Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Վիրտուալ Քելբաջար, իրական շքեղություն

virtoual-qelbajar--irakan-sqexoutyoun

Երևում է՝ Ադրբեջանում հանրային հնչեղություն է ստանում մի շատ էական հարց՝ ի՞նչ իմաստ ունի պետական բյուջեից ահռելի ծախսեր կատարել և պահպանել այն շրջանների գործադիր իշխանության ուռճացված աշխատակազմերը, որոնք իրականում գոյություն չունեն արդեն գրեթե երեք տասնամյակ: Խոսքը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին հարակից տարածքների մասին է:

Ադրբեջանական մամուլում տեղ է գտել հրապարակում, որտեղ խոսք է գնում Քելբաջարի գործադիր իշխանության ղեկավարի կողմից մարդատար ավտոմեքենայի գնման մրցույթ հայտարարելու մասին: Ըստ այդմ, Քելբաջարի գործադիր իշխանության «կարիքների համար հարկավոր է» «Մերսեդես» մակնիշի մարդատար մեքենա, որի արժեքը կազմում է 250 000 մանաթ»: Ինչպես արդարացիորեն նշում է հոդվածի հեղինակը, պարզ հասկացվում է, որ շքեղ մեքենան ձեռք է բերվում որպես ծառայողական փոխադրամիջոց, որը կսպասարկի շրջանի գործադիր իշխանության ղեկավարին: Այստեղ է, որ ադրբեջանցի լրագրողի նյարդերը չեն դիմացել, և նա սևով սպիտակին գրել է. «Բայց արժե՞ մի վիրտուալ շրջանի ղեկավարի համար ձեռք բերել թանկարժեք մեքենա, որը Եվրոպայում սպասարկում է պետության առաջնորդներին»: Հրապարակման մեխն, ինչպես ասում են, հենց այս կոնստատացիան է՝ իրականության մեջ Քելբաջարի շրջան գոյություն չունի, նրա բնակիչները երրորդ տասնամյակն է՝ հաստատված են Ադրբեջանի տարբեր վայրերում, հիմնականում Գերանբոյի շրջանում և Հաջիքենդում: Ինչպես այս անվանումներն են վկայում, նախկին քելբաջարցիներին բնակության տեղ է հատկացվել Շահումյանի շրջանում և Գետաշենում, որտեղից հայ բնակչությունը բռնատեղահանվել է 1991-92 թվականներին: Մեկ տարի հետո հայկական ուժերն ազատագրել են Քելբաջարը՝ բնակչության հեռանալու համար թողնելով մարդասիրական միջանցք: Եվ Ադրբեջանի իշխանություններն ընդունել են նրանց նախկինում հայաբնակ շրջաններում վերաբնակեցնելու որոշում:

Ի դեպ, Արցախի Շահումյանի շրջանում էլ վերաբնակվել են նախկին շահումյանցիներ և գետաշենցիներ: Փաստացի տեղի է ունեցել տարածքների փոխանակում: Այս իրողությունը հաշվի է առնելով է, որ ադրբեջանական մամուլն ուշադրության կենտրոն է բերել Քելբաջարի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի ծառայողական մեքենայի մրցույթի խնդիրը: Լրագրողը փաստացի իշխանություններին մեղադրում է կեղծարարության և պետական բյուջեի միջոցներն աննպատակ ծախսելու մեջ և արդարացիորեն բարձրացնում է խնդիրը՝ չէ՞ որ վիրտուալ շրջանների պետական կառավարման ապարատի վրա կատարվող ահռելի հատկացումները կարելի է ուղղել տեղահանված մարդկանց, առհասարակ՝ սոցիալապես խոցելի խավերի կարիքների բավարարմանը: Մեկ օրինակը բավական է, որպեսզի պարզ լինի, թե ֆինանսական ինչ գործարքներ են կատարվում Ադրբեջանում՝ այսպես կոչված փախստականների և տեղահանվածների խնդիրների լուծման անվան տակ:

Դա, իհարկե, ադրբեջանական ժողովրդի հոգսն է՝ ինչպես է համակերպվում նման իրավիճակին կամ ինչո՞ւ բողոքի ձայն չի բարձրացնում: Մեզ համար էականն այն է, որ ադրբեջանական հանրային գիտակցության մեջ առկա է «վիրտուալ շրջան» հասկացությունը: Հակառակ դեպքում նման ձևակերպում մամուլն իրեն թույլ չէր տա:

Այսինքն, ադրբեջանական ժողովուրդը վաղուց համոզվել է, որ այդ շրջաններն իրականում  Արցախի Հանրապետության մաս են կազմում, գտնվում են հայկական վերահսկողության ներքո: Եվ արդարացի հարց է բարձրացնում՝ ի՞նչ իմաստ ունի պահպանել պետական կառավարման մի ծախսատար համակարգ, եթե մարդիկ վաղուց բնակվում են Ադրբեջանի տարբեր շրջաններում, որոնք ունեն գործադիր իշխանություն: Ստացվում է այնպես, որ նախկին քելբաջարցիներն արդեն երրորդ տասնամյակն է՝ բնակվում են Գերնաբոյի շրջանում, որն ունի իր գործադիր իշխանության ղեկավարը, բայց Բաքվում պահպանվում է «Քելբաջարի շրջանի գործադիր իշխանության» աշխատակազմը: Թե ինչո՞վ են զբաղվում այնտեղ պետական ծառայություն իրականացնողները՝ մնում է միայն ենթադրել՝ մսխում են պետական բյուջեի միջոցները: Եվ այսպես՝ յոթ շրջանների անվան տակ: Լրագրողը հարց է բարձրացնում՝ մի՞թե վերահսկիչ պալատը չի տեսնում այդ աղաղակող երևույթները: Իհարկե, տեսնում է: Իհարկե, բոլորն էլ գիտեն, թե ինչ է կատարվում իրականում, բայց լռում են, որովհետև կեղծիքի կնքահայրը բարձրագույն իշխանությունն է՝ Իլհամ Ալիևը: Նրան ձեռնտու է, որ վիրտուալ շրջանների ղեկավարները Բաքվում ունենան նստավայր, ծառայողական շքեղ մեքենա, անձնական բիզնես: Պետական բյուջեից տրամադրվող միլիարդներն այնուհետև վերադառնում են իշխող ընտանիքին:

Կեղծիքը շարունակվում է արդեն ավելի քան քառորդ դար: Կյանք է մտնում երրորդ սերունդը, որ արդեն լիովին ներգրվել է նոր միջավայրում: Բայց իշխանության մարմինները շարունակում են «կառավարել» վիրտուալ շրջանները: Եվ, իհարկե, վայելում են իրական շքեղության բարիքները:

Ինչպես որ պահանջում են Իլհամ Ալիևի հաստատած խաղի կանոնները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ