Վրաց-ադրբեջանական «պայթյուն»

vrac-adrbejanakan-paytyoun

Վրաց-ադրբեջանական հարաբերություններում նկատելի սառնության մասին գրելու առիթներ արդեն ունեցել ենք: Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ երկու երկրների միջեւ առաջացել է տարաձայնությունների մի ամբողջ կծիկ, կապված՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական խնդիրների հետ:

Ադրբեջանական քարոզչությունը բաց տեքստով վրացական իշխանություններին մեղադրում է իրենց տարածքում, այսպես կոչված, հակաալիեւյան ընդհատակի համար գործունեության բավարար պայմաններ ստեղծելու մեջ, ու դա համարում Իլհամ Ալիեւի դեմ թշնամական քայլ:

Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմը փորձել է հասնել նրան, որ ալիեւյան ռեժիմից դժգոհ եւ Վրաստանում ապաստան գտած հանրային գործիչները եւ լրագրողները, որոնցից շատերի դեմ Ադրբեջանում քրեական գործեր կան հարուցված, Թբիլիսիում ձերբակալվեն եւ արտահանձնվեն, սակայն վրացական իշխանությունները չեն ընդառաջել: Կան նաեւ վրաց-ադրբեջանական լարվածության այլ նշաններ: Երկու երկրների միջեւ պաշտոնական շփումների մակարդակն աննախադեպ իջել է:

Դրությունը, երեւում է, չի բարելավվել նաեւ Դավոսում Ադրբեջանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի հանդիպումից հետո: Այդ թեմայով, համենայն դեպս, փորձագիտական արձագանքներ չկան, ինչը վկայում է, որ կողմերը որեւէ սկզբունքային առաջընթացի չեն հասել: Վրաց-ադրբեջանական այս լարվածությունն ինչ-որ ձեւով պետք է դրսեւորվեր: Եվ ահա առիթը ներկայացել է:

Ըստ մամուլի հրապարակումների, օրերս Ախալքալակի մունիցիպալ տարածքում բացվել է Արցախյան պատերազմի զոհ Միքայել Ավագյանի հուշարձանը: Միջոցառմանը ներկա են գտնվել քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ: Արցախյան պատերազմի զոհ Միքայել Ավագյանի հուշարձանի կառուցումն, անկասկած, համաձայնեցված է տեղական իշխանությունների հետ:

Բայց այդ մասին տեղեկատվությունն ադրբեջանական մամուլում մի շարք հրապարակումների առիթ է հանդիսացել, քննարկվել նույնիսկ Միլլի մեջլիսի պատգամավորի մակարդակով: Այդ ամբողջ տեղեկատվության ենթատեքստում ակնհայտ է ադրբեջանական կողմի սուր դժգոհությունը վրացական իշխանություններից: Թեման, պարզվում է, ունեցել է զարգացում: Հունվարի 24-ին Վրաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դուրսուն Հասանովը ներկայացել է Վրաստանի ԱԳՆ եւ ներկայացրել Ադրբեջանի դժգոհությունը եւ բողոքը՝ Ախալքալակում Միքայել Ավագյանի հուշարձանի բացման փաստի կապակցությամբ:minval.az/news/123858366

Նույն օրն Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն հրավիրվել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան պաշտոնական բողոք է ներկայացվել, ինչպես նաեւ պահանջ՝ ,,ձեռնարկել անհետաձգելի միջոցներ՝ վերացնելու նշված միջադեպը,,: Ասվածից հասկացվում է, որ Ադրբեջանը Վրաստանին ներկայացրել է Ախալքալակում Միքայել Աավգյանի հուշարձանն ապամոնտաժելու պահանջ: Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունից չի երեւում, թե Վրաստանի դեսպանն ինչպե՞ս է արձագանքել իրեն ներկայացված պահանջին կամ ի՞նչ պատասխան է ստացել Ադրբեջանի դեսպանը Վրաստանի ԱԳՆ-ում:

Այդուհանդերձ, հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է մի կրակոցով երկու թիրախ խոցել՝ հասնել Միքայել Ավագյանի հուշարձանի ապամոնտաժմանը եւ լարվածություն սադրել հայ-վրացական հարաբերություններում: Հասկանալի է, որ եթե վրացական իշխանությունները փորձեն ընդառաջ գնալ Ադրբեջանի պահանջին, ապա տեղի հայ բնակչությունը բողոքի ալիք է բարձրացնելու եւ պաշտպանելու է հերոսին մեծարելու իր իրավունքը: Տրամաբանական է պատկերվում, որ վրացական կողմը կբավարարվի Ադրբեջանին հասցեագրած դիվանագիտական պատասխանով: Այդ դեպքում վրաց-ադրբեջանական հարաբերությունների սառնությունն ավելի կկարծրանա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ