Վրաստանն անդառնալիորեն հեռանու՞մ է Ադրբեջանից

vrastann-andarnalioren-heranoum-e-adrbejanic

Դավիթ Գարեջիի վանահայր Կիրիոնը ֆեյսբուքյան գրառում է արել և տեղեկացրել, որ ադրբեջանցի սահմանապահները փակել են ուխտավորների մուտքն Ուդոբնո եկեղեցի: Ադրբեջանական կողմը վրաց հոգևորականի գրառումը համարել է «սադրիչ»: Վրաստանի արտգործնախարարությունը, սակայն, պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ փաստացի հաստատել է Կիրիոն վարդապետի մտահոգությունը և միաժամանակ ավելացրել, որ վրացական կողմն էլ իր հերթին մեծացրել է սահմանապահների թվաքանակը: Բաքվում «ոչ կառուցողական» են որակել դեպի Դավիթ Գարեջիի վանական համալիր ճանապարհը հիմնանորոգելու Վրաստանի որոշումը: Ադրբեջանական մամուլն իրեն թույլ է տվել հեգնել, թե շուրջ երկու միլիոն դոլարը, որ Վրաստանը ներդնում է այդ ծրագրում, կարելի էր ծախսել այլ, ավելի գործնական նշանակության որևէ ծրագրում և ակնարկել, որ հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո-Քարթլիի տեղաշրջանում «ենթակառուցվածքները պարզապես աղետալի վիճակում են»:

Առաջիկայում նախատեսվում է Թբիլիսիում գումարել սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստ: Ամեն ինչից երևում է, որ արդյունավետ և, մանավանդ, փոխզիջումային մթնոլորտի հավանականությունը քիչ է: Նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է վերջնականապես ճշտի իր սահմանները: Ադրբեջանում դա ընակալվել է որպես «վերջնագրային պահանջ»: Որոշ փորձագետներ, որոնց թվում է նաև նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը, առաջարկում են Դավիթ Գարեջիի վանական համալիրը ճանաչել «վրաց-ադրբեջանական պատմա-մշակութային հուշարձան և համաձայնել համատեղ կառավարման հարցում՝ համալիրը դարձնելով արգելոց»: Երևում է՝ վրացական կողմում այդ գաղափարից խանդավառված չեն: Վանական համալիրը Վրաստանի համար տվյալ տեղաշրջանում ազգային ինքնության արտեֆակտի արժեք ունի, և Թբիլիսին, կարծես, մտադիր չէ այդ հարցում տեղի տալ: Կարելի է վստահաբար ենթադրել, որ Վրաստանը պնդելու է սահմանազատման այնպիսի տարբերակ, երբ վանական համալիրն ամբողջապես կգտնվի իր ինքնիշխանության ներքո: Վրացական կողմն, ըստ երևույթին, առաջարկում է սահմանի այլ հատվածներում համարժեք տարածք զիջել Ադրբեջանին: Իրավիճակն, այսպիսով, բարդ է: Եվ լիցքաթափման հեռանկարը՝ չափազանց մշուշոտ:

Ամենայն հավանականությամբ, անցել են այն ժամանակները, երբ Ադրբեջանը կարողանում էր «փափուկ ուժի» կիրառմամբ Վրաստանում հասնել ցանկալի որոշումների, ինչպիսին, օրինակ, Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու տեղադրումն էր: Վրաստանի ներկայիս իշխանությունները համագործակցության և բարեկամության մասին ավելի իրատեսական և սեփական ազգային շահերը չզոհաբերելու գերակայության պատկերացում ունեն: Այս հարցերում Թբիլիսին հաջողությամբ գործողության մեջ է դնում Եվրամիության հետ ինտեգրացման գործոնը: Մասնավորապես, Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որով 2020թ. հունվարի 1-ից կդադարեցվի երկրի տարածք Եվրո-4 մակնիշի դիզելային վառելիքի ներկրումը: Դա հիմնավորվում է Եվրամիության հետ ինտեգրացիայով: Եվրամիության տարածքում օգտագործվում է Եվրո-5 մակնիշի դիզելային վառելիք: Չնայած գործադրված ջանքերին և տարածած քարոզչությանը՝ Ադրբեջանի նավթավերամշակող արդյունաբերությունը չի կարողանում ստանալ այդ ստանդարտի դիզվառելիք: Վրաստանի կառավարության որոշումն, այսպիսով, գործնականում նշանակում է վառելիքի շուկայում արգելք ադրբեջանական արտադրության դիզվառելիքի ներկրման և իրացման վրա: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Վրաստանում ունի դուստր ձեռնարկություն, որը երկրի ամբողջ տարածքում ստեղծել է լցակայանների ցանց և տարեկան շուրջ մեկ միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ունի: Վրաստանի կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկիրը դիզվառելիք կսկսի ներկրել, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից: Ադրբեջանական դիզվառելիքի ներկրումը կդադարեցվի: Այս որոշումը Բաքվի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լրջագույն հետևանքներ կունենա: Դա կնշանակի, որ Վրաստանը քաղաքակրթական վերջնական շրջադարձ է կատարում և դուրս է գալիս ադրբեջանական «եղբայրական օգնության» ազդեցությունից:

Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում Վրաստանի կառավարության որոշումը պարզապես խուճապ է առաջացրել: Մանավանդ որ այն ընդունվել է Վրաստան Հայաստանի արտգործնախարարի այցից մի քանի օր հետո: Ադրբեջանցի վերլուծաբաններն այստեղ տեսնում են «հայկական լոբբիի ձեռագիրը»: Այլ տպավորություն են փոխանցում ավանդաբար ադրբեջանամետ տեսակետներով հայտնի վրացի մեկնաբանները: Նրանցից Գելա Վասաձեն կարծում է, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Իվանիշվիլին միլիարդավոր դոլարի հասնող բիզնես-նախագծեր է իրականացնում ռուս գործընկերների հետ և կառավարությանը պարտադրել է ադրբեջանական դիզվառելիքը փոխարինել ռուսականով: Ավելի կտրուկ հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Ուսուպաշվիլին, ըստ որի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումը Վրաստանի համար նշանակում է «ամեն ինչ կորցնել»:

Հստակ է, որ այդ նման տեսակետ արտահայտողները գտնվում են ադրբեջանական ազդեցության տակ, իսկ կառավարությունը Վրաստանը տանում է դեպի Եվրամիության հետ վերջնական ինտեգրացիա՝ միաժամանակ պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ակնհայտ է, որ Վրաստանի քաղաքական էլիտան տագնապած է երկիրը թուրք-ադրբեջանական ազդեցությանը հանձնելու նախկին իշխանությունների քաղաքականության հետևանքներից և իրավիճակը շտկելու համար ոչ մի ջանք չի խնայում: Վրաց-ադրբեջանական ռազմավարական նույնականացման ծրագիրը, որի հովանավորը և սպասարկողը Թուրքիան է, վերանայվում է ըստ վրացական ազգային ինքնության գերակայության, և վրաց-ադրբեջանական խզումն այլևս իրականություն է:

Լրահոս

Նմանատիպ նորություններ