբուրդի պայմանավորվածությունների մասին: Հիշեցնենք, որ 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո, հայկական կողմին հաջողվել էր որոշակի առաջընթաց գրանցել, ձեռք բերել շփման գծում հրադադարի խախտման մեխանիզմներ տեղադրելու պայմանավորվածություններ, ինչը տեղ էր գտնում նաև համանախագահների տարածած հայտարարություններում:

Մինչդեռ Փաշինյան-Ալիև այս հանդիպումից հետո, թե՛ համանախագահների, թե՛ արտգործնախարարների հայտարարույթուններում հիշատակվում է Դուշանբեում կայացած, այսպես կոչված, վերելակային հանդիպումը և դրա արդյունքում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բանավոր համաձայնությունը։ Թե ինչքանով է կատարվում այս համաձայնությունը շատ վիճելի հարց է, քանի որ սահմանին շարունակվում են զոհվել մեր զինվորները, իսկ կրակահերթերը մեր դիրքապահների ուղղությամբ երբեք չեն դադարել։

Այս հայտարարությունների մեջ նաև ոչ մի հիշատակում չկա բանակցությունների սեղանին Արցախի Հանրապետության մասնակցության մասին, ինչը նշանակում է, որ այս հարցում առաջընթաց ևս չկա: Նաև դժվար է ասել, թե այդ հարցն առհասարակ քննարկվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն այդ թեմային չանդրադարձավ։

Ինչևէ, երկու երկրների ղեկավարների հանդիպումների շարքը շարունակական է լինելու, այսինքն՝ առջևում հոբելյանական 50-րդ հանդիպումն է: Կարծում ենք՝ արդյունքներն էականորեն չեն տարբերվի նախորդ հանդիպումներում գրանցվածից։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ