Վիրահայոց թեմի առաջնորդը հեռանում է պաշտոնից. եպիսկոպոսը կվերադառնա Հայաստան

am
virahayoc-temi-arajnorde-heranoum-e-pastonic-episkopose-kveradarna-hayastan

Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը:

Այս մասին նա հայտարարեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ, տեղեկացնում է jnews.ge-ն:

«Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ վերջին այցն է Սամցխե-Ջավախք և մոտ ժամանակներում Վիրահայոց թեմը նոր առաջնորդ կունենա»,- հայտարարեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Թեմակալ առաջնորդը Սամցխե-Ջավախքի փոխանորդի նշանակումը համարում է իր 17 տարիների աշխատանքի կարևորագույն դրվագներից մեկը: Նա իր հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում արգասաբեր է գնահատում:

Jnews-ի հետ զրույցում թեմակալ առաջնորդը նշել է, որ այս փոփոխությունը որևէ անձնական կամ այլ նկատառում չունի:

«Սա իմ ցանկությունն է, սա Վիրահայոց թեմի առաջնորդի ցանկությունն է, որին ընդառաջում է Հայոց կաթողիկոսը: Այս ամբողջը մեկ բացատրություն ունի, ինչպես 2001 թվականին նշանակվեցի այստեղ ծառայության, առանց որևէ բացատրության, այնպես էլ հիմա ծառայության եմ կոչվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- ասել է սրբազանը:

Առաջիկայում, երբ նոր առաջնորդ ծառայության կոչվի Վիրահայոց թեմ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կտեղափոխվի Հայաստան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ