Վրաստանը փորձում է աստիճանաբար հաղթահարել Ադրբեջանից կախվածությունը

vrastane-porcoum-e-astijanabar-haxtaharel-adrbejanic-kaxvacoutyoune

Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, երեւում է, մտնում են փորձության շրջան: Անցած տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնում ընտրվելու կապակցության չշնորհավորեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, վերջինիս երդմնակալության արարողությանը ներկա էր միայն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովը:

Մեկնաբանների ուշադրությունից դա չվրիպեց, եւ նրանք արձանագրեցին, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները նախկին մակարդակի չեն: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնող Վրաստանը փորձում է աստիճանաբար հաղթահարել Ադրբեջանից կախվածությունը, որը նախկին նախագահ Սաակաշվիլիի ոչ կշռադատված քաղաքականության հետեւանքն է: Վրաստանի տարածքով են անցնում Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում գազատարը եւ Բաքու-Կարս երկաթուղին:

Ադրբեջանական քարոզչությունը դրանք ներկայացնում է որպես Վրաստանին ցուցաբերած մեծ բարություն: Իրականությունը, մինչդեռ, այն է, որ սեփական էներգակիրների տարանցման այլ ճանապարհ Ադրբեջանը պարզապես չունի: Եւ Վրաստանին համեմատաբար էժան գնով գազի եւ նավթամթերքների մատակարարումը, պարզապես, փոխհատուցում է այն պատրաստակամության դիմաց, որ պաշտոնական Թբիլիսին ցուցաբերել է ադրբեջանական նախագծերի հանդեպ:

Բայց վերջին շրջանում վրացական կողմն սկսել է, ինչպես ասում են, ատամ ցույց տալ: Վրացական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ տեղական հասարակական կազմակերպություններից մեկի նախաձեռնությամբ իրականացվել է ադրբեջանական Socar պետական նավթային ընկերության արտադրության դիզելային վառելիքի լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքները պարզապես շոկի են մատնել վրացական հանրությանը: Պարզվում է, որ Վրաստանով մեկ տարածում գտած՝ Socar-ի լցակայաններում իրացվող դիզելային վառելիքը տեխնիկական ոչ մի ստանդարտի չի համապատասխանում: Այդ վառելիքով լիցքավորված մեքենաներն ուղղակի աղետ են շրջակա միջավայրի համար: Խնդիրը լայն հնչեղություն է ստացել հատկապես Թբիլիսիում՝ կապված հասարակական տրանսպորտի հետ:

Ադրբեջանական կողմի արձագանքը չի ուշացել: Socar-ի լրատվական ծառայությունը վրացական հասարակական կազմակերպության նախաձեռնությունը որակել է սադրանք եւ վստահեցրել, որ Վրաստանում իրացվում է տեխնիկական ստանդարտներին համապատասխանող դիզելային վառելիք: Ադրբեջանն, իհարկե, չէր կարող պաշտոնապես խոստովանել, որ տարիներ շարունակ հարեւան երկիր է մատակարարել անորակ դիզելային վառելիք եւ բենզին: Խնդրի նրբությունն, ըստ երեւույթին, նրանում է, որ Վրաստանը ցանկանում է առնվազն սահմանափակել Ադրբեջանի պետական նավթային ընկերության տնտեսական հետագա էքսպանսիան իր տարածքում: Վրաստանը խորացնում է Եվրամիության հետ տնտեսական ինտեգրացիան եւ պետք է վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունների ողջ համալիրը:

Առաջին քայլերն, ինչպես կարելի է ենթադրել, արվում են Ադրբեջանի պետական նավթային ընկերության ուղղությամբ, որի առջեւ խնդիր է դրվում Վրաստան մատակարարել եվրոպական ստանդարտներին համապատասխանող նավթամթերքներ: Ունի՞ իր նավթավերամշակող արդյունաբերությունը վերազինելու հնարավորություն Ադրբեջանը: Ակնհայտորեն՝ ոչ, որովհետեւ, որքան էլ զարմանալի հնչի, նավթով հարուստ այդ երկիրն ինքն է բարձր որակի բենզին եւ դիզելային վառելիք ներկրում այլ երկրներից: Փաստացի Վրաստանը դնում է ադրբեջանական Socar-ի մարկենտինգային մենաշնորհից ազատվելու խնդիր: Դա առայժմ տնտեսական խնդիր է:

Բացառված չէ, սակայն, հարցն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ: Իրավիճակին ազդում են նաեւ պատահարները: Օրերս Թբիլիսիում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների, որոնք այդ պահին զբաղված էին վարձու աշխատանքով: Միջադեպն, իհրակե, ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, բայց բոլոր դեպքերում նստվածք անպայման տալու է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ