Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Վրաստանը կհանձնվի՞

vrastane-khancnvi

  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել վրաց-ադրբեջանական սահմանազատումն ամենամոտ ապագայում ավարտին հասցնելու մասին հայտարարությամբ: Նա ասել է, որ այդ հարցով խորհրդատվություններ է ունեցել Վրաստանին բարեկամ երկու երկրի հետ: Զուրաբիշվիլին չի մանրամասնել, թե խոսքը ո՞ր երկրների մասին է:

Անմիջապես հետեւել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, վրաց-ադրբեջանական սահմանազատման հարցերով ադրբեջանական կողմի հանձնաժողովի նախագահ Փալափովի արձագանքը: Ադրբեջանցի դիվանագետը հիշեցրել է խորհրդային ժամանակաշրջանի վարչական սահմանների մասին, որոնք Վրաստանի եւ Ադրբեջանի անկախացումից հետո դարձել են պետական, եւ այդպիսին էլ կան այսօր:

Խալափովը նաեւ ավելացրել է, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրը մի մասով Վրաստանի, մյուսով Ադրբեջանի տարածքում է, եւ կողմերը սուվերեն իրավունք ունեն այնտեղ իրականացնելու ցանկացած աշխատանքներ: Ակնարկը վերաբերում է վրացական հանրության շրջանում մեծ արձագանք գտած տեղեկատվությանը, որ վանական համալիրի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող հատվածում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ: Որպես բողոքի նշան` վրացական հանրային շրջանակների ներկայացուցիչները համալիրի վրացական կողմում իրականացրել են բողոքի ակցիա` կենդանի պատ են կազմել եւ հնչեցրել Դավիթ Գարեջիի պատմամշակութային նշանակության մասին կարգախոսեր: Երեւում է, ադրբեջանական կողմը մտադիր չէ ընդառաջելու Վրաստանին, որն առաջարկում է կատարել տարածքային փոխանակում, որպեսզի վաղ միջնադարյան վանական համալիրն ամբողջովին անցնի վրացական վերահսկողության տակ: Խնդիրն, այսպիսով, դուրս է գալիս զուտ տարածքային սահմանազատման հարթությունից եւ ստանում տվյալ տեղաշրջանում վրաց-ադրբեջանական ազգային ինքնության շուրջ քաղաքակրթական բանավեճի իմաստ:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Վրաստանի հարավ-արեւելյան շրջանները, ներառյալ Թբիլիսի մայրաքաղաքը, համարվում են «վաղնջական թյուրքական հողեր»: Նույն տեղում Դավիթ-Գարեջիի վանական համալիրն անվանվում է «աղվանական մշակույթի հուշարձան»: Ադրբեջանում համարում են, որ իրենք են Կովկասյան Աղվանքի ժառանգորդը: Դավիթ-Գարեջիի վանական համալիրը վրացական ինքնության համար ունի սկզբունքային նշանակություն: Եթե խնդրին դիվանագիտական լուծում չգտնվի, ապա բանավեճը կարող է խորանալ եւ ստանալ քաղաքական դիմակայության երանգ:

  Վանական համալիրը գտնվում է մի տեղաշրջանում, որտեղ ներկայումս վրացական բնակչություն գրեթե չկա: Վրաստանի այդ հատվածում գերակշիռ մեծամասնություն են կազմում էթնիկ ադրբեջանցիները: Արդեն տեւական ժամանակ է, գործում է ,,Բորչալու,, հայրենակցական միությունը, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխանությունների եւ քաղաքական շրջանակների հետ: Ոչ պաշտոնապես տեղաշրջանում Բաքվի ազդեցության գործակալ է հանդիսանում Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Աբդուլլաեւը, որը Մառնեուլիի շրջանում իրականացնում է սոցիալ-տնտեսական եւ հումանիտար ծրագրեր: Վրաստանում, ըստ երեւույթին, զգացել են այդ նախաձեռնություններից բխող քաղաքական վտանգը, այն, որ ,,Բորչալու,, հայրենակցական միությունը ցանկացած հարմար պահի կարող է վերակազմավորվել քաղաքական կառույցի եւ առաջ մղել տեղաշրջանը Վրաստանից անջատելու շարժում:

Այդ է պատճառը, որ Դավիթ-Գարեջիի վանական համալիրի նկատմամբ լիարծեք վերահսկողության հաստատումը Վրաստանի համար ձեռք է բերում չափազանց սկզբունքային նշանակություն: Իրավիճակն, ըստ երեւույթին, ծայրահեղորեն լարվում է: Խնդրի շուրջ հատուկ հայտարարություն է տարածել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի կարծիքով` վրաց-ադրբեջանական հակասությունները սադրում է մի երրորդ ուժ: Կաթողիկոս-պատրիարքը դիմել է Ադրբեջանի իշխանություններին` հորդորելով ցուցաբերել ըմբռնողություն: Ադրբեջանական կողմից այդ կոչին արձագանք դեռեւս չի եղել:

Դրա փոխարեն ադրբեջանական քարոզչությունը դիմել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օգնությանը: Վերջինս հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ` կարգավորելու Դավիթ-Գարեջիի շուրջ դիվանագիտական ճգնաժամը: Սաակաշվիլին Վրաստանի կառավարությանը մեղադրել է Ադրբեջանից գումարներ շորթելու մեջ, ինչին էլ, նրա կարծիքով, պատճառ է դարձել, որ Բաքուն դադարի հարգել Թբիլիսիին: Այսպես, թե այնպես` ոչ ոք այլեւս չի թաքցնում, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն կա: Կողմերից յուրաքանչյուրը պնդում է իր մոտեցումը: Բայց Վրաստանը զիջելու տեղ չունի: Եթե Դավիթ-Գարեջիի վանական համալիրի խնդիրը կարգավորվի ադրբեջանական վարկածով, ապա Վրաստանի հարավ-արեւելքին սպասում է ադրբեջանական ավելի ծավալուն էքսպանսիա` մոտակա տասնամյակների կտրվածով տեղաշրջանը Վրաստանից անջատելու հեռանկարով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ