Վրաց-ադրբեջանական խզում

vrac-adrbejanakan-xzoum

Մարտի 1 -ից ուժի մեջ կմտնի Վրաստան մատակարարվող բնական գազի գինը 10,5 տոկոսով բարձրացնելու՝ Ադրբեջանի որոշումը: Ոչ ոք չի կասկածում, որ հիմքում ոչ թե տնտեսական նպատակահարմարությունն է, այլ՝ քաղաքական հաշվարկը:

Պաշտոնական Բաքուն փորձում է ցույց տալ, որ Վրաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա կարող է լուրջ ազդեցություն գործել եւ իշխող «Վրացական երազանքի» համար ստեղծել խնդիրներ: Չպետք է մոռանալ, որ Վրաստանում նախապատրաստվում են խորհրդարանական ընտրությունների: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ունի զգալի հանրային աջակցություն: Ադրբեջանն ակնհայտորեն խաղում է նրա դաշտում:

Ո՞րն է վրաց-ադրբեջանական ներկայիս լարվածության բուն պատճառը՝ մնում է միայն ենթադրել: Տպավորություն կա, որ «Վրացական երազանքը» ձգտում է երկիրը դուրս բերել Ադրբեջանից կախվածությունից, ինչը Բաքվում ընկալում են որպես թուրք-ադրբեջանական ինտեգրացիան խաթարելուն ուղղված աշխարհաքաղաքական կողմնորոշում: Ադրբեջանական մամուլը վերջին շրջանում Վրաստանի մասին հրապարակումներում դիմում է նախկին նախագահ Սաակաշվիլիի կողմնակից մեկնաբանների օգնությանը, որոնք տարակուսանք են հայտնում «Վրացական երազանքի» քայլերից, իսկ երբեմն էլ խիստ քննադատում գործող իշխանություններին՝ Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքից հետքայլ կատարելու համար:

«Եթե Վրաստանը Հայաստանին տրանսպորտային լրացուցիչ միջանցք տրամադրի, ապա Ադրբեջանը պետք է վերանայի այդ երկրի հետ հարաբերությունների ամբողջ համալիրը»,- տեսակետ են հայտնում ադրբեջանցի փորձագետները: Խոսքը ռուս-վրացական համաձայնագրի մասին է, ըստ որի, կարող են բացվել Աբխազիայով եւ Հարավային Օսեթիայով բեռնափոխադրումների ուղիները: Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանը կունենա Ռուսաստանի հետ հաղորդակցության ավելի հուսալի հնարավորություն: Այս հեռանկարը հունից հանում է Ադրբեջանի իշխանություններին, որոնք տարիներ շարունակ վրացական կողմին հորդորել են միանալ Հայաստանի շրջափակմանը եւ մեկուսացմանը:

Վրաց-ադրբեջանական սառնությունն առայժմ քաղաքական հարթությունում չի դրսեւորվում: Ադրբեջանական կողմը, հավանաբար, սպասում է պաշտոնական Թբիլիսիի հաջորդ քայլերին: Բայց տեղեկատվական մակարդակում Բաքուն դժգոհություն արտահայտելու առիթներն օգտագործում է, ինչպես ասում են, ամբողջ ծավալով:

Օրերս Վրաստանի ադրբեջանական կառույցները դիմել են Թբիլիսիի քաղաքապետարանին՝ Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույց կազմակերպելու արտոնության խնդրանքով: Առիթն Ախալքալակի մունիցիպալ տարածքում Արցախի պատերազմի զոհ Միքայել Ավագյանի հուշարձանի բացումն է: Ադրբեջանն այս առթիվ բողոքի պաշտոնական նոտա է հղել Վրաստանին: Վրաստանի ադրբեջանական կազմակերպությունները մտադիր են իշխանություններից պահանջել, որպեսզի Միքայել Ավագյանի հուշարձանն ապամոնտաժվի: Թբիլիսիի քաղաքապետարանը մերժել է բողոքի ցույց անցկացնելու՝ Վրաստանի ադրբեջանական համայնքի խնդրանքը: Նույն օրը նշված վայրում այլ միջոցառում էր արտոնված: ,,Մենք մտադիր ենք վերստին դիմել Թբիլիսիի քաղաքապետարանին,,- ադրբեջանական մամուլին հայտնել են ակցիայի կազմակերպիչները: Ինչպիսի՞ն կլինի Թբիլիսիի քաղաքապետարանի արձագանքը՝ դժվար է ասել: Ակնհայտ է, որ Վրաստանի ադրբեջանական համայնքն ուղղորդվում է Բաքվից:

Ըստ երեւույթին, Ադրբեջանում հաշվարկել են, որ նման ակցիան կարող է Վրաստանի մայրաքաղաքում հանգեցնել հայ-ադրբեջանական որոշակի դիմակայության, ինչը լրացուցիչ խնդիրներ կստեղծի Վրաստանի իշխանությունների համար: Տեղեկատվական ազդակներ չկան, որ Վրաստանը եւ Ադրբեջանը պատրաստվում են որեւէ մակարդակով քննարկել ծագած խնդիրները: Ըստ երեւույթին, Բաքվում սպասում են, որ նախաձեռնությամբ հանդես կգա վրացական կողմը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ