Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Վրաց-ադրբեջանական դիմակայությունը խորանում է

vrac-adrbejanakan-dimakayoutyoune-xoranoum-e

Ինչպես երևում է, սահմանազատման հարցերով վրաց-ադրբեջանական բանակցությունները որևէ համաձայնության չեն բերում: Տեղեկություն է տարածվել, որ սահմանի վիճելի հատվածում ադրբեջանական կողմը կառուցել է նոր ուղեկալ, որի բացմանը ներկա է գտնվել սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը: Ադրբեջանական սահմանապահ ուղեկալի կառուցումը փաստացի Դավիթ Գարեջիի համալիրից կտրել է երկու եկեղեցի՝ Չիչխիտուրի և Ուդոբնո, որտեղ վրացի հոգևորականներն ու ուխտավորներն  արդեն մուտք չունեն: Ադրբեջանական կողմի այդ ձեռնարկումը մի բան է նշանակում՝ պաշտոնական Բաքուն մտադիր չէ գնալ որևէ փոխզիջման և պնդում է, որ ներկայիս փաստացի իրավիճակը պետք է ամրագրվի ապագա մեծ համաձայնագրով: Ըստ երևույթին, Վրաստանում խնդիրը հանրային մեծ հնչեղություն է ստացել: Վրաց ուղղափառ եկեղեցին, որ տարիներ շարունակ հանդուրժողականության կոչ էր հղում ու հորդորում հարցերը կարգավորել բարիդրացիական հարաբերությունների և համախոհության մթնոլորտում, անցել է կոշտ քայլերի: Ադրբեջանական լրատվամիջոցները համառոտ մեջբերումներ են անում Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեին հղած նամակից, որտեղ Կաթողիկոս-պատրիարքը՝ հղելով խորհրդային շրջանի փաստաթղթերին և քարտեզներին, ասում է, որ Չիչխիտուրի և Ուդոբնո եկեղեցիները «միշտ գտնվել են վրացական տարածքում»:

Կաթողիկոսը հարևան երկրի հոգևոր առաջնորդից պահանջում է քայլեր ձեռնարկել, որպեսզի նշված երկու եկեղեցիներ վրացի հոգևորականների, ուխտավորների և զբոսաշրջիկների մուտքն ազատվի: Ինչպես ասացինք, այդ եկեղեցիների հարևանությամբ է Ադրբեջանը սահմանային ուղեկալ կառուցել՝ կտրուկ մեծացնելով սահմանապահների թվաքականակը և ներգրավելով նույնիսկ ռազմական ծանր տեխնիկա: Բաքվում դա բացատրում են հուլիսի 14-ի միջադեպը չկրկնվելու անհրաժեշտությամբ: Այդ օրը վրացական կողմից մի խումբ երիտասարդներ անցել էին բաժանարար գիծը, զինաթափել ադրբեջանցի մեկ սահմանապահ զինվորի: Ներկայումս ադրբեջանական կողմն այդ հատվածում կատարում է նաև ամրաշինական աշխատանքներ: Ամեն ինչից հասկացվում է, որ Ադրբեջանը որդեգրել է վերջնագրային մոտեցում: Թեև որոշ ադրբեջանցի փորձագետներ իշխանություններին խորհուրդ են տալիս չսրել իրավիճակը, Դավիթ Գարեջիի համալիրը հայտարարել պատմամշակութային արգելոց և իրականացնել վրաց-ադրբեջանական համատեղ կառավարում: Ադրբեջանցի մեկնաբանները տպավորություն ունեն, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի նամակը քաղաքական քայլ է՝ իշխանությունների հետ կատարյալ համախոհությամբ: Խոսակցություններ կան, որ Վրաստանի նորանշանակ վարչապետն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը ծրագրում է Ադրբեջան: Այսպիսով, Բաքվում կարծում են, որ Գախարիան Ադրբեջան է այցելում, որպեսզի առաջին հերթին քննարկի վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածների, ամենից առաջ՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի հետ կապված հարցը:

Ադրբեջանում Վրաստանի հետ հարաբերությունների խնդրին նայում են ամենից առաջ էներգետիկ և կոմունիկացիոն նախագծերի, հարևան երկրում ադրբեջանական ներդրումների և թուրք-վրաց-ադրբեջանական աշխարհաքաղաքական ընտրության կտրվածքով:

Վրաստանում, ճիշտ է, չեն կարող անտեսել Ադրբեջանի հետ կապերի տնտեսական գրավչությունն ու նպատակահարմարությունը, բայց մյուս կողմից էլ չեն կարող ուրանալ սեփական ազգային և քաղաքակրթական ինքնությունը: Զիջել Դավիթ Գարեջիի հարցում՝ Վրաստանի համար փաստացի նշանակում է հաշտվել երկրի հարավ-արևելյան շրջանների վերջնական թուրքացման հետ՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ: Ի՞նչ օրակարգով է Ադրբեջան ուղևորվելու Վրաստանի վարչապետ Գախարիան: Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս պատրիարքի՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդին ուղղված նամակը, կարծես, կանխորոշում է Վրաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի սպասվող բանակցությունների տոնայնությունը:

Վրացական կողմը հստակ ձևակերպել է, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրն ամբողջությամբ պետք է գտնվի Վրաստանի իրավազորության տարածքում: Ադրբեջանը պնդում է, որ վանական համալիրը պետք է բաժանվի երկու ենթակայական տարածքի: Վրաստանի վարչապետին կհաջողվի՞ Իլհամ Ալիևին համոզել, որ վաղ միջնադարյան քրիստոնեական մշակույթի հուշարձանը վրացական ինքնության կնիքն է և պետք է վերապահվի վրացական կառավարման: Ի՞նչ հակափաստարկներ կարող է բերել Ադրբեջանի նախագահը: Ի՞նչ նախապայման է դնելու նա Վրաստանի վարչապետի առջև: Հարցադրումներին պատասխան հնարավոր կլինի ունենալ Վրաստանի վարչապետի Ադրբեջան այցից հետոՆախապատրաստվում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան արտգործնախարարների մակարդակով հանդիպում, որը կարող է շրջադարձային լինել: Այդ ձևաչափը Վրաստանի կենսական շահերն այլևս չի բավարարում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ